Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին



Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին նշված է վարչապետի պաշտոնական կայքում:

Վարչապետը ողջունել է Լիտվայի ԱԳ նախարարի այցը մեր երկիր և կարևորել հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հատկապես տնտեսական փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է լիտվական բիզնեսի ներգրավմամբ հայկական շուկա: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ այժմ մեր երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավման նպատակային բարեփոխումներ, որոնք կապահովեն ներդրումների անվտանգությունը, ազատ և թափանցիկ բիզնես միջավայրը:

Լինաս Լինկևիչուսը նշել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին և կարևորել դրանց խաղաղ բնույթը, իրականացված փոփոխությունները ժողովրդավարական ճանապարհով: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում կյանքի կոչվող բարեփոխումները նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական կապերին: Լիտվայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է իրականացնել փորձի փոխանակում հայ գործընկերների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, արդար դատական համակարգի կայացման և այլ ուղղություններով:

Խոսելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում և դրա լիարժեք կիրարկումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը և խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված