Երկուշաբթի, 16 սեպտեմբերի

«Սուարդի» ընկերությունը զգուշացվել է ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար



«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն ընդունել է իտալական «Սուարդի» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ֆիլիպո Դուցիոնիին: Քննարկվել են «Սուարդի» ընկերության հետ կնքված պայմանագրին առնչվող հարցեր։

Ըստ պայմանագրի՝ «Սուարդի» ընկերությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում հանրապետության ճանապարհների (Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման և այլն) ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետրի վրա մինչև հոկտեմբերի 21-ը պետք է տեղադրի 3892 ճանապարհային նշան։

Ֆիլիպո Դուցիոնին նշել է, որ ճանապարհային նշանները պետք է ուղարկվեն Իտալիայից, սակայն առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ։ Ճանապարհային նշաններն այս պահին բարձվում են, և առաջիկա մեկ-երկու օրերին կուղարկվեն Հայաստան։ Ֆիլիպո Դուցիոնին շեշտել է, որ իրենք մատակարարելու են տեխնիկական մասնագրերին համապատասխան, բարձրորակ նշաններ։

Ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար «Սուարդի» ընկերությունը զգուշացվել է տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության կողմից։ Նշվել է, որ մինչև հոկտեմբերի 21-ը պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում ընկերությունը ենթարկվելու է տուգանքների։

«Ի դեպ, նշենք, որ արդեն իսկ մեկ անգամ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունն ընդառաջել է «Սուարդի» ընկերության խնդրանքին՝ երկարաձգելով աշխատանքների կատարման վերջնաժամկետը»,- գրված է հաղորդագրության մեջ։

Վազգեն Պետրոսյանը հորդորել է «Սուարդի»-ին առավելագույն ջանք գործադրել աշխատանքների ընթացքն արագացնելու և պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու ուղղությամբ։  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված