Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ստորագրահավաքին միացած պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել



Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին միացած պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակվել է պատգամավորների ցանկ, որոնք կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը: Նրանք մեծամասամբ ՀՀԿ խմբակցությունից են, գործարար պատգամավորներ:

Աշոտյանը որևէ անուն չհայտնեց՝ ասելով, որ չի ուզում բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը: «Ոչ մի հայտարարություն մերկապարանոց չէ, թող այդ մարդիկ իրենք խոսեն ճնշումների մասին: Ակնհայտ է, որ նման ճնշումներ եղել են և առաջին անգամ, երբ 58 հոգանոց խմբակցությունից խմբակցությունը լքեցին մի շարք պատգամավորներ, և մենք դարձանք 50 հոգանոց, այս ընթացքում ևս ճնշումներ եղել են»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ վերջին իրադարձություններից հետո կուսակցությունից ու խմբակցությունից դուրս գալու դիմում չեն ստացել. «Այս ստորագրահավաքին միացած պատգամավորների մեջ դեռ չկան մարդիկ, որ հայտարարել են խմբակցությունից դուրս գալու մասին, չեմ բացառում, որ այդպիսիք կլինեն: Մեր տեսակետը նույնն է՝ արտահերթ ընտրություններ պետք են, բայց ժամկետները չպետք է լինեն ինքնանպատակ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը չհերքեց՝ դեռ երեկվանից մեկնարկած «հայտարարությունների շքերթը» քննարկել են, բայց այս հարցով խմբակցության նիստ կամ գործադիր մարմնի նիստ չի եղել:

Աշոտյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, սակայն «խելամիտ ժամկետում». «Այնպիսի ժամկետում, որը թույլ կտար բարեփոխել ընտրական օրենսգիրքը, և այդ ժամանակացույցը շատ պարզ էր ու հստակ, որ գնում ենք մայիս-հունիս»,- ասաց նա:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սիմոն16:38 - 9 հոկտեմբերի, 2018
երեւի սպասել ա որ իրեն էլ «ճնշեն» բայց մարդատեղ չեն դրել
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված