Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Ստեփանակերտի քաղաքապետը հրաժարվում է կատարած ծախսերի մասին տեղեկատվություն տրամադրելուց



Օգոստոսի 3-ին և 6-ին «Հետք»-ը տեղեկատվություն ստանալու երկու հարցում է ուղարկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։ 

Խնդրել ենք տրամադրել 2012-2017 թթ. Ստեփանակերտի քաղաքապետարանի մանկապարտեզներին սնունդ ու կահույք մատակարարող կազմակերպությունների ու նրանց հատկացված գումարների մասին տեղեկատվություն։ Երկրորդ հարցմամբ խնդրել ենք տրամադրել վերջին հինգ տարիներին Ստեփանակերտում ասֆալտապատված ճանապարհների երկարությունը, ասֆալտապատված փողոցների անունները, ասֆալտապատման աշխատանքներ իրականացրած կազմակերպությունների անունները, և յուրաքանչյուր փողոցի ասֆալտապատման համար հատկացված գումարները։  

Սահմանված կարգով և ժամկետներում չստանալով գրավոր պատասխան՝ դիմել ենք ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին: Նրա միջամտությունից հետո ստացանք Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանը. «Ի պատասխան Ձեր 2018 թվականի օգոստոսի 06-ի գրությունների՝ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը տեղադրված է Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական Stepanakert.am կայքէջում, որտեղից կարող եք փնտրել Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը»:

Սակայն Stepanakert.am կայքէջում տեղադրված է միայն 2017 թվականի հաշվետվությունը, որտեղ խոսք անգամ չկա ասֆալտապատման վերաբերյալ, իսկ մանկապարտեզների մասին ընդամենը մեկ պարբերություն է գրված. «Հաշվետու տարում շարունակվել են հ. 9 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Հրատապ են մնում հ.12 հիմնական դպրոցի հիմնարար 22 Ստեփանակերտի քաղաքապետարանի գործունեության հաշվետվություն 2017 վերանորոգման, հ. 4 և հ. 6 մանկապարտեզների համար երաժշտական դահլիճների, նախադպրոցական ցանցի ընդլայնման նպատակով տարբեր թաղամասերում նոր մանկապարտեզների կառուցման խնդիրները: 2018թ. առաջնահերթ կմնան հ.10 հիմնական դպրոցի հիմնարար վերանորոգման և կահավորման հարցերը»: 

Ինչո՞ւ է Ստեփանակերտի քաղաքապետը խնամքով թաքցնում մատակարարող եւ ասֆալտապատում իրականացրած կազմակերպությունների անունները եւ ծախսված գումարների չափը։ Ստեփանակերտցիներին երբեւէ նման հաշվետվություն չի ներկայացվել, եւ քաղաքապետի պատասխանից պարզ է դառնում, որ նման մտադրություն չունի, նույնիսկ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունից հետո։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված