Երկուշաբթի, 10 դեկտեմբերի

Եղեգնուտում խմելու համար նախատեսված ջուրը աչքաչափով է քլորացվում



Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի մանկապարտեզի հետնամասում, փոսի մեջ մեծ տարա է տեղադրված: Օրվա ընթացքում ջուրը պոմպերի օգնությամբ հավաքվում է տարայի մեջ և դարձյալ պոմպի գործադրմամբ մղվում է՝ մանկապարտեզի կարիքների համար օգտագործելու նպատակով: Գյուղն ինքնահոս ջուր չունի, խմելու ջուրը վերցնում են խորքային հորերից:

Եղեգնուտում տասնամյակներ շարունակ արտեզյան ջուր են խմում: Սոցիալապես կայուն վիճակում գտնվողները խմելու ջուրը գնում են խանութներից, իսկ խորքային հորից վերցվող ջուրն օգտագործում են կենցաղում:

Եղեգնուտ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ համայնքում խմելու ջուրը որակապես վատն է: Դրան նպաստում է տասնամյակներ առաջ կառուցված ջրային ցանցի անմխիթար վիճակը: Ըստ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 1980-ականին կառուցված խողովակաշարի մոտ 80%-ը քայքայված է: «Տեղ կա խողովակները չուգունից են, տեղ կա՝ երկաթից: Երկաթյա մասերն արդեն փտել են: Ջուրը կտրելու ժամանակ կեղտաջուրը, հողն ու ավազը հետ է գնում խողովակի մեջ»,- ասում է Ռազմիկ Մկրտչյանը:

Եղեգնուտում համայնքի խմելու ջրի մատակարարը համայնքապետարանն է: Խմելու ջրի և ջրագծերի սպասարկման աշխատանքները և պոմպերի վերանորոգումը կատարվում է համայնքի բյուջեի հաշվին: Գյուղում խմելու ջրի երկու պոմպակայան է աշխատում: Մեկը՝ առավոտյան 1,5 ժամ է աշխատում, նույնքան էլ երեկոյան, իսկ մյուսը՝ 10 ժամ:

Ռազմիկ Մկրտչյանն ասում է, որ ամառվա ամիսներին նույնիսկ երկու պոմպակայանների ամբողջական աշխատանքի դեպքում ջրի դեֆիցիտ է առաջանում: Եղեգնուտում 482 տնտեսություն կա, 2162 բնակիչ: Գյուղացիների մոտ 30%-ը խմելու ջուրն օգտագործում է ոռոգման նպատակով և գյուղի ծայրամասում բնակվողները խմելաջուր չեն ունենում: Պատճառն այն է, որ համայնքը ոռոգման ջրի պակաս ունի: «Այդ մարդիկ տարիներով խմելաջուր չեն ունենում: Տարբեր տեղերից տարաներով ջուր են բերում»,- հավելում է Ռ. Մկրտչյանը:

Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարծիքով՝ հիմնական լուծումն այն է, որ ջրագծերը փոխվեն, ջրաչափեր տեղադրվեն: Համայնքում ջրաչափեր չեն տեղադրել եւ գյուղում ջրի խնայողաբար օգտագործումը թողնված է գյուղացիների բարեխղճությանը: Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ տարիներ առաջ համայնքի ավագանին խմելու համար նախատեսված արտեզյան ջրի համար կայուն վարձավճար է սահմանել՝ 1 հոգու հաշվով ամսական 200 դրամ:

«Քանի որ գյուղի մի մասը ջուր չունի, բնականաբար չեն վճարում, մի մասն էլ ունի ու չի վճարում։ Ծախսերը վարձավճարով չենք կարողանում փակել, համայնքային բյուջեից է ֆինանսավորվում»,- ասում է համայնքապետի պաշտոնակատարը:

Համայնքում քլորակայան չկա, ջուրը քլորացվում է մեխանիկական եղանակով: Ըստ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ համայնքապետարանի աշխատակիցը մոտավոր քլորի չափաքանակ է ընտրում և լցնում է տարայի մեջ, որտեղից խողովակով ջուրը բաշխվում է տնային տնտեսություններին: Քլորը ջրի մեջ մնում է մեկ օր: Ամռանը, լավագուն դեպքում, ջուրը քլորացվում է ամիսը երկու անգամ:

«Սանէպիդկայանն ասում է, որ ջրի որակը համապատասխանում է ստանդարտներին: Բայց ես` որպես սպառող, կարող եմ ասել, որ չի համապատասխանում: Պատկերացրեք խողովակաշարն ամբողջովին քայքայված է, երբ անջատվում է, հաջորդ օրը կեղտ է գալիս ծորակից: Եղել են դեպքեր, երբ և´ ջրի գույնն է փոխվել, և´ ջրի հետ ինչ-որ բաներ են եկել»,- հավելում է Ռ. Մկրտչյանը:

Համայնքապետի պաշտոնակատարն ասաց, որ նախորդ համայնքապետի պաշտոնավարման ժամանակ նախահաշիվ են կազմել, ըստ որի` մոտ 115 հազար դոլար է անհրաժեշտ խմելու ջրի ամբողջ ցանցը փոխելու համար: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը նախատեսում է համայնքում խմելու ջրի համակարգն արդիականացնել: Գյուղին բաժին է հասնում հողային աշխատանքներն ու հաշվիչների տեղադրումը, որը կազմում է մոտ 20 մլն դրամ: Ռազմիկ Մկրտչյանը մեծ հույսեր է կապում ծրագրի հետ: Ասում է, որ միայն ցանցի վերանորոգումից հետո, որը կազմում է մոտ 14 կմ, հնարավոր կլինի ջրաչափերով գանձել սպառած ջրի վճարը: Այդ ժամանակ գյուղում բոլորը ջուր կունենան և խմելու համար նախատեսված ջուրը ոռոգման նպատակով չեն օգտագործի:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված