Կիրակի, 25 օգոստոսի

ՀՌԱՀ-ը չի՞ կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը. «Ա1+»-ն ընդդեմ ՀՌԱՀ-ի



Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում կայացավ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձանաժողովի (ՀՌԱՀ) և որպես երրորդ կողմ` «Արմնյուզ» ՓԲԸ-ի դեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացրած բողոքի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ 2010թ.-ի հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցը՝ հանձնաժողովի 2010թ. դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշումը անվավեր ճանաչելու մասին, որով «Ա1+» հեռուստաընկերությանը մերժել էին եթեր տրամադրել:

Այսօրվա նիստին նախագահող դատավոր Արթուր Առաքելյանն ընթերցեց հայցվոր կողմի վերաքննիչ բողոքը և դրան բերված պատասխանը:

«Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանմասիհին նշում է, որ ՀՀ վարչական դատարանը գործը քննելիս թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնց արդյունքում կայացրել է անհիմն և անարդար վճիռ, որը ենթակա է բեկանման հետևյալ պատճառաբանությամբ. դատարանի կողմից «Լիցենզավորման» մասին ՀՀ օրենքի 29 հոդվածը անտեսելու հետևանքով խախտվել է «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքը, այն է՝ համաձայն «Լիցենզավորման» մասին ՀՀ օրենքի 29 հոդվածի 7-րդ մասի, լիցենզիայի հայտի մերժման դեպքում, «Մելտեքս» ՍՊԸ-ն կրկին հայտ ներկայացնելու իրավունք ուներ: Սակայն ՀՌԱՀ-ը, որպես վարչական վարույթի մարմին, չի առաջնորդվել ո՛չ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքով նախատեսված պարտականություններով, ո՛չ էլ «Լիցենզավորման մասին» օրենքի պահանջներով:

Պատասխանողի ներկյացուցիչ Արտակ Սարգսյանը, ի պատասխան բերված բողոքին, նշեց, որ «Լիցենզավորման» մասին օրենքի 29-րդ հոդվածը հակասում է «Իրավական ակտերի մասին» օրենքին և սույն իրավահարաբերության համար կիրառելի չէ:

Բողոքարկող կողմը շարունակում է՝ պնդելով, որ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, հանդիսանալով հանձնաժողովի անդամներից մեկը, նկատել է «Մելտեքս» ՍՊԸ-ի  կողմից ներկայացված մրցութային փաթեթում անհամապատասխանությունը և ներքին կարգով` աշխատակազմի միջոցով կատարել է պաշտոնական հարցումներ «Մելտեքս» ՍՊԸ-ի մրցութային փաթեթում տեղ գտած ֆինանսական փաստաթղթերի վերաբերյալ՝ առանց  մյուս անդամներին տեղյակ պահելու: Այսինքն Գ.Ամալյանը, դուրս գալով իր` հանձնաժողովի անդամ լինելու կարգավիճակից, հանդես է եկել որպես ՀՌԱՀ-ի նախագահ:

Պատասխանողը նշում է, որ կոլեգիալության սկզբունքով ամենևին էլ չի նշանակում, որ Գ.Ամալյանը, լինելով հանձնաժողովի անդամ, իրավունք չուներ հարցադրումներ կատարելու: Հանձնաժողովի յուրաքանչյուր մասնակից իրավասու է ձեռնարկելու գործողություններ՝ վարչական վարույթում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Ըստ «Մելտեքս»-ի ներկայցուցչի` ՀՌԱՀ-ը պարտավոր էր արտահերթ նիստ հրավիրել, որի օրակարգը լինելու էր «Մելտեքս» ՍՊԸ-ի կողմից մրցութային փաթեթում կեղծ և անհիմն փաստաթղթերի քննարկման հարցը: Սակայն նմանատիպ որոշում առկա չէ: Այն փաստը, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի «Ա1+» հեռուստաընկերության մրցութային փաթեթը 7 անձանց կողմից գնահատվել է 0, և մեկի կողմից` 2 միավոր, վկայում է այն մասին, որ ՀՌԱՀ-ը չի կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը:

Բողոքարկող կողմի այն պնդմանը, որ Հանձնաժողովը պետք է արտահերթ նիստ հրավիրեր, պատասխանողը նշում է, որ մինչև վանկանշային քվեարկությունը հանձնաժողովի անդամները մրցութային հայտերի և փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում և չեն հրապարակում իրենց դիրքորոշումները:

16.12.2010 թ. ՀՌԱՀ-ի կողմից Աննա Տանիելյանի ֆինանսական հավաստագրի անհիմն լինելու մասին հայտարարությունից հետո, վերջինս չորս օրվա ընթացքում կրկին ներկայացրել է ֆինանսական հավաստագիր՝ կնքված և ստորագրված, որով նա վերահաստատել է իր մտադրությունը՝ տրամադրելու 280.000 եվրո գումար: Դատարանն այս փաստաթուղթը մեկնաբանել է անընդունելի, քանի որ այն ներկայացվել է մրցույթից 4 օր հետո:

Պատասխանողը նշում է, որ Աննա Տանիելյանի կողմից առաջարկվող 280.000 եվրո գումարը ոչ միայն ստորագրված չէր տարբեր բարերարների անուններից, այլև առկա չէր վերջիներիս կողմից լիազորագրեր՝ իրենց անունից մասնակցելու համար:

«Մելտեքս» ՍՊԸ-ի համար պարզ չէ իր 0 միավոր գնահատելու հիմքը: Արդյոք ֆինանսների՞ անբավարարությունն է հիմք հանդիսացել, թե՞ կեղծ փաստաթղթերի առկայությունը:

Պատասխանող կողմը կարծում է, որ «Մելտեքս»-ի այն դիրքորոշումը, որ օրենսդրությամբ սահմանված 6 չափանիշներից մեկը՝ ֆինանսականը, ազդել է այլ չափանիշների անաչառ գնահատման վրա, սխալ է, քանի որ որոշման պատճառաբանական մասում Հանձնաժողովը մանրակրկիտ ձևով անդրադարձել է բոլոր 6 չափանիշներին:

«Մելտեքս» ընկերության ներկայացուցիչն ասում է, որ վիճելի որոշման վերջին էջում նշված է, որ «Արմնյուզ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը հիմնավոր են և կարող են ապահովել ընկերության կողմից առաջարկված եթերային հեռարձակումը: Սակայն որոշման մեջ չկա բավարար հիմնավորում, թե ինչու է «Արմնյուզ» ՓԲԸ-ն ստացել 6 միավոր, չկա նշում այն մասին, որ ՀՌԱՀ-ը ինչպես է եկել այն համոզմանը, որ «Արմնյուզ» ՓԲԸ-ն ունի հնարավորություն` համապատասխանելու «Ամերիա բանկ» ՓԲԸ-ի վարկավորման ընթացակարգի պայմաններին (500.000.000 վարկ): Ըստ բողոքաբերի՝ այս բոլորը հիմք են տալիս կասկածելու և ենթադրելու, որ «ՀՌԱՀ-ն այդ գործողությունները թաքցրել է ՀՌԱՀ-ի մյուս անդամներից, քանի որ առկա չէ այդ մասին շրջաբերական»:

Ի պատասխան ՝ Ա. Սարգսյանը նշում է, որ «Մելտեքս»-ի ներկայացուցիչը սույնով ավելացնում է իր հայցի հիմքը, որի իրավունքը վերաքննիչ ատյանում վերջինս չունի: Ավելին, այն փաստը, որ «Արմնյուզ» ՓԲԸ-ն սեփականության իրավունքով չի տիրապետում անշարժ գույքի, ամենևին դեռ հիմք չէ` եզրահանգելու, որ այդ վարկային միջոցները չէին տրամադրվի:

«Մելտեքս»-ի ներկայացուցիչ  Ալեքսանդր Սահակյանմասիհին դատարանից խնդրեց ամբողջությամբ բավարարել հայցը, բեկանել ՀՀ վարչական դատարանի վճիռը և փոխել այն` կայացնելով նոր դատական ակտ:

Այսպիսով, գործով դատաքննությունն ավարտվեց և դատական ակտի հրապարակմնա օր նշանակվեց փետրվարի 9-ը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված