Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Հայաստանը կարող է միավորել Եվրոպան, Ամերիկան եւ Աֆրիկան. «Թումո» կենտրոնում ընթանում է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը



Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը «Թումո» տեխնոլոգիական կենտրոնում այսօր բացեցին Տնտեսական/Թվային ֆորումը, որը տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Ֆորումի հիմնական կազմակերպիչը Հայաստանի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն է։

Արմեն Սարգսյանն իր բացման խոսքում նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն առհասարակ եւ Տնտեսական ֆորումը մասնավորապես պատմական իրադարձություն են Հայաստանի համար։ Դրա կարեւորությունը շատ առարկայական է՝ ֆրանկոֆոն տարածաշրջանը միլիոնավոր եվրոների շրջանառության, մեծ շուկայի հնարավորությամբ տարածք է, որտեղ հայկական ընկերությունները կարող են գործունեություն ծավալել։

Արմեն Սարգսյան

Նախագահը համառոտ ակնարկ արեց Հայաստանի բազմադարյա պատմության եւ հիշեցրեց, որ միջնադարում հայերը վերահսկել են Մետաքսի ճանապարհը՝ գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում։ Հիմա՝ 21-րդ դարում, նա համոզված է, որ Հայաստանը կարող է դարձյալ կապող օղակ լինել եւ միավորել Եվրոպան, Ամերիկան եւ Աֆրիկյան մայրցամաքը։ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որ անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը եւ, ըստ նախագահի, ֆրանկոֆոն երկրները կարող են Հայաստանի միջոցով տնտեսական ներկայություն ունենալ եվրասիական տարածքում։

Երիտասարդությունը Ֆրանկոֆոնիայի եւ թվային տնտեսության շարժիչ ուժն է, ուստի Արմեն Սարգսյանը խոսեց Հայաստանի երիտասարդության մասին։ Նա ասաց, որ այս տարվա ապրիլյան իրադարձությունները շատերն անվանում են թավշյա հեղափոխություն եւ Նոր Հայաստան, ինքն այն անվանում է Երիտասարդ Հայաստան, որովհետեւ հեղափոխությունն իրականացրին երիտասարդները, եւ կառավարությունը ձեւավորված է երիտասարդներից։ Թումո տեխնոլոգիական կենտրոնում ֆորումի անցկացումը նույնպես խորհրդանշական է, քանի որ, նախագահի կարծիքով, Հայաստանում հեղափոխության սկիզբը դրեց Թումոն, որը նոր մեթոդներով ժամանակակից կրթություն է առաջարկում 21-րդ դարի երիտասարդությանը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն սկսել է արտահանել Թումո կենտրոնի կրթական մոդելը եւ հույս հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները հետաքրքրված կլինեն դրանով։

«Բարի գալուստ Հայաստան։ Ուրախ կլինեմ գալիք տարի կրկին Հայաստանում բացել Ֆրանկոֆոնիայի երկրորդ տնտեսական ֆորումը», - իր ելույթը եզրափակեց նախագահը եւ ֆրանկոֆոն խոշոր ՏՏ ընկերություններին, բանկային համակարգի ներկայացուցիչներին հրավիրեց Հայաստան՝ երաշխավորելով, որ այստեղ կա կայուն բանկային համակարգ եւ կանխատեսելի տնտեսական միջավայր։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը նույնպես շեշտադրեց ՖՄԿ անդամ պետությունների համար տնտեսական համագործակցության հնարավորությունները։

«Սա մեծ պոտենցիալի տարածք է, հինգ մայրցամաքի ութսունչորս երկիր միավորող այս տարածքը մեծ հնարավորություններ ունի։ Այստեղ են որոշում կայացնողները, արտադրողները, եւ հնարավորություն կա փոխադարձ վստահություն հաստատել եւ գործել։ Հայկական տնտեսական օպերատորները օրինակ են եւ կարող են համարձակություն ներշնչել մյուսներին»,- ասաց տիկին Ժանը։

Միկայել Ժան

Խոսելով թվային տնտեսության հեռանկարների մասին՝ նա նշեց, որ պետք է երիտասարդության մեջ ներդրում անել եւ համատեղ լուծել այն մարտահրավերները, որոնք առաջացել են համաշխարհային տնտեսության մեջ թվային տեխնոլոգիաների զարգացմամբ։ Դրանք են՝ տվյալների մոնետիզացիան, անձնական տվյալների պաշտպանությունը, մարդկային ռեսուրսների պահպանումը արհեսական բանականության «զոհը» դառնալու վտանգից եւ այլն։ «Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա թվային ինքնիշխանություն»,- ասաց ՖՄԿ գլխավոր քարտուղարը։

Նա հավաստիացրեց, որ ՖՄԿ անդամ պետություններից շատերը կցանկանան ներդնել Թումոյի ծրագիրը, եւ այդ առումով շատ տեղին ու օգտակար է Բենինի առաջարկը՝ այս ֆորումի շրջանակում ստեղծել ՖՄԿ անդամ պետությունների թվային ոլորտի պատասխանատու նախարարների ցանց, որը կնպաստի համագործակցության հաստատմանը եւ նման հարցերի լուծմանը։ 

Ֆորումի պատվավոր հյուրերն են ինտերնետի հիմնադիր հայրերից մեկը` Լուի Պուզենը, որը Global IT Award 2016-մրցանակակիրն է եւ աշխարհի ամենակատարյալ մարդակերպ ռոբոտ Սոֆյան, որը ստեղծել է Hanson Robotics ընկերությունը։ Նրանք ելույթ ունեցան եւ պատասխանեցին ֆորումը վարողների հարցերին:

Լուի Պուզեն

Պուզենը պատմեց, թե ինչպես 55 տարի առաջ սկսվեց Ինտերնետի ճանապարհը, ինչպես ինքը ճեղքեց ամերիկյան մոնոպոլիան թվային ոլորտում Ֆրանսիայի կառավարության հանձնարարությամբ եւ թե ինչպես փոխեցին մարդկանց կյանքը նոր տեխնոլոգիաները, մասնավորապես առաջին եւ երկրորդ սերնդի Ինտերնետը։

Ռոբոտ Սոֆյան խոսեց կայուն զարգացման, ռոբոտ-մարդ ընկերության մասին։ Թեեւ տեխնոլոգիաները փոխում են մարդկանց աշխատանքի կերպը, սակայն Սոֆյան վստահեցրեց, որ ռոբոտները չեն կարող խլել մարդկանցից նրանց աշխատանքը։

Սոֆյա

«Մարդիկ եւ ռոբոտները պետք է ապագայում ընկերանան, այդպիսով կարող ենք կայուն զարգացում ապահովել»,- ասաց նա։

Նա նշեց, որ այս մոլորակի վրա բոլորի համար տեղ կա եւ կոչ արեց ապրել եւ ստեղծել միասին։

Տնտեսական ֆորումն ունի զուգահեռ ընթացող թեմատիկ նիստեր՝ հետարդյունաբերական հեղափոխություն, կայուն զարգացում եւ կոմերցիոն հարաբերություններ: Ձեւավորված երեք աշխատանքային խմբերում քննարկումները կշարունակվեն մինչեւ երեկո։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված