Մկրտիչ Մինասյանը շատ վտանգավոր է համարում, որ ձեռք բարձրացվեց «Լեռնցիների պարի» վրա

14:27, 29 ապրիլի, 2013

«Չեմ թաքցնում՝ նկատելի է ինչ-որ առաջխաղացում պարոն Մարգարյանի (Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան - խմբ.) կողմից այս վերջին տարիներին: Բայց նաև կան այնպիսի բաներ, որոնք նույնպես պետք է ասվեն: Եթե Փակ շուկայի վիճակն այսպես պիտի շարունակվի, ես չգիտեմ, թե էլ ինչ հավատով պետք է նայեմ ապագային»,- ասուլիսի ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա կարծիքով՝ կարելի է բակերը կանաչապատել. բակերը միշտ էլ պետք է կանաչապատել: Դրանք հերոսություններ չեն, որ արվում են: Բակերը քաղաքացիների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար են: Դրանք բնակիչների կողմից օգտագործվելու համար են, ոչ թե մեծ կառույցներով խտացվելու:

Խոսելով «Դվին» հյուրանոցի մասին՝ Մինասյանն իրավիճակը որակեց ողբերգական, իսկ հյուրանոցի առջևում տեղադրված «Լեռնցիների պար» արձանախմբի տեղափոխելը՝ բարբարոսություն:

«Կարելի էր համակերպվել այն մտքի հետ, որ նոր սոցիալական հասարակարգում, անձերի պաշտամունքի գործոնը հաշվի առնելով, որոշ արձաններ քանդվեցին, բայց այս մեկը, որը բոլորի կողմից սիրված արձան էր, մարմնավորում էր հայ ժողովրդի միասնականությունը, որն արտահայտվում էր պարի միջոցով: Շատ վտանգավոր է, երբ մենք դրա վրա ենք ձեռք բարձրացնում: Ինչպե՞ս կարելի էր այդ կերպ այլանդակել, թալանել, ջարդել և փշրել: Եվ խնդիրն այն է, որ որևիցե մեկը չի պատժվել»,- նշեց ճարտարապետների միության նախագահը: