Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

«Ընտրությունների անգամ մեկ օրով ուշացումը թուլացնում է մեր պետականությունը»



Երեք հարց պատմաբան Վահրամ Թոքմաջյանին

-Մինչև հոկտեմբերի  2-ը՝ «գիշերային» հայտնի  օրենքի քվեարկությունը, ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն հայտարարել էին, թե կողմ են արտահերթ ընտրությունները մայիսին անցկացնելուն: Հոկտեմբերի 8-ին կարծես ամեն ինչ փոխվեց.  ԲՀԿ առաջնորդը հուշագիր ստորագրեց վարչապետ Փաշինյանի հետ, ՀՀԿ-ից էլ 10-ից ավելի պատգամավոր հայտարարեց, որ կողմ են արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն:  Ձեզ համար սպասելի՞ էր իրադարձությունների այս շրջադարձը: Ի՞նչ  կատարվեց:

-Չէի ասի, թե սպասելի էր: ԲՀԿ-ի գործելաոճն ինձ համար անհասկանալի է, ու որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Նա կարծես կրկնում է «Դաշնակցության» մշտական քայլերը՝ միշտ լինել ուժեղի կողքին: Իսկ ՀՀԿ պատգամավորների կոչերը կամ ստորագրությունները ինձ հիշեցրեցին «Տժվժիկ» հայտնի ֆիլմը: Ֆիլմում փոքրիկ դեր ունի նաև Արտաշես Գեղամյանը: Նա այն փոքրիկն է, որը ֆիլմի դրվագներից մեկում բողոքում է՝ ընձի քիչ եղավ, ընձի քիչ եղավ:

Հիմա, երբ այս գործընթացը պրոեկտում ենք հայտարարությունների վրա, մոտավորապես ստանում ենք հետևյալ պատկերը՝ ընձի մանդատ տվեք: Իհարկե, չեմ բացառում, որ կան մարդիկ, ովքեր սեփական համոզմունքներից ելնելով են գնացել այդ քայլին: Բայց կան նաև այնպիսիք, որոնք վախենալու բան ունեն:

-Դեկտեմբերին կայանելիք ընտրություններն ի՞նչ են փոխելու: Արդյոք դրանցով կլուծվի քաղաքական և սահմանադրական ճգնաժամը:

-Ես այս վիճակը կանվանեի խորհրդարանական ճգնաժամ: Դեկտեմբերին կայանալիք ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի իշխանափոխություն ղեկավարած ուժը ունենա նաև օրենսդիր իշխանություն: Հակառակ դեպքում ստացվում է աբսուրդ, որի արդյունքում տուժում է պետությունը:

Այո, դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունները, եթե լինեն, ապա միակ միջոցն են այս ճգնաժամից դուրս գալու: Ընտրությունների անգամ մեկ օրով ուշացումը թուլացնում է մեր պետականությունը: Հեղափոխական և պատերազմական պետություններն ամենաթույլն են լինում սովորաբար:

-Որպես պատմաբան՝ Հայաստանի պատմության ո՞ր ժամանակաշրջանի հետ կհամեմատեք ներկա ներքաղաքական  իրավիճակը:

-Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր առանձնահատկությունները: Որքան էլ փորձենք տարբեր ժամանակաշրջանների մեջ զուգահեռներ անցկացնել, ամեն դեպքում, չենք գտնի մի փուլ, որն ամբողջությամբ տիպական է մեկ այլ փուլի համար: Այս գործընթացն ավելի շուտ ոչ թե կուզենայի համեմատության մեջ դնել, այլ հակառակը՝ տրամաբանական շարունակության մեջ տեսնել 1988-ից սկսած գործընթացների, որպես ուժեղ պետականության կայացման հերթական ու կարևորագույն շրջափուլ:

Լուսանկարը՝ Վ. Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված