Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Գյուլբուդաղյանցի նշանակումն անսպասելի չէր



Ինչպես հայտնի է, ՀՖՖ գործկոմը հաստատել է Արմեն Գյուլբուդաղյանցին որպես Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ: Ֆուտբոլասերներից շատերը սպասում էին, որ ընտրանու ղեկը անսպասելիորեն հեռացած Վարդան Մինասյանից հետո ստանձնելու է արտասահմանցի մասնագետ, սակայն ՀՖՖ-ն ի վերջո ընտեց հայ մարզչի:

Չնայած սոցցանցերում որոշ օգտատերեր դժգոհություն են հայտնում նոր նշանակումից, բայց իրատես լինելու դեպքում պիտի նշել, որ այս նշանակումն անսպասելի անվանել չի կարելի: Ընդամենը օրեր անց՝ ամսի 13-ին ու 16-ին, Ազգերի լիգայի մրցաշարում մեր թիմը Երեւանում հյուրընկալելու է Ջիբրալթարի ու ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականներին, եւ հատկապես այս վերջին խաղը վճռորոշ նշանակություն է ունենալու խմբի հաղթողին որոշելու հարցում: Այս պարագայում գլխավոր մարզչի նշանակման ձգձգումը միայն խանգարելու էր մեր ընտրանուն, այնպես որ նոր մարզչի ընտրությունը որքան հարկադրված էր, այնքան էլ կենսական: 

Այս առումով ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը նկատել է, որ ընտրվել է ամենաօպտիմալ տարբերակը: Նա նաեւ պարզաբանել է, թե ինչու արտասահմանցի մասնագետ չի նշանակվել. «Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը, եւ, իմ կարծիքով, սա ամենաօպտիմալ ընտրությունն է: Հավատարիմ մնալով ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած սկզբունքին՝ թափանցիկ գործելաճոին, ես ցանկանում եմ հստակ ներկայացնել, թե ինչպես է կայացվել տվյալ որոշումը, եւ ինչպես են ընթացել բանակցությունները տարբեր մարզիչների հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նշեմ, ՀՖՖ-ն ավելի վաղ չէր մեկնաբանում գործընթացները, քանի որ դա էին պահանջում բանակցությունների մասնակից անձինք:

Արմեն Գյուլբուդաղյանցն առաջին իսկ օրվանից եղել է թեկնածուների շարքում. ավելին՝ մենք նախնական համաձայնություն ենք ձեռք բերել պարոն Գյուլբուդաղյանցի հետ, որ նա ամեն դեպքում աշխատելու է ազգային հավաքականի շտաբում: Նա իրականացրել է մինչեւ հավաքն ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ գործողությունները՝ հրավիրել արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներին, հավաքի ծրագիր մշակել: ՀՖՖ-ն նաեւ բանակցել է մի շարք արտասահմանցի մարզիչների հետ, որոնցից երկուսը համաձայնել են Հայաստան ժամանել՝ ավելի սերտորեն բանակցելու եւ պայմաններին ծանոթանալու համար: Այդ մարզիչներն են եղել իտալացիներ Ջանի դե Բիազին եւ Դելիո Ռոսսին: Նրանք նախապես իմացել են, որ մենք քննարկում ենք նաեւ այլ մարզիչների թեկնածություններ:

Ծանոթանալով իրավիճակին, ուսումնասիրելով Հայաստանի հավաքականի մասնակցությամբ վերջին խաղերը՝ երկու մարզիչն էլ եկել են այն եզրակացության, որ պատրաստ չեն մինչեւ գալիք հանդիպումները մնացած կարճ ժամանակահատվածում գլխավորել ազգային հավաքականը:

Մեր կարծիքով Արմեն Գյուլբուդաղյանցը լավագույնս տիրապետում է իրավիճակին, գիտի ֆուտբոլիստների կարողությունները եւ ունակ է լավագույնս աշխատել ազգային հավաքականի հետ: Հաջողություն ենք մաղթում նրան՝ համոզված լինելով, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կանի առավելագույնը, որպեսզի թիմը արժանապատիվ խաղ ցուցադրի»:

Կարելի է ենթադրել, որ եթե հավաքականը հաջող հանդես գա Ազգերի լիգայի մնացած խաղերում, Գյուլբուդաղյանցը կմնա իր պաշտոնին, այլապես ՀՖՖ-ն կհրավիրի այլ մասնագետ, առավել հավանական է՝ արտերկրից: 

Հիշեցնենք, որ այս ապրիլին Գյուլբուդաղյանցը նշանակվել էր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: ՀՖՖ-ն հայտնել է նաեւ, որ նրան նոր պաշտանում օգնելու են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ): 

Հայաստանի Մ-19 եւ Մ-17 հավաքականների մարզչական շտաբներում եւս տեղի են ունեցել փոփոխություններ: Խզվել են պայմանագրերը արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը: 

Գյուլբուդաղյանցն առաջիկա խաղերին պատրաստվելու համար արդեն հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստի: 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Անատոլի Այվազով, «Բանանց»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)           
Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» 
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա)   
Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա) 
Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)    
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)   
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Յուրա Մովսիսյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել Արաս Օզբիլիզը, Անդրե Չալըշըրը եւ Հայկ Իշխանյանը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված