Երկուշաբթի, 10 դեկտեմբերի

Գոթֆրիդ Գրաֆ. Հայաստանում շվեյցարական պանրի արտադրության հիմնադիրը


Տաշիր համայնքում գործող մեկ տասնյակ պանրագործարաններից շվեյցարական պանիր արտադրում է միայն «Դուստր Մելանյա» ՍՊԸ-ն: «Եվրոպական պանրի մշակման ավանդույթը մեր տարածաշրջանում 1890-ական թվականներից է դրվել, երբ շվեյցարացի Գոթֆրիդ Գրաֆն իր պանրագործարանն է հիմնել այստեղ։ Դրանից հետո գործարանը տասնամյակներ շարունակ աշխատել է, նոր հոսքագծեր են տեղադրվել, եւ լուրջ արտադրություն է կազմակերպվել։ Տաշիրի պետական պանրագործարանում ես սկսել եմ աշխատել 1970-ական թվականներից, մեծ ծավալով շվեյցարական պանիր էինք արտադրում։ Շվեյցարական պանրի արտադրությունը սերնդեսերունդ փոխանցվել է մեզ»,- պատմում է «Դուստր Մելանյա» ընկերության տնօրեն Ռուբեն Հարությունյանը։

Նրա հիմնած ընկերությունը մոտ 10 անուն պանիր է արտադրում, որից չորսը՝ եվրոպական տեսակի՝ «Շվեյցարական», «Հոլանդական», «Գաուդա» եւ «Լալվար»։

1892թ. Լոռվա սարահարթում, Վորոնցովկա գյուղից (ներկայիս Տաշիր) 12 կմ հեռավորության վրա, 30 հազար հեկտար տարածքով ստեղծվել է թագավորական կալվածք: Այն համարվում էր թագավորական տան անշարժ ունեցվածքը, որի մեծ մասը տրվում էր վարձակալության:

1897թ. թագավորական կալվածքից որոշ տարածք վարձակալել եւ իր տնտեսությունն է ստեղծել Շվեյցարիայից հրավիրված պանրագործ վարպետ Գոթֆրիդ Գրաֆը: Նրա տնտեսությունն այն ժամանակ Անդրկովկասում ամենամեծն էր՝ ուներ 700 խոշոր եղջերավոր: Կովերը ներմուծել էին Շվեյցարիայից, Գերմանիայից եւ Ռուսաստանից: Պատմագիրները փոխանցում են, որ Գոթֆրիդ Գրաֆը Շվեյցարիայից պատվիրել էր զանգուլակներ, որոնք կախում էին կովերի պարանոցից: Ասում էին, որ դրանք առույգացնում էին կովերին եւ նպաստում ավելի լավ արածելուն, հետեւապես եւ դրական ազդում կաթնատվության վրա:

Պատմությունը մանրամասներ չի ներկայացնում շվեյցարացի պանրագործի ծավալած արտադրական գործունեության մասին, փոխարենը մինչ օրս պահպանվել են այս տարածաշրջանում նրա ստեղծած երկու պանրագործարանները, Կաթնառատ գյուղի հարակից անտառում գտնվող պանրի բնական սառնարանը, նրա ավերված տան հիմքերը եւ դստեր գերեզմանաքարը:

19-րդ դարի երկրորդ կեսին` 1850-ականներին, շվեյցարացի ֆերմերների մեծ արտագաղթ է տեղի ունենում դեպի ֆրանսիական Ալպեր, որտեղ խոտն ավելի բարձրորակ էր եւ ստացվող կաթը` ավելի յուղալի: Ֆրանսիայում շվեյցարական այդ սփյուռքի ներկայացուցիչներն էին Էմիլ, Օտտո եւ Գոթֆրիդ Գրաֆ եղբայրները, որոնց հիմնադրած պանրի «տունը»` «Գրաֆ եղբայրներ (Դոլ դե Ժուղա)»-ն, 20-րդ դարի սկզբից մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմը համարվում էր Ֆրանսիայի երկու խոշորագույն ընկերություններից մեկը (մյուսը շվեյցարական Gerber ընկերությունն էր):

Գրաֆ եղբայրները համարվում են նաեւ հալած պանրի (fromage de gruyère fondu) բաղադրատոմսի գյուտարարները:

Հայկական ալպիական մարգագետինները նույնչափ գրավիչ են եղել պանրագործ վարպետի համար: Հայաստանում արտադրված պանրի եւ մյուս կաթնամթերքների բարձր որակը պայմանավորված էր լեռնային արոտավայրերով, որտեղ հիանալի համ ու հոտով կաթ էր ստացվում:

Գոթֆրիդ Գրաֆի կալվածքը պահպանվել է մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը: Հայաստանի ժողկոմխորհը 1920թ. դեկտեմբերի 28-ին հրապարակեց «Հողերի պետականացման մասին» դեկրետը, որով ԽՍՀՄ-ում ազգայնացվեց ամբողջ հողը, վերացվեց նրա նկատմամբ եղած մասնավոր սեփականատիրական իրավունքը, և անհատույց բռնագրավվեցին կալվածատիրական ու եկեղեցապատկան հողերը (Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 6, էջ 527)։ 

Պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանն իր «Հողային հարցը եւ հողային բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում 1918-20թթ․» գրքում գրում է, որ Ջալալօղլի (ներկայիս Ստեփանավան) ուղարկած հեռագրերից մեկում (1919թ. հունվարի 6) շրջանային կոմիսարին տեղյակ էր պահվում, թե Ղարաղալայի նախկին ցարական ընտանիքին պատկանող կալվածքի գույքը զավթում են: «Կոմիսարին խնդրում էին միջոցներ ձեռնարկել այդ գույքը պաշտպանելու համար: Կալվածքը մինչ այդ մեծ չափով թալանվել ու ավերվել էր թուրք զավթիչների, ինչպես նաեւ` «տեղական ավազակախմբերի» կողմից: Այս կալվածքը, որը ցարական պետությունը գնել էր վրացի ազնվականներից, վարձակալության միջոցով վերածվեց զարգացած անասնաբուծական տնտեսության:

Երկար տարիներ տնտեսությունը վարում էր շվեյցարացի Գոթֆրիդ Գրաֆը: Նրա ժամանակ տնտեսությունը, որն ընդգրկում էր մի քանի հազար դեսյատին ալպյան արոտավայրեր, ուներ մի քանի հարյուր գլուխ ձի, կով, հիմնականում` «Սիմենտալ» արտադրողներ, խոզեր, ինչպես նաեւ զանազան ցանքեր, յուղի ու պանրի գործարան եւ այլն։ Ջալալօղլու չքավոր գյուղացիներն այդ կալվածատերի մշտական մշակներն էին:

Լոռու հեղափոխական շարժումների վերաբերյալ մի զեկուցագրում կարդում ենք այն մասին, որ այդ տեղամասում ավերվել էին գրեթե բոլոր պանրամշակման գործարանները, հափշտակվել էին նրանց գույքն ու բոլոր անասունները (ինչպես ցեղական, այնպես էլ տեղական), իսկ խոտը մասամբ հրկիզվել ու կողոպտվել էր գյուղացիների կողմից»:

1920թ., երբ Գոթֆրիդ Գրաֆից խլվել է կալվածքը, նա հեռացել է Հայաստանից՝ այնտեղ թողնելով 1901թ. մահացած դստեր գերեզմանը (ծնվել էր 1882թ.):

Գոթֆրիդ Գրաֆի կառուցած երկու պանրագործարաններից մեկը Կաթնառատ գյուղում է, մյուսը՝ Մեղվահովիտում (գտնվում է Տաշիր քաղաքից 11 կմ հարավ-արեւմուտք): Գործարանի ներքնահարկում գտնվող պանրի պահման ավազանները, պահեստները, նաեւ որոշ սարքավորումներ պահպանվել են այնպես, ինչպես այն կառուցվել է 19-րդ դարի վերջին: ԽՍՀՄ տարիներին երկու պանրագործարաններն էլ աշխատել են, պանրագործ վարպետները պահպանել եւ միմյանց են փոխանցել շվեյցարական պանրի արտադրության եղանակը:

Կաթնառատ գյուղը 1923թ. վերակազմավորվել եւ դարձել է ԽՍՀՄ առաջին խորհրդային տնտեսություններից մեկը։ Շվեյցարացի ֆերմեր Գոթֆրիդ Գրաֆի ստեղծած պանրագործական տնտեսության բազայի վրա հիմնվել է պետական անասնապահական տնտեսություն՝ «Պետֆերմա», իսկ 1930-ից՝ Մոսկվայի ենթակայության խորհրդային տնտեսություն: Մինչեւ 1961թ. Կաթնառատ գյուղը Ռուսաստանի ենթակայության է եղել, եւ այստեղ արտադրված շվեյցարական պանիրն առաքվել է Մոսկվա: 1961թ.-ից հետո գյուղը պետական տնտեսության կարգավիճակով ենթարկվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը, ապա` Անասաբուժական-անասնաբուծական ինստիտուտին:

Կալինինոյի գործարանի պանրի արտադրամասը, 31.01.1980, հեղ.` Գաբրիելյան 

Գրաֆի՝ Մեղվահովիտում գտնվող գործարանը 1987թ. գնել է «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ն եւ մինչեւ 2014թ. նրանք շվեյցարական ու հոլանդական պանիր են արտադրել այստեղ: Տաշիրի Մեծավան գյուղից սերող Դումիկյաններն այս գործարանում աշխատել են 1949թ.-ից եւ ընտանիքով ապրել գործարանի տարածքում։ Սեփականատերերից մեկը՝ Համլետ Դումիկյանը, հայտնեց, որ իր հայրն ու հորեղբայրները բարձրակարգ պանրագործ վարպետներ էին, նրանք շվեյցարական պանիր էին արտադրում եւ այլ աղաջրային պանիրներ: Նրանց բարձրորակ արտադրանքը համամիութենական նվաճումների ցուցահանդեսում բազմիցս պարգեւների է արժանացել։

Գործարանը գնելուց հետո սեփականատերերը որոշ փոփոխություններ են կատարել այնտեղ եւ, ինչպես Համլետ Դումիկյանը ներկայացրեց, նույն տեխնոլոգիայով մինչեւ 2014-ը շարունակել են շվեյցարական պանրի արտադրությունը։ «Այս վայրերից ստացվող կաթը բարձրորակ է, եւ լավ պանիր է ստացվում։ Մենք օգտագործել ենք դեռեւս Գոթֆրիդ Գրաֆի ժամանակներից պահպանված սարքավորումները, նկուղները, պահեստները, 10 տոննա տարողությամբ ավազանները, որոնց մեջ պանիրն է պահվել։ Մեքենայացված շատ քիչ պրոցեսներ կան, կարողացել ենք մեծ քանակությամբ պանիր արտադրել բնական եղանակով, վաճառել ենք Երեւանում եւ արտահանել Մոսկվա»,- պատմեց պրն. Դումիկյանը։

Ընկերությունը 2014թ.-ից դադարեցրել է շվեյցարական պանրի արտադրությունը: «Հիմնականում ջրի խնդիրն է, հին ջրագծեր էին այստեղ, որոնք ընդհանրապես շարքից դուրս եկան, խողովակը գետի ջրին էր միացված եւ սննդի անվտանգության տեսանկյունից նպատակահարմար չէր դրա օգտագործումը»,- հայտնեց Համլետ Դումիկյանը։

Մեղվահովիտը հայտնի է նաեւ իր խմելու ընտիր ջրի պաշարներով։ Հ. Դումիկյանի ասելով՝ 1 կմ հեռավորությունից ջուրը կարող են տեղ հասցնել, որից հետո կշարունակեն շվեյցարական պանիր արտադրել։

Գոթֆրիդ Գրաֆի կառուցած մյուս՝ Կաթնաղբյուր գյուղում գտնվող 526,9 քմ պանրագործարանը եւ 80.000 քմ հողամասը 2006թ. ձեռք է բերել Երեւան քաղաքի բնակիչ Անդրանիկ Խաչատրյանը: 2006թ. սեպտեմբերին սեփականատերը հիմնել է «Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ Պանրագործարան» ՍՊԸ-ն (նույնն է՝ Գոթֆրիդ Գրաֆ- Ս.Պ.): Այս գործարանը մոտ 5 տարի աշխատել է, սակայն այստեղ շվեյցարական պանիր չեն արտադրել: 2014թ. հուլիսին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ Պանրագործարան» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել: ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչին պահանջներ են ներկայացրել թվով 2 պարտատերեր՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ն, որի պահանջը եղել է 190.007.95 ԱՄՆ դոլար եւ 23.271.294.8 դրամ, եւ Ֆինանսների նախարարության Վանաձորի ՏՀՏ-ն՝ 3.957.650 դրամ պահանջով:

2016թ. օգոստոսի 30-ին «Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ Պանրագործարան» ՍՊԸ-ի` «Յունիբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Մեկ տարվա ընթացքում գույքը բազմիցս աճուրդի է դրվել, բայց գնորդ չի գտնվել: Սնանկացած սեփականատերն այս ձախողված բիզնես գործունեության արդյունքում կորցրել է նաեւ սեփական տունը ու հեռացել երկրից։

Մեկնելուց առաջ գործարանի սեփականատերը տեղափոխել է Գոթֆրիդ Գրաֆի դստեր գերեզմանաքարը եւ ի պահ տվել Կաթնառատ գյուղի բնակիչ Տելեմակ Մուրադյանին:

Լուսանկարները և տեսանյութը` Դավիթ Բանուչյանի: Արխիվային լուսանկարները՝ ՀՀ Ազգային արխիվից: 

Գլխավոր լուսանկարում` Կալինինոյի պանրի գործարանում  շվեյցարական պանիր են պատրաստում, 1980թ. հեղինակ` Կայֆաջյան 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. Aram21:00 - 8 հոկտեմբերի, 2018
This FROMAGE history was a lengthy one. Where in Hayastan may one buy a cheese that is not (eternally) dipped in brine that one might buy. The names of the markets would be appreciated by most of us who have high blood pressure and/or do not desire high blood pressure for themselves or others
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։