Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

«Թավշյա տեղափոխություն» Անի խոշորացված համայնքում. պահանջում են Արտակ Գեւորգյանի հրաժարականը


Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոն համարվող Մարալիկ քաղաքում մոտ մեկ ամիս է համայնքի ղեկավարի պաշտոնաթողության շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը պահանջող բնակիչները 10-րդ օրն է շուրջօրյա հերթապահություն են սահմանել համայնքապետարանի մուտքի մոտ եւ «բարիկադային» պայքար են մղում՝ խաթարելով տեղական իշխանությունների եւ շենքում գործող մի քանի այլ կազմակերպությունների աշխատանքը: Պաստառներ, բարձր երաժշտություն, բասկետբոլ խաղացող դպրոցականներ, խումբ-խումբ կանգնած կամ նստած տղամարդիկ ու կանայք, աշխույժ եռուզեռ, որ ավելի շուտ բնութագրական է որեւէ հանրային միջոցառման, բայց ոչ սովորական աշխատանքային օրվա. «թավշյա հեղափոխության» բնորոշ տարրերը կիրառող ցուցարարներն իրենց սկսած շարժումը կոչում են «թավշյա տեղափոխություն»:

Համայնքի ղեկավարի պաշտոնաթողությունը պահանջող նախաձեռնող խմբի անդամ  Սեյրան Սուքիասյանը համարում է, որ Արտակ Գեւորգյանն իր գործունեությամբ չի արդարացրել մարալիկցիների հույսերը ոչ անցած 13 տարիների ընթացքում, երբ Մարալիկի քաղաքապետն էր, ոչ էլ ներկայում, երբ ընտրվել է Անի խոշորացված համայնքի ղեկավար: Ըստ Սեյրան Սուքիասյանի, ներկայիս համայնքապետի առավելությունն այն է, որ ՀՀԿ-ական է եւ հավատարմորեն ծառայել է կուսակցությանը:


Սեյրան Սուքիասյանը

«Իմ կարծիքով ով էլ էղներ իրա տեղը, պիտի աշխատեր, որովհետեւ էդ կուսակցությունը կղեկավարեր երկիրը: Մենք իրա ղեկավարման տարիներին որեւէ էական փոփոխություն չենք տեսել Մարալիկում ու հիմի մեր պահանջն է, որ ինքը հեռանա, չնայած հայտարարել է, թե մեր ուզածը չի էղնի, որ մենակ իրա դիակի վրայով ե այլն: Բայց ես կրնամ ըսեմ, որ մարալիկցիների 98 տոկոսն իրա հրաժարականը գուզե»,-զրույցում շեշտեց Սեյրան Սուքիասյանը՝ հավելելով, որ նախկինում հույս են ունեցել քաղաքի ղեկավարումը փոխել ընտրությունների միջոցով, սակայն մշտապես պարտվել են իշխող համակարգին:

«Ես էս ընտրություններին ձայնս տվել եմ Ձորակապ գյուղից առաջադրված թեկնածուին՝ Հակոբ Աղաբեկյանին: Ինքը Մարալիկի բամբամանվածքայինի տնօրենն էր, հետո սեփականատերը դարձավ ու միակ մարդն էր, որ թալանով չզբաղվավ: Էս ընտրություններին 5 թեկնածու կար, բայց էլի հաղթեց Գեւորգյանը, որովհետեւ ռեժիմն իրա կողմից էր: Ինքը կսե, թե 4000 ձեն ունիմ, դե եթե ըդքան վստահ է իրա վրա, թող հրաժարական տա, թող նորից ընտրություններ էղնի, թող առաջադրվի, տեսնինք էլի ըդքան ձեն կհավաքե, թե՞ չէ»,-նկատում է զրուցակիցս:


Ագուն Սաղաթելյանը

Ավագանու անդամ, Ձորակապ համայնքի բնակիչ Ագուն Սաղաթելյանի համոզմամբ խոշորացված համայնքում ավագանու ինստիտուտը կայացած չէ: Ագուն Սաղաթելյանն առաջին անգամ է ընտրվել ավագանու անդամ, սակայն իր պնդմամբ լավ է պատկերացնում նրա դերն ու նշանակությունը: «Մեր նիստերի ժամանակ գրեթե քննարկում չկա: Ավագանու նիստերը կտեւեն ժամ, ամենաշատը ժամուկես, հիմնականում հարցերին կողմ քվեարկելով կանցնի, որովհետեւ մեծ մասը ավագանու անդամներից համայնքապետի թիմի մարդիկ են,-ասում է Ագուն Սաղաթելյանը,-ես էղել է, որ հակառակ տեսակետ եմ հայտնել, վեճ է առաջացել, քաղաքապետն անմիջապես դրել է քվեարկության ու իմ առաջարկը չի անցել»:

Դժգոհող մարալիկցիների համայնքապետի պաշտոնաթողության պահանջի հիմքում Արտակ Գեւորգյանի կուսակցական պատկանելիությունն է եւ աշխատաոճը: Մեր զրուցակիցներից որեւէ մեկը փաստարկված որեւէ կոռուպցիոն գործողություն՝ իրականացրած համայնքի ղեկավարի կողմից, չմատնանշեցին: Ագուն Սաղաթելյանն ու Սեյրան Սուքիասյանը միայն հիշեցին մեկ տարի առաջ հրապարակի կենտրոնում հայտնված քարե գորգի շինարարության մրցույթի հետ կապված պատմությունը, երբ հավանությունը տրվել է ավելի թանկ գին մատնանշած շինկազմակերպությանը, որ ղեկավարում է Արտակ Գեւորգյանի մորաքրոջ ամուսինը՝ Կարո Առաքելյանը:

«Սա կարելի է համարել նախընտրական գորգապատում, որովհետեւ սկսեցին աշխատանքներն օգոստոսին ու ընտրություններից մի քանի օր առաջ ավարտեցին,-ասում է Ագուն Սաղաթելյանը,-կարծեմ 13 մլն դրամի աշխատանք է արվել, չնայած մրցույթին ավելի էժան գին էլ է առաջարկված եղել մասնակիցներից մեկի կողմից: Ընդհանրապես մեր քաղաքապետը շատ հաշվարկող անձնավորություն է: Տեսեք, խոշորացումից հետո համայնքը բաժանվել է վերին ու ներքին գոտիների: Ներքին գոտու գյուղերը սահմանամերձ են ու բավականին հեռու Մարալիկից՝ Անի կայարանը 70 կմ է հեռու, ու Արտակ Գեւորգյանը ծրագրերը սկսել է էդտեղերից: Հիմի էդ գյուղերը շատ գոհ են իրանից: Վերին գոտու գյուղերը, որ մոտ են Մարալիկին ու մարդիկ էլ Գեւորգյանին ավելի լավ գիտեն, իրեն չեն պաշտպանում»:

Արտակ Գեւորգյանը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքը ղեկավարում է 2004թ-ից: Մեկ տարի առաջ վերընտրվել է Անի խոշորացված համայնքի ղեկավար(ընտրությունները տեղի են ունեցել 2017թ-ի նոյեմբերի 2-ին, միավորվել են 17 համայանք, կենտրոնը Մարալիկ քաղաք): Արտակ Գեւորգյանի հետ կապ հաստատել եւ ստանալ որոշակի պարզաբանումներ չհաջողվեց, քանի որ Անի համայնքի ղեկավարը չի պատասխանում հեռախոսազանգերին: Ինչ ծրագրեր է իրականացրել նախկինում Անի խոշորացված համայնքի ղեկավարը նախկինում Մարալիկ քաղաքի զարգացման համար եւ ինչ ծրագրեր են նախատեսված արդեն 17 համայնքի համար, երբ բյուջեն մոտ 500 մլն դրամի է հասնում, առայժմ պարզել չի հաջողվում համայնքապետարանի «բլոկադայի» եւ համայնքապետի «պարտադրված» բացակայության պատճառով:

Նշենք, որ այս ընթացքում, Արտակ Գեւորգյանի եւ համայնքապետարանի աշխատակիցների կողմից փորձ եղել է մտնել համայնքապետարան, որն ավարտվել է ցուցարարների հետ քաշքշուկով: Եղել են նաեւ միջպետական ճանապարհի փակման փորձեր, ինչպես նաեւ Արտակ Գեւորգյանի համակիրների պատասխան ցույցեր: Անի համայնքի ղեկավարը հայտարարել է, որ 40 հոգու պահանջով չի պատրաստվում թողնել պաշտոնը, քանի որ հավաքվածները չեն արտացոլում միավորված համայնքների ավելի քան 20 հազար բնակչության տեսակետն ամբողջությամբ:

Հոկտեմբերի 8-ին Անի համայնքի ավագանու արտագնա նիստ է գումարվել փնջում ընդգրկված Ջրափի գյուղում: Ավագանու 15 անդամներից մասնակցել են 9-ը: Թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ժամանակ եւ ինչ որոշումներ են ընդունվել, դեռ անհայտ է: Ավագանու մեկ այլ անդամ, Սառնաղբյուր գյուղի բնակիչ Գեւորգ Շաբոյանի փոխանցմամբ, կոնկրետ ինքը տեղեկացված չի եղել ավագանու նիստից, որը սկզբում փորձել է համայնքի ղեկավարն անցկացնել համայնքապետարանի հարեւանությամբ գտնվող մշակույթի տանը:


Գևորգ Շաբոյանը

«Ես կոնկրետ տեղյակ չեմ եղել, որ ավագանու նիստ պիտի գումարվի: Էդ մասին իմացանք, երբ պարզվեց, որ Արտակ Գեւորգյանն իր կողմնակիցներով մշակույթի տանն է տեղավորվել: Մենք ուզեցինք հանդիպել իր հետ, բայց ինքը հետեւի դռնից փախել էր, հետո իմացանք, որ Ջրափիում նիստ է եղել, մասնակցել է ավագանու 9 անդամ, այսինքն քվորում ապահովվել է: Ես չգիտեմ ինչ հարցեր են քննարկվել, ուզեցի իմանալ, բայց կայքը չի աշխատում: Իհարկե օրենքը հնարավորություն տալիս է համայնքի ցանկացած բնակավայրում ավագանու նիստ գումարելու, բայց սա ինչքա՞ն կարող է շարունակվել էս անորոշ վիճակը՝ ոչ մեզ հետ է հանդիպում, ոչ էլ հրաժարական է տալիս պարոն Գեւորգյանը»,-ասում է ավագանու անդամ Գեւորգ Շաբոյանը:

Ի դեպ, դժգոհող կողմերի հետ հանդիպել է նաեւ փոխմարզպետ Արա Մելիքջանյանը եւ հորդորել գտնել հարցի խելամիտ ու կողմերին բավարարող լուծում, սակայն առայժմ որեւէ դրական տեղաշարժ չի նկատվում՝ երկու կողմն էլ մտադիր չեն դիրքերը զիջելու: Համայնքապետի հրաժարականը պահանջողները պատրաստվում են շարունակել համայնքապետարանի 24-ժամյա շրջափակումը, բողոքի ցույցով հասնել Երեւան, անգամ հացադուլ հայտարարել եւ այլն: Սրան զուգահեռ, Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանն աշխատակազմի համար նոր նստավայր է փնտրում մնացած 16 բնակավայրերում եւ առայժմ հստակ չէ, թե որ գյուղական համայնքում կտեղավորվեն՝ համայնքապետարանի աշխատանքը բնականոն հունով շարունակելու համար:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։