Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին. ինչ էին նրանք պահանջում



Գործարանի արտանետումների տարեկան սահմանային թույլատրելի նորման 5-6 հազար տոննա է: Այսօր ցուցարարները,  ովքեր միայն գործարանի աշխատողներն էին , չէին պատկերացնում մեծաքանակ այդ արտանետումների ազդեցությունները  բնակչության առողջության վրա:

Այսօր ժամը 13:00-ից Ալավերդիի Գրիգոր Նարեկացի եկեղեցու մոտ հավաքված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության մոտ 450 աշխատողներ իրենց աշխատանքը կորցնելու մտահոգությամբ հայտարարեցին ցույց սկսելու մասին: Գործարանի մետալուրգիական արտադրամասի պետ Մերուժան Աբելյանը հավաքվածներին հայտարարեց, որ պայքարը քաղաքական բնույթ չի կրում և միտված է զուտ պղնձաձուլական գործարանի աշխատանքերի դադարեցնելը կանխելուն: Ժամը 13:15-ին  ցուցարարները փակեցին պղնձաձուլական գործարանի հարևանությամբ անցնող երկաթգիծը, իսկ 13:20-ին Ալավերդու Էնգելս թաղամասի հրապարակում փակվեց նաև Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը:

Փակված միջպետական ճանապարհն ու երկաթգիծը

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում  գրավադրված է Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից  բանկից վերցրած մոտ 500 մլն. դոլար վարկի դիմաց: «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի լրատվական ծառայությունը հայտնեց, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանը այսուհետ «ՎՏԲ- Հայաստան բանկ»-ի սեփականությունն է

Ստեղծված իրավիճակում արդեն տևական ժամանակ «Վալեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը խուսափում է լրագրողներից և հանրությանը բացատրություններ չի տալիս «Վալլեքս»-ի երկու խոշոր ընկերություններում՝ «Թեղուտ» ՓԲԸ-ում  և Ալավերդու պղնձաձուլական գործարանում ստեղծված ճգնաժամի իրական պատճառների մասին:

«Հիմա էսօր տեսչական մարմինը իր ակտով նշել է, որ գործարանը բնությանը հասցրել է 380 մլն. դրամի վնաս: Ստացել ենք մի շրջաբերական, որտեղ շեշտվում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ»ընկերությունը պարտավոր է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը  պղնձաձուլական գործարանի մթնոլորտ արտանետվող արտանետումները հասցնել նվազագույնի, այսինքն կորզումը պետք է լինի 90 տոկոսով, որը գործնականում հնարավոր չէ»,- բացատրեց «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության իրավաբան Հրաչիկ Թանդիլյանը:

Վերջինիս խոսքով նախօրեին գործարանի աշխատողների հետ հանդիպել է Վալերի Մեջլումյանը, ով աշխատողներին տեղեկացրել է, թե կառավարության անգործության հետևանքով  գործարանի մետալուրգիական արտադրամասը փակվելու է:

«Դե պատկերացրեք, եթե մետալուրգիական արտադրամասը փակվեց, օժանդակ արտադրամասերը աշխատում են այդ արտադրամասի համար, այսինքն՝ գործարանը փակվում է: Մեր հիմնական նպատակն այստեղ այն է, որ պաշտպանենք մեր աշխատատեղերը»,-հայտարարեց Հրաչիկ Թանդիլյանը: Նա առաջարկում էր պղնձաձուլական գործարանին թույլատրել աշխատել այնքան ժամանակ, մինչև սկսվի չինական ծրագրի հիմնավորումը: Թանդիլյանի խոսքով՝ չինացի ներդրողները Հայաստանում և Արցախում մոտավորապես 1 միլիարդ դոլարի ներդրումներ են կատարելու: Ըստ Հրաչիկ Թանդիլյանի՝ դրանից  400 մլն. դոլարը ծախսվելու է Ալավերդիում: Հրաչիկ Թանդիլյանի խոսքով՝ սև պղնձի ձուլումը կատարվելու է Արցախում, իսկ կաբելի, պղնձի խողովակների և այլ իրերի արտադրությունը լինելու է Ալավերդիում:

Հրաչիկ Թանդիլյանը հայտարարեց, որ կառավարությունից պահանջելու են պղնձաձուլական գործարանին թույլատրել աշխատել սահմանային թույլատրելի նորմաներից  տարեկան 40 հազար տոննա ավելի արտանետումներով:

«Պահանջելու ենք «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին թույլատրել թևերը տարածել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության վրա»,- ասաց Թանդիլյանը, իսկ թե ինչպես է  բանկը թևերը տարածելու ընկերության վրա, նա չբացատրեց: Նա նաև չինական ծրագրի համար մի քանի օրենսդրական հիմքեր պահանջեց կառավարությունից Ալավերդու գործարանը վերակառուցելու համար: Իրավաբանը իր խոսքում որևէ մտահոգություն չհայտնեց, արտանետումների սահմանային թույլատրելի  նորմաները տարեկան 40 հազար տոննա գերազանցելու դեպքում Ալավերդու բնակչության առողջության սպառնալիքների մասին:

Այսօր մոտ երկու ժամ փակված մնաց Ալավերդի-Բագրատաշեն միջպետական  ճանապարհը: Ցուցարարներից շատերը չէին համաձայնում ճանապարհը բացել անգամ հիվանդ երեխա տեղափոխող ավտոմեքենայի առաջ: Ժամը 15:00-ի սահմաններում ցուցարաներին այցելեց Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը: Մոտ 15 րոպե տևած բանակցություններից հետո մարզպետի տեղակալի խնդրանքով ցուցարարները բացեցին միջպետական ճանապարհը: Հոկտեմբերի 11-ին ժամը 12-ին Ալավերդու մշակույթի պալատում  ցուցարարների հետ կհանդիպի Լոռու նորանշանակ մարզպետը:


Արամ Խաչատրյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Գևորգ00:39 - 11 հոկտեմբերի, 2018
Ալավերդում Վալերիկը ժողովրդի հերն անիծեց: Զոմբիացրեց ալավերդցիներին: 100 հազար դրամ աշխատավարձով ձուլարանում բանվոր աշխատացրեց:Էսօր գործարանում մի առողջ մարդ չկա: Օր ու մեջ Ալավերդում ռակից մահացած մարդ են թաղում: Սերժի համար ժողովուրդն ով էր: Ալավերդցի Վարուժանն ասում ա մեկ է մեռնելու ենք, գոնե փորներուս կուշտ մեռնենք: Վարուժի գաղափարը շատ դուր է գալիս գործարանի ղեկավարներին: Բայց ուզում եմ գործարանի աշխատողներին հիշեցնել, որ գործարանը չի փակվելու , ընդամենը տերն է փոխվելու: Կառավարությունը, եթե տեր չկանգնի ալավերդցիների շահերին, եկող ը կարող է ավելի վատ վարվի մեզ հետ:Նաև մենք պետք է, ոչ թե գործատուի քամակը մտնեք, այլ պահանջենք կատարի իր պարտականությունները:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված