Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Ն. Փաշինյան. «ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա հակամարտության կարգավորման գործընթացում»



Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացումը վերապահված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ելույթ ունեցավ ֆրանսերեն։ Վարչապետը հնչեցրեց գագաթնաժողովի կոչը՝ «Ապրել միասին», որն առաջարկել է Հայաստանը եւ ասաց, որ այն կարեւոր է այսօր՝ պոպուլիզմի եւ ծայրահեղականության աճի համատեքստում։

«Ատելության խոսքի եւ անհանդուրժողականության դրսեւորումների մեջ մենք ունենք բարոյական պարտավորություն դրանց հակադրելու «Ապրել միասին»-ը, դրա արժեքներն ու սկզբունքները եւ համախմբվել դրանք կյանքի կոչելու համար։ Պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել կայուն մարդկային զարգացման ձգտումը կյանքի կոչելու համար։ Այսպիսին է մեր առաջարկած կոչը, որը հզոր ուղերձ է՝ ժառանգված Ֆրանկոֆոնիայի հայրերի կողմից։

Երեւանի գագաթնաժողովն անդրադարձ կկատարի մեզ սպառնացող մի շարք մարտահրավերների, ինչպիսիք են խաղաղությունը, ժողովրդավարության եւ կայունության հարցերը, ահաբեկչության եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը, միգրացիայի հիմնախնդիրը, որոնք մեծ մարտահրավերներ են մեր մոլորակի համար։ Վստահ ենք, որ համամարդկային այս մարտահրավերների լուծումները պետք է գտնվեն բազմակողմանի հարթակում, քանի որ միասնական եւ համաձայնեցված միջազգային համագործակցության շնորհիվ կարելի է հաջողություն գրանցել նշված ոլորտներում։

Կցանկանայի հատկապես ընդգծել ֆրանկոֆոն տարածքի կոնֆլիկտները, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան հսկայական ջանքեր է գործադրում։ Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ հանցագործությունները։ Սա պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային ձեւաչափերը՝ հայտնելով մեր հանձնանռությունը հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

Դա նաեւ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, որի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով։

Խոսքը տասնամյակներ տեւող եւ բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին է։ Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան քսանհինգ տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող ԼՂ-ին եւ ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ Համոզված ենք, որ ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա հակամարտության կարգավորման գործընթացում եւ իր կարգավիճակը պետք է որոշի՝ հաշվի առնելով ԼՂ ժողովրդի կամարտահայտության իրավունքը։  

ԼՂ-ի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը, վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների եւ վայրագությունների զոհ, որ երկխոսության եւ ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում ԼՂ բնակչության ֆիզիկական գոյությունը։

Հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծման առանցքային եւ կարգավորման գործընթացի առաջմղման համար ներդրվող ջանքերն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ եւ համապարփակ համաձայնությունների ձեռքբերմանը, որը կենսական նշանակություն ունի հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված