Շաբաթ, 23 նոյեմբերի

Ազատամուտի համայնքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա լիազորությունները դադարեցվել են



Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի նկատմամբ երեկ հետախուզում է հայտարարվել և դատախազի որոշմամբ նրա լիազորությունները դադարեցվել են: Այս մասին «Հետք»-ին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ՝ Տավուշի մարզային դատախազը ուրբաթ օրը իրենց վարույթում քննվող քրեական գործում Մարտիրոսյանին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին, իսկ արդեն երեկ դատախազը համայնքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարել:

Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ն մասով՝ ինքնիրավչություն կատարելու համար: Այն նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Դատախազության փոխանցմամբ որոշում է կայացվել նաև կալանավորել համայնքի ղեկավարի երեք որդիներից մեկին: Նրա նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել: Վերջինս մեղադրվում է խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ից Ազատամուտում բողոքի ակցիաներ էին սկսվել: Համայնքի բնակիչները պահանջում էին համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Վերջինս Ազատամուտը ղեկավարում է 2008 թվականից:

Ժորա Մարտիրոսյանի կատարած չարաշահումներին անդրադարձել էինք դեռևս նախորդ տարի: Զրուցել էինք սոցիալական օգնություն ստացած երկու ազատամուտցիների հետ, ովքեր տեղյակ չէին, որ իրենց անունով համայնքապետը սոցիալական օգնություն է դուրս գրել, սակայն վերջիններս այն չեն ստացել։ Մասնավորապես՝ 2016 թվականի օգոստոսին 30000 դրամ «ստացած» Նարեկ Ղազարյանի հայրը՝ Արսեն Ղազարյանը, պնդել էր, որ որդին որևէ գումար չի ստացել

«Հնարավոր չի։ Կարող ա ինչ-որ օգնություն եղել ա, բայց իրան չեն տվել, հարյուր տոկոս»,- ասել է Արսենը Ղազարյանը։

Մեր զանգի հաջորդ օրը Ղազարյանը գնացել էր Ժորա Մարտիրոսյանի մոտ` պարզելու, թե որդուն երբ են 30 000 դրամ տվել, որ իրենք չեն իմացել, և նրա փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարը տվել էր դեռևս օգոստոս ամսին դուրս գրած 30 000 դրամը՝ պատճառաբանելով, որ թյուրիմացություն է եղել։

«Հետք»-ի հրապարակումից հետո հարուցվել էր քրեական գործ և պարզվել, որ չպարզված անձի կողմից կեղծվել են Ազատամուտ համայնքի բնակիչներ Լևոն Մանուչարյանի և Անդրանիկ Քոքոբելյանի՝ համայնքի ղեկավարին ուղղված, սոցիալական օգնություն ստանալու վերաբերյալ դիմումները։ Սակայն դրանից ամիսներ անց քրեական գործը կարճվել էր։

Այս տարվա Ժորա Մարտիրոսյանի որոշումներն ու գործունեությունը ուսումնասիրել էին Տավուշի մարզպետարանի և տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցները։ Արդյունքում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ 

Նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը, չունենալով ավագանու կողմից ընդունված սոցիալական աջակցության գործառույթը կարգավորող իրավական հիմքեր, համայնքի բնակիչներին տրամադրել է դրամական օգնություններ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այդ օգնության տրամադրումը լուծվում է համայնքի ավագանու սահմանած չափորոշիչներով։

Օգնությունը ստացած քաղաքացիները և համայնքի ավագանու անդամները նախարարության աշխատակիցներին հայտնել են, որ օգնություն ստացող քաղաքացիների մի մասը համայնքի ղեկավարի ազգականներն են կամ խնամիությամբ կապված անձինք։ Անգամ որոշ քաղաքացիներ գրավոր կերպով նախարարությանը հայտնել են, որ չնայած իրենց անունով գումարներ են դուրս գրվել, բայց իրենք չեն ստացել։ Օրինակ՝ Ազատամուտի բնակիչ Ռիմա Ստեփանյանը հուլիսի 17-ին նախարար Պապիկյանին հայտնել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին իր անունով 40 հազար դրամ սոցիալական օգնություն է դուրս գրվել, սակայն ինքը համայնքապետարանում դիմում չի գրել, օգնություն չի խնդրել և այդ գումարը չի ստացել։

Նախարարությունը պարզել էր, որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրսյանը իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան տասը տարի շարունակ պայմանագրով օգտագործել է որպես համայնքի ղեկավարի ծառայողական ավտոմեքենա այն դեպքում, երբ համայնքն ունի  ծառայողական «Գազ 2705-222» մակնիշի ավտոմեքենա։ 2016-2017 թվականներին յուրաքանչյուր տարի 1,2 միլիոն դրամ է ուղղվել համայնքապետին պատկանող այդ մեքենայի վառելիքի և պահեստամասերի ձեռքբերման համար, իսկ յուրաքանչյուր տարի 450 հազար դրամ՝ գործուղման ծախս։ Սակայն իրավական ակտերից պարզ չի դարձել, թե Ժորա Մարտիրոսյանը ինչ ժամկետով և նպատակով է գործուղվել։

Ուսումնասիրող խումբը պարզել է նաև, որ համայնքային ենթակայության կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, սակայն ստացել են աշխատավարձ. մասնավորապես` Ժորա Մարտիրոսյանի որդի Արկադի Մարտիրոսյանը՝ «Ազատամուտի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենը, դուստր Մելինե Մարտիրոսյանը՝ Ազատամուտի արվեստի դպրոցի գանձապահը, հարս Արաքսյա Շահինյանը՝ դպրոցի քարտուղարը։

Ուսումնասիրության ժամանակ համայնքային սեփականություն հանդիսացող «Գազ-66» և «Գազ 2705-222» մակնիշի ավտոմեքենաները գտնվել են համայնքապետի բակում։ Ավագանու անդամների հավաստմամբ՝ դրանք օգտագործվել են բացառապես համայնքապետի ընտանիքի կարիքների համար։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված