Արտավազդ Փելեշյանի լռությունը

14:24, 9 նոյեմբերի, 2012

Պարոն Փելեշյան, այնուամենայնիվ, Ձեր ֆիլմերն այդքան խոսուն են, բայց դուք չեք խոսում, զրուցում մեզ հետ: Մի քանի հարց ունեի ձեզ:

Ի՞նչ խոսեմ: Ինչի՞ մասին խոսեմ: Ամեն ինչն արդեն ասել եմ ֆիլմերումս:

Ես կարող եմ ուղեկցել ձեզ մի քանի ժամով, ուղղակի կողքից դիտեմ, հասկանամ Ձեզ եւ Ձեր առօրյան:

Ու՞ր ուղեկցեք: Ուզու՞մ եք ժամադրեմ Ձեզ այսինքն:

Չէ, խոսքը դրա մասին չէ: Ուղղակի ուզում եմ նաեւ հասկանամ Ձեր լռության պատճառը:

Ես ինքս էլ չգիտեմ` էդ լռությունը որտեղից է գալիս: Բայց ես խոսել չեմ ուզում: Եթե ուղեկցել եք ուզում` նույնն է, թե նայեք իմ ֆիլմերը:

Արդեն որերորդ անգամ եմ նայում: Ֆիլմերը լուռ են, դուք լուռ եք...Բայց այնքան խոսուն բան կա:

Ես կոպիտ մարդ չեմ: Ուղղակի ասելու այլեւս բան չունեմ բացի ֆիլմերս:

Այս կարճատեւ զրույցը հրապարակելու եմ, վարպետ:

Հրապարակեք:

Արտավազդ Փելեշյանի հետ զրույցս, որին մեկ ամիս շարունակ սպասել էի, այսքանով ավարտվեց. այս պարագայում նույնիսկ լրագրողական մասնագիտական հարցադրումներն ու հարց տալու հակումները մի պահ կանգ առան: Դանդաղ քայլերով Փելեշյանը քայլում է մաեստրո Տիգրան Մանսուրյանի եւ կնոջ ուղեկցությամբ: Թվում է` ֆիլմերի հեղինակն անդադար կարող է խոսել այդքան մեծ լսարան վայելող պատկերների մասին, բայց վարպետը բացառեց բոլոր տեսակի հարցազրույցները:

Մինչ այդ ԵԹԿՊԻ ուսանողների եւ Փելեշյանի արվեստով հետաքրքրվողներին հնարավորություն էր ընձեռնվել հանդիպել նրա հետ: Հանդիպումն էլ աչքի ընկավ վարպետի լռությամբ: Ներկայացվեցին նրա ֆիլմերը, որոնցից առաջինը ուսումնական աշխատանքն էր, ապա «Տարվա եղանակները» ,«Վերջը» եւ «Կյանքը»:

Դահլիճը անընդհատ ծափահարում էր: Հանդիսատեսը, որ եկել էր շփվելու կինոաշխարհի լեգենդներից մեկի հետ, մի պահ նույնիսկ հարցեր տալու կարիք չուներ: Սակայն այն հարցերը, որոնք ուղղվեցին, Փելեշյանը յուրաքանչյուրին պատասխանեց մեկ ամփոփ նախադասությամբ` ճիշտ ֆիլմի կադրերի պես:

Ներկայացնում եմ ձեզ այն հարցադրումները եւ պատասխանները, որոնք հնչեցին հանդիպման ժամանակ:

Ինչպե՞ս որոշեցիք ռեժիսոր դառնալ:

Ավտոմատիկում էի աշխատում (խոսքը վերաբերում է Փելեշյանի Վանաձորում ապրած տարիներին):Աշխատողներով ֆիլմեր էինք նայում եւ հաջորդ օրը քննարկում: Իմ քննարկումը ոչ մեկին դուր չէր գալիս, որովհետեւ ես միշտ ուրիշ կարծիք ունեի: Բայց ներում էին...Ես էլ որոշեցի ռեժիսոր դառնալ, որ էլ խոսակցություն չլինի (ծիծաղում է Փելեշյանը) :

«Իմ ֆիլմերը երկար կապրեն, քանի որ լի են սխալներով»...Ես Ձեզ շատ եմ խնդրում բացատրեք` ավելի հասկանամ այս միտքը:

Ի՞նչը պետք է հասկանաք: Ասված է...Էլ ի՞նչ ասեմ:

Արդյոք արժե՞ վախենալ գաղափարի մեջ նյութի միջամտությունից :

Մի բան ասեմ ուսանողներին, մի վախեցեք ոչ մի բանից, բայց առաջին ֆիլմում անպայման ամեն ինչ ներդրեք...Դա է որոշելու ձեր բախտը, ձեր հետագան:

Ինչպե՞ս եք համադրում երաժշտությունը պատկերի հետ:

Ես մոնտաժ չեմ անում պատկերը երաժշտության հետ: Ես մոնտաժ եմ անում պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ:

Ի՞նչ ֆիլմեր եք դիտում: Հետաքրքիր ֆիլմեր տեսնու՞մ եք:

Այո, տեսնում եմ:

Հայկական արդիական ֆիլմերի մե՞ջ էլ:

Ոչ: Ես կարող եմ ասել էդ ֆիլմերը` ռուսական, ամերիկական եւ չինական. Тихий Дон, Крестный отец, История китайских призраков...Սրանք են իմ սիրելի ֆիլմերը:

Մի քանի նախադասությունով կպատմե՞ք ձեր մոնտաժային սկզբունքների մասին:

Ես ուրիշ սկզբունք ունեմ: Ինձ կադրերի միացնելը չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է դրանք բաժանելն իրարից` հեռավորության վրա դնել եւ նրանց մեջտեղը օգտագործել ուրիշ պատկերներ: Իմ կարծիքով հեռավորության վրա գտնվող պատկերները իրար մեջ ավելի ուժեղ են խոսում եւ ոչ միայն իրար մեջ են խոսում, այլ խոսում են մինչեւ իսկ իրենց միջեւ ընկած բոլոր պատկերների հետ: Դա է մեխանիզմը:

Ինչպե՞ս են ընտրվել այն հուզական պատկերները, որոնք առկա են ձեր ֆիլմերում:

Օրինակ, ասենք, նկարում էինք լեռնաշխարհը: Հորիզոնական ձեւով այն շատ գեղեցիկ էր, բայց ինձ պատկերը պետք էր ուղղահայաց: Էդպես էնքան գեղեցիկ էր, բայց ֆիլմի համար ուղղահայաց էր պետք: Օպերատորն ինձ համոզում էր, որ հորիզոնականն է գեղեցիկ. ասում եմ «հա, քեզ համար էդպես գեղեցիկ է, ինձ համար էլ...Բայց պետք է ուղղահայաց»...Ու էդպես ես օպերատորին էի բռնում, օպերատորը` տեսախցիկը:

Ձեր ֆիլմերում ամենուր մարդն է: Այսօրվա մարդու մեջ ի՞նչն է ձեզ հետաքրքրում:

Նորից կյանքն է հետաքրքրում՝ եւ այսօրվա, եւ վաղվա, եւ մյուս տարիների համարՈւրիշ էլ ի՞նչը պետք է հետաքրքրի:

Կինոն գրականությունից է սնվում: Այդպե՞ս է, վարպետ:

Կինոն ինքնուրույն արվեստ է. կինոն չի խմում ոչ գրականության, ոչ երաժշտության, ոչ էլ կերպարվեստի ջուրը, կինոն խմում է լրիվ առանձին տեղից վերցրած ջուր, որից խմում են գրականությունը, կերպարվեստն ու երաժշտությունը:

Նոր ֆիլմի սցենար ունե՞ք:

«Հոմոսափիենս»-ն է, որն արդեն ես տեսել եմ, մնում է դուք տեսնեք,-կատակով ասաց վարպետը,- եթե հաջողվի այդ ֆիլմը նկարել, իմ մնացած գործերը փոքրիկ էսքիզներ կթվան նրա առաջ:

Հ.Գ. Լուսանկարում` Արտավազդ Փելեշյանը եւ հրապարակման հեղինակը

Արտավազդ Փելեշյանը Հայաստան էր ժամանել ԵԹԿՊԻ եւ «Հայ արտ սինեմա»-ի իրականացրած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերի» շրջանակներում վարպետության դաս անցկացնելու նպատակով: