Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Ինչպես է մեդիան ընկալում եւ պատկերում միգրացիան



«Մեդիան եւ միգրացիան» խորագրով այսօր Ծաղկաձորում մեկնարկեց Ֆրանսախոս լրագրողների միության(ՖԼՄ) համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Միության հայկական մասնաճյուղի ջանքերով։  

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) հրապարակած The Global Trends Report-ի համաձայն` 2017 թվականին աշխարհում հաշվվում է 68.5 մլն հարկադիր տեղահանված, որոնց թվում 25.4 մլն-ը` փախստական: Այս ցուցանիշը վերջին տարիներին աճել է սիրիական ճգնաժամի հետեւանքով։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը եւ Ֆրանսախոս լրագրողների միությունը հետաքրքրված են միգրացիայի խնդրով, քանի որ ֆրանկոֆոն տարածաշրջանը փախստականներ ընդունող բազմաթիվ երկրներ է ներառում, եւ այդ երկրների մեդիան այդ թեման լուսաբանելու մարտահրավերի առաջ է։

Եռօրյա համաժողովին մասնակցում է 200-ից ավելի լրագրող: Համաժողովի մասնակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ողջունեց նրա խոսնակ Արման Եղոյանը։ Նա ընթերցեց վարչապետի ուղերձը, որում, մասնավորապես, ասված էր. «Լինելով լրագրող` ես մեծ կարեւորություն եմ տալիս խոսքի ազատությանը եւ ՀՀ կառավարության աջակցությունն այս համաժողովի անցկացմանը դրա լավագույն վկայությունն է: ՖԼՄ-ի աշխարհագրական ընդգրկումն ու աշխարհի բոլոր անկյուններից լրագրողների ժամանումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ մամուլը սահմաններ չի ճանաչում: Անհերքելի է, որ ներկա աշխարհում դինամիկ, սկզբունքային եւ դեպի ապագան միտված մեդիայի ներկայությունը խիստ կարեւոր է»:

Անդրադառնալով միգրացիային` վարչապետն իր ուղերձում նշել է, որ անկախ պատճառներից (կամավոր, թե հարկադրված)` միգրացիան մարտահրավեր է բոլոր երկրների համար: Միաժամանակ հույս է հայտնել, որ համաժողովի ընթացքում հնչած գաղափարները, առաջարկները եւ լուծումները օգտակար կլինեն բոլորի համար եւ թույլ կտան միասին խորհել մեդիայում միգրացիայի պատկերի արտացոլման շուրջ, իսկ կառավարություններին կօգնեն բարելավել իրենց միգրացիոն քաղաքականությունը` կանխելու այն ճգնաժամերը, որոնց բախվում ենք այսօր:

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն իր բացման խոսքում կարեւորելով համաժողովի թեման՝ նշեց, որ միգրացիոն շարժերը հաճախ պարտադրված են, եւ մեր տարածաշրջանը բացառություն չէ։ Ըստ Սեյրանյանի՝ միգրացիան բեռ է ընդունող պետության համար, ուստի մեդիան պետք է աջակցի պետությանը՝ համագործակցաբար լուծելու փախստականների ինտեգրման խնդիրը։ Այս պահին, նրա գնահատմամբ,  հայկական մամուլում միգրացիայի խնդիրը խորությամբ չի լուսաբանվում՝ սահմանափակվելով մեկ մարդու պատմությամբ։

Փախստականների վերջին մեծ հոսքը Հայաստան սիրիական ճգնաժամից հետո էր, որի արդյունքում 22000 փախստական եկավ։ Նրանց մի մասը Հայաստանն ընտրեց որպես հայրենիք կամ մշտական բնակության վայր, մյուս մասն այստեղից մեկնեց երրորդ երկիր։ Ըստ ԺՄ նախագահի՝ պետությունը պետք է տարբերակի իր մոտեցումը եւ ծրագրերը՝ ըստ փախստականների այս նպատակադրության։

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը Հայաստանում միգրացիայի պատմության համառոտ ակնարկ արեց՝ անդրադառնալով Ղարաբաղյան շարժման արդյունքում Ադրբեջանից բռնագաղթած հայերին, որոնց մեծ մասն, իր գնահատմամբ, ինտեգրվել է Հայաստանում, ապա՝ 2004-2007 թվականներին իրաքյան պատերազմի պատճառով Հայաստան եկած իրաքահայերին, ռուս-ուկրաինական պատերազմից խուսափածներին եւ, վերջապես, 2016-ին քառօրյա պատերազմի հետեւանքով Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածներին։

Համաժողովի առաջին նիստի հիմնական բանախոս, Միգրացիայի լիբանանյան կենտրոնի փորձագետ, Paris 2 Assas համալսարանի դոկտորանտ Մարիա Բու Զեյդը ներկայացրեց լիբանանյան մամուլում միգրացիայի թեմայի լուսաբանման պատկերը։ Նրա զեկույցը վերնագրված էր «Մեդիա եւ միգրացիա. լրատվական ընկալումը՝ ուտոպիայի եւ պրագմատիզմի միջեւ»։

Լիբանանը ամենից մեծ թվով սիրիացի փախստական ընդունած երկիրն է՝ 1.1 մլն։ Բնակչության այս աննախադեպ աճի հետեւանքով Լիբանանում վատացել է սոցիալ-տնտեսական վիճակը, կտրուկ աճել գործազրկությունը, երկրի անվտանգության եւ ինքնիշխանության սպառնալիքներ են առաջացել։ Տիկին Զեյդի խոսքով` լիբանանյան մեդիայում երկու դիսկուրս կա այս թեմայի շուրջ` մեկն արտացոլում է լիբանանյան հասարակության դժգոհությունը, որը բոլոր «դժբախտությունների» պատճառ համարում է փախստականներին, մյուսը, իր բնորոշմամբ, պրոմիգրանտ է եւ համարում է, որ հասարակությունը եւ պետությունը պատասխանատվություն ունի փախստականների ինտեգրման հարցում: «Բոլորը վախենում են, որ փախստականները կփոխեն իրենց կյանքը, կխլեն իրենց աշխատանքը, հիվանդություններ կտարածեն, ինչը չափազանցված է, մշակութային, տնտեսական, ահաբեկչության սպառնալիք են տեսնում փախստականների գալու մեջ»,- ասաց լիբանանցի հետազոտողը:

Փորձագետը համոզված է, որ հասարակական կարծիքը եւ մեդիան ազդում են միմյանց վրա, ու թեեւ մեդիան կարող է ամրապնդել եղած կարծրատիպերը եւ օրակարգ թելադրել,սակայն կարծրատիպեր չի ստեղծում: Միեւնույն ժամանակ համարում է, որ մեդիան կարող է կանխել միգրանտների նկատմամբ քսենոֆոբիայի առաջացումը` հասարակական կարծիքի վրա ազդելով, հուշելով, որ եթե պետությունը բարելավի, օրինակ, առողջապահական ծառայությունները, կարելի է փոխել իրավիճակը եւ կանխել ծագող սպառնալիքների իրագործումը:

Միգրացիայի թեմայի մակերեսային լուսաբանումը նա բացատրում է լրագրողների ոչ բավարար իմացությամբ, խնդրի կոնտեքստը չհասկանալու հանգամանքով, ֆինանսական ռեսուրսների բացակայությամբ, մեդիան ֆինանսավորող քաղաքական ուժերի մոտ պրոմիգրանտ եւ անտիմիգրանտ դիսկուրսի առկայությամբ, միգրանտների ձայնի բացակայությամբ (փախստականների կողմից հիմնադրված մեդիա չկա, նրանք իրենց ձայնը տեղ են հասցնում սոցիալական ցանցերի միջոցով) եւ հաջողված պատմությունների սակավությամբ:

Նրա կարծիքով` իրավիճակը փոխել առայժմ հնարավոր չէ, քանի որ մեդիան պատկանում է քաղաքական ուժերին, որոնք հակա կամ պրոմիգրացիոն վերաբերմունք ունեն, եւ մեդիան դժվար կացության մեջ է այս թեման լուսաբանելիս։

«Լրատվամիջոցները չեն խոսում Լիբանանին միջին սոցիալական վիճակ ունեցող սիրիացիների բերած նպաստի մասին, որոնք աշխուժացրել են անշարժ գույքի շուկան` բնակարաններ վարձելով կամ գնելով: Որովհետեւ մեդիան տնտեսապես անկախ չէ։ Լրատվական կազմակերպությունները Լիբանանում չունեն ֆինանսավորման անկախ աղբյուրներ: Եթե անգամ լրագրողները գիտեն, որ իրենց գրածը սխալ է, իրենք այդ ճոխությունը չեն կարող թույլ տալ իրենց եւ իրենց լրատվամիջոցի քաղաքականությանը հակադրվել աշխատանքը կորցնելու սպառնալիքի պատճառով»,- ասաց Մարիա Զեյդը։

Իր ելույթը եզրափակելուց առաջ նա համեմատություն արեց Լիբանանի եւ Իռլանդիայի ու Նոր Զելանդիայի միջեւ, որոնք տարածքով եւ ռեսուրսներով Լիբանանից շատ ավելի մեծ են, սակայն ընդամենը մի քանի հարյուր հազար սիրիացի փախստական են ընդունել եւ կոչ արեց միջազգային հանրությանը Լիբանանին միգրանտների առջեւ իր պարտավորությունները չկատարելու համար մեղադրելուց առաջ հաշվի առնել, որ այն անվտանգության եւ ինքնիշխանության լուրջ սպառնալիքի առաջ է: «Լիբանանը վախենում է, որ սիրիացիները դոմինանտ կդառնան երկրում եւ կփոխեն Լիբանանի դեմոգրաֆիական վիճակը»,- բացատրեց փորձագետը:

Համաժողովի մյուս զեկուցողների տեսակետն այն էր, որ քանի դեռ չկա միգրացիայի գլոբալ քաղաքական լուծում, մեդիան դժվար թե այլ կերպ վարվի: «Խնդիրը փողի եւ քաղաքական ուժերի ձեռքում մեդիայի կենտրոնացման, նրանցից ունեցած կախվածության մեջ է»,- ասաց ֆրանսիացի ռադիոլրագրող Նասեր Կետանը։

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված