Երեքշաբթի, 20 օգոստոսի

Վերջապես ե՞րբ կքանդվի «Կամուրջ»-ի հանցավոր հանգույցը



«Կամուրջ» վարկային կազմակերպության նկատմամբ տարիներ շարունակ իրականացված խայտառակ ոտնձգություններն իրենց տեսակով կարծես էապես չեն տարբերվում Հայաստանի նախորդ բարձրագույն իշխանությունների կողմից պարկեշտ, սակայն առանց «կռիշի» հանրային բարիք ստեղծողների նկատմամբ հալածանքի գործիքակազմի կիրառման «դասական» այլ սխեմաներից: Այս «թեմայում» կիրառվել են անհիմն և անօրինական ֆինանսական ստուգումենր, մոտ 1.5 միլիարդ դրամի չափով տուգանքի նշանակում, քրեական հետապնդումներ, այդ կազմակերպությունն ավելի քան 18 տարվա տառապանքի գնով ստեղծած տնօրենի նկատմամբ 4-8 տարի դատապարտման հոդվածով մեղադրանքի առաջադրում, կառավարման խորհրդի նկատմամբ շանտաժ և այլն: Վերջապես՝ այդ ճանապարհով ընկերության կառավարման մարմնի զավթում և տնօրենի հեռացում՝ վերջիններիս փոխարինելով «իրենց» մարդկանցով՝ ՀՀԿ համամասնական ցուցակի անդամներով, նաև ապաշնորհ, բարոյական «ուրույն» արժեհամակարգով և «շեֆերի», մասնավորապես՝ կենտրոնական բանկի կողմից ղեկավարվող խամաճիկներով: 

Ներկայումս ավելի քան 30 մլն. ԱՄՆ դոլարի չափ ակտիվներով, Հայաստանի բոլոր մարզերում մոտ 270 աշխատատեղ ստեղծած և նույնիսկ միջազգային խստագույն չափանիշներով բացառիկ հաջողություններ գրանցած «Կամուրջ»-ի կառավարման ղեկի զավթումն իրականացվել է իրենց իսկ խոստովանությամբ՝ հանրապետության նախորդ նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոյով» և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի և կենտրոնական բանկի ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի անմիջական մասնակցությամբ, նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի և  նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համաձայնությամբ: Ավելորդ է ասել, որ արդյունքում փոշիացվել են ահռելի գումարներ, մինչ այդ «ժամացույցի պես» հստակ, անկաշառ աշխատող և արագորեն աճող կազմակերպությունում սկսել են ծաղկել կոռուպցիան, հակամարտող «կլանային» խմբերը և տխրահռչակ «գաղջ»  մթնոլորտը: 

Ինձ, որպես տնօրենի, աշխատանքից անհիմն ազատելու որոշումը վիճարկել եմ դատարանում, սակայն առաջին ատյանի դատարանը կարծես գործել է «նախկին ոճով»՝ պարզապես անտեսելով հայցվորի ներկայացրած էական փաստարկները: Ի դեպ, հեղափոխության արդյունքում դատավորներն այլևս ազատվել են իշխանությունների միջամտություններից, սակայն ո՞րտեղ են նրանց կամայական որոշումների համար պատասխանատվության ենթարկելու իրական մեխանիզմները: Դատավորների համար հիմա ո՞ր վիճակն է ավելի «ձեռնտու»՝ ներկայի՞ս թե՞ առաջվանը: Ինչքա՞ն է այս վիճակը շարունակվելու: Դժվարանում եմ ասել: Ավելացնեմ, որ այս գործով բողոք եմ ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարան (դատավոր՝ Գ.Խանդանյան): Արդյունքի մասին հրապարակավ կտեղեկացնեմ: 

Կարծում եմ «Կամուրջ»-ում ակնհայտ են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման, բազմամիլիարդ կորուստների և ծայրահեղ մեծ չափերի կոռուպցիոն դրսևորումները: Այս կապակցությամբ տեղեկություններ են տրամադրվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմին: 

Այս ամենն արդեն վաղուց սպասում է ՀՀ պատկան մարմինների հետաքննությանը, առկա բազմաթիվ փաստերի անկողմնակալ ուսումնասիրությանը և վերջապես մեղավորներին պատժելուն: Սակայն ե՞րբ: Չէ որ քիչ ժամանակ է մնացել մինչև «Կամուրջ»-ը, որը դեռևս սպասարկում է մոտ 20 000 ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, կհասնի արդեն անվերականգնելի կործանման կետին: 

Կվերականգնվի՞ արդարությունը, կառողջանա՞ և կվերագտնի՞ իրեն «Կամուրջ»-ը: Նմանապես՝ կվերածնվի՞ և կհզորանա՞ արդյոք այսօրվա Հայաստանը: Նորը ստեղծելը բազմաթիվ անգամ ավել ջանքեր, ժամանակ և ռեսուրսներ է պահանջում, առաջին հերթին անհրաժեշտ է փրկել այն, ինչը դեռևս հնարավոր է: Միայն խնդրի հրատապ լուծումը կարող է այս կազմակերպությանը փրկել անվերականգնելի կործանումից: 

Այս իրավիճակի հանգուցալուծումը իրավիճակին ծանոթ և տուժված շատ-շատերի համար նաև ինդիկատոր է Հայաստանի հետագա զարգացման ակնկալիքների իրատեսական լինելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանի սկսածը ժողովրդին նոր հույսեր է ներշնչել, սակայն շատ ուղղություններով հապաղելն արդեն կարող է ի չիք դարձնել այդ հույսերը, երկրի համար ավելի քան երբևէ ծանր հետևանքներով: Ժամանակը չի սպասում… 

Հուսով եմ այս հրապարակումը կօգնի արագացնելու «Կամուրջ»-ի հանցավոր հանգույցի քանդմանը, մեղավորներին պատժելուն և կազմակերպության դեռևս հնարավոր առողջացմանը:                                                                                                                          

Գագիկ Վարդանյան

«Կամուրջ» կազմակերպության փաստացի հիմնադիր և նախկին տնօրեն

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված