Երկուշաբթի, 10 դեկտեմբերի

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի



«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դատարանի որոշմամբ՝ գրավի դիմաց ազատ կարձակվի: Միջնորդություն այսօր դատարանում ներկայացրեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսանը:

«Այսօր ցավով տեղեկացանք, որ մեր հարգելի Արայիկ Խանդոյանը անժամանակ, սրտի կաթվածից մահացել է: Սույն գործով շարունակում են կալանքի տակ մնալ Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը: Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը գտնվում են հացադուլի մեջ, երկուսի առողջական վիճակն օր-օրի վատանում է, քանի որ մինչ հացադուլը նրանք ունեին առողջական խնդիրներ: Պավել Մանուկյանը լուրջ վերականգնողական բուժման կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդում է Մանուկյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրել գրավի կիրառումը և առաջարկում գրավի չափ սահմանել 1 միլիոն դրամը»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Դատարանը երեկ ստացել էր նաև Մանուկյանի նլատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանը, համաձայն որի՝ Մանուկյանը մի շարք առողջական խնդիրներ ունի, նրան անհրաժեշտ է բժշկական հսկողության և վերականգնողական բուժում:

Մանուկյանի հիվանդությունները ներառված չեն կառավարության՝ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում, այնուամենայնիվ, մեղադրող կողմը չառարկեց, որ նրա նկատմամբ գրավ կիրառվի:

Երբ հերթը հասավ Պավել Մանուկյանի՝ խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուն, նա խոսեց ոչ թե միջնորդությունից, այլ գիշերը մահացած իր մարտական ընկերոջ՝ Արայիկ Խանդոյանի մասին:

Մանուկյանը հուզված էր, դժվարությամբ արտաբերեց բառերը:

«Երկնակամարը մի փայլուն աստղ կորցրեց, արդարության մի մարտիկ էլ կորցրինք: 49 տարեկանից 30-ը անցկացրեց զենքը ձեռքին՝ սեփական ազգի համար պայքարելով»,- ասաց Մանուկյանը:

Նա հայտարարեց նաև, որ դադարեցնում է մեկ շաբաթ առաջ սկսած հացադուլը, նույնը հորդորեց նաև իր հետ հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին: Վերջինս ևս հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին:

Դատարանը, խորհրդակցական սենյակ հեռանալով, որոշեց բավարարել Մանուկյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված