Երեքշաբթի, 20 օգոստոսի

Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով վկան պնդում է, որ իրեն ոստիկանությունում ծեծի են ենթարկել



Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով տուժող Սանասար Բադալյանի որդին` Մերուժան Բադալյանը, այսօր դատարանում հայտարարեց, որ ոստիկանական բաժնում իրեն ծեծի են ենթարկել: Այս հայտարարությունից և դրա վերաբերյալ մանրամասն ցուցմունքից հետո մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը դատարանին միջնորդեց դիմել դատախազություն՝ քրեական գործ հարուցելու հարցով, և դատարանը միջնորդությունը բավարարեց:

Նշենք, որ ըստ Եղիշե Խաչատրյանի սպանության գործի նյութերի՝ վերջինս Նուբարաշենի խճուղում երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին (վերջինս դատաքննության ընթացքում մահացել է), որից հետո ամբաստանյալները նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է
ունեցել մոր աչքի առաջ:

Միջադեպի ժամանակահատվածում, ըստ գործի նյութերի, տուժել է նաև Մերուժան Բադալյանի հայրը՝ Սանասար Բադալյանը: Վերջինս տաքսու վարորդ է: Ըստ գործի նյութերի՝ Եղիշե Խաչատրյանի սպանության օրը մեքենայով անցնելիս է եղել դեպքի վայրով, մեքենայի ապակին իջեցրել ու միջադեպի մասնակիցներին նախատել է: Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանն ու Արթուր Զաքարյանը ցավագին են ընդունել դա, հետապնդել են նրան, քաշքշել ու հայհոյանքներ հասցրել: Վերը նշված հանգամանքները նկատի ունենալով՝ քննություն իրականացնող մարմինը Բադալյանին տուժողի կարգավիճակ է տվել, մինչդեռ ինքը՝ Բադալյանն, իրեն տուժող չի համարում, դատարանում հայտարարել է, թե միջադեպի ժամանակ չի տուժել:

Բադալյանի որդին միջադեպի ժամանակ եղել է դեպքի վայրի մոտակա ավտոտեխսպասարկման կետում: Այսօր դատարանում հայտնեց, որ դեպքի հաջորդ օրն իր կամքին հակառակ ոստիկաններն իրեն նստացրել են մեքենան և տարել ոստիկանական բաժին, որտեղ ծեծի ենթարկվելուց հետո ինքնազգացողությունը վատացել է, և ստիպված են եղել իր համար շտապօգնություն հրավիրել:

Ըստ Մերուժան Բադալյանի՝ ոստիկաններն իրեն փորձել են ստիպել ցանկալի ցուցմունքներ տալ, սակայն ինքը նման բան չի արել: Ըստ վկայի հայտարարության՝ մինչ շտապօգնության ժամանելն իրեն հորդորել են բժշկին չպատմել, որ ծեծի հետևանքով է ինքնազգացողությունը վատացել:

Դատարանի հարցին՝ ի վերջո բժշկին պատմե՞լ է, Բադալյանը պատասխանեց, որ «երևի պատմած կլինի»: Վկան, սակայն, իրեն ծեծի ենթարկելու առթիվ հանցագործության մասին հաղորդում չի տվել, դա համարել է անիմաստ քայլ:

Նշենք, որ այն բանից հետո, երբ դատարանը որոշեց վկային ենթադրյալ ծեծի ենթարկելու հարցի առնչությամբ դիմել դատախազություն, Բադալյանը հայտարարեց, որ թեև պնդում է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, բողոք չունի, չի ցանկանում ավելորդ քաշքշուկի մեջ ընկնել:

Վկան դատարանին հայտնեց, որ ինքը նյարդերի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, ասաց, որ սպանության դեպքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, միջադեպի ժամանակ հորը հարվածող անձի չի տեսել: Վերը նշված հանգամանքները հակասում են նրա՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին, ուստի դատարանում այդ ցուցմունքները հրապարակվեցին:

Նախաքննության ընթացքում Մերուժան Բադալյանը գրել է, որ միջադեպի ժամանակ երկու անձինք շարժվել են հոր ուղղությամբ, որոնք, իր կարծիքով, ոչ սթափ վիճակում են եղել, որ «Ֆորդ» մեքենայի մոտ տեսել է ընկած մարդու, լսել է գոռգոռացի ձայներ, որ ավտոտեխսպասարկման կետի տերը իրեն պատմել է կատարվածի մասին:

Բադալյանի տված ցուցմունքը գրվել է քննիչի կողմից՝ համակարգչային շարվածքով, որի տակ առկա է Բադալյանի ստորագրությունը: Դատավարության կողմերի հարցին՝ արդյոք նախաքննական ցուցմունքների տակ ստորագրելիս Բադալյանը դրանց բովանդակությանը
ծանոթացե՞լ է, վկան պատասխանեց, որ կարդացած կլինի, քանի որ բնավորություն չունի առանց կարդալու ստորագրել որևէ փաստաթղթի տակ:

Վկան դատարանին հայտնեց նաև, որ դեպքից հետո հանդիպել է Եղիշե Խաչատրյանի կնոջ՝ Փառանձեմ Մեյթիխանյանի հետ, և վերջինս իրեն ասել է, որ եթե ճշմարտությունն ասի, իր համար լավ կլինի: Դատարանը փորձեց հստակեցնել՝ արդյոք Մեյթիխանյանը բացառապես խնդրել է ասել ճշմարտությունը, թե որևէ բովանդակությումբ ցուցմունք տալ, ինչին ի պատասխան Բադալյանը նշեց, որ խնդրանքը վերաբերել է ճշմարտացի ցուցմունք տալուն:

Այսօրվա նիստն ավարտվեց, և հաջորդը նշանակվեց հոկտեմբերի 15-ին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված