Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Տաշիրի տարածաշրջանում գործող անասնապահական ֆերմաները արդիականացման կարիք ունեն


Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանը դեռեւս խորհրդային տարիներից հայտնի է եղել որպես զարգացած անասնապահական շրջան: Տաշիր քաղաքն ու շրջակա բնակավայրերը գտնվում են ենթաալպիական գոտում: Տաշիրում, ըստ  2013թ. իրականացրած ուսումնասիրությունների, անասնապահությամբ զբաղվում է մոտ 500 տնտեսություն: Առկա է 4000 գլուխ խոշոր եղջերավոր, որից 1800-ը` կթու կով, 5000 գլուխ ոչխար եւ 3000 գլուխ խոզ: Խոշոր եղջերավորների մոտ 30%-ը բարելավված ցեղեր են (հոլշտեն, սեւաբղետ, ջերսի), մնացածը ավանադական (գորշ եւ շվից) ցեղատեսակներ են՝ պահպանված խորհրդային տարիներից: Տաշիրում կաթնարտադրությամբ զբաղվող տնտեսությունները տարբեր հզորության են՝ 15-20-ից մինչեւ 150-650 գլուխ կովից բաղկացած ֆերմաներ:

Լեւոն Պճուկյանը

17 տարի առաջ Շիրակի մարզի Ախուրյանի բնակիչ, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Լեւոն Պճուկյանը ֆերմերական գործունեությունը սկսելիս առանց տատանվելու ընտրեց հենց Տաշիրի տարածաշրջանը: «Ախուրյանում ո´չ էդքան արոտ կար, ո´չ էլ` խոտհարք, պիտի գնայի լավագույն դեպքում Ամասիայում կամ Աշոցքում հիմնեի, էնտեղ էլ, ասենք, տարածքները զբաղված էին հիմնականում: Դե, Տաշիրում բարեկամներ կային, իրենք խոստացան սկզբնական շրջանում օգնել, տարածք տալ, որ սկսեմ: Սկզբի համար 12 կով եմ գնել, հետո տարիների ընթացքում շատացրել եմ»,-պատմում է Լեւոնը՝ հավելելով, որ գրավիչ են եղել հատկապես Տաշիրի բնակլիմայական պայմանները, խոտի որակն ու արոտների մատչելիությունը:

Միխայլովկա գյուղում շիրակցի ֆերմերի հիմնած ֆերման ներկայում բաղկացած է մեծ ու փոքր 108 գլուխ խոշոր եղջերավորից՝ հիմնականում շվից ցեղատեսակի: Անասունը արոտի դուրս է գալիս գյուղին կից տարածքում: Հեռագնա արոտների վարձակալման խնդիր ֆերմերը չունի: «Միխայլովկան փոքր գյուղ է, քիչ բնակչություն ունի, բայց շատ հողատարածք, սա առավելություն է ցանկացած ֆերմերի համար,-բացատրում է զրուցակիցս,-հեռագնա արոտներից չեմ օգտվում, անասունը սար չի բարձրանում, գնալ-գալու վրա ժամանակ չի կորցնում, նիհարելու, ոտք կոտրելու պրոբլեմներ չենք ունենում, գյուղից դուրս է գալիս ու արդեն արոտավայրում է: Սա լիքը պրոբլեմ է լուծում ինձ համար, մանավանդ որ էս տարածաշրջանում հեռագնա արոտներում խմոցների հարցը լուծված չէ»:

Կաթի գնի վայրիվերումների, սեզոնային փոփոխությունների մասին խոսելիս Լեւոն Պճուկյանը հիշատակում է նախորդ իշխանությունների ժամանակ մի քանի տարի տեւած կաթի փոշու «բումը», որի պատճառով որոշ ֆերմերական տնտեսություններ պարզապես սնանկացան: «Դա երեւի ամենավատ շրջանն էր, որովհետեւ կային մարդիկ, որ մեծ քանակությամբ կաթի փոշի էին ներկրել ու մեր լսելով «պարտադրում էին» վերամշակող ձեռնարկություններին գնել իրենցից: Գուցե պարտադրանք չկար, գուցե կամովին էին գնում, բայց փաստն այն էր, որ կովի կաթի գինը իջեցրել էին լիտրը 90 դրամ ու դու տարբերակ չունեիր՝ կամ պիտի թափեիր, կամ շատ ցածր գնով հանձնեիր»,-ասում է Լեւոնը:

«Ներկայում կաթի գների կայունացման որոշակի միտում է նկատվում»,- ասում է զրուցակիցս: Վերամշակող ձենարկությունները Տաշիրի տարածաշրջանում շատ են, ընտրության հնարավորությունը` եւս, կաթը հանձնում են լիտրը 150 դրամով: Ձմռանը, երբ կովերը շատ քիչ են կթվում, կաթի գինը համեմատաբար բարձրանում է` մինչեւ լիտրը 180 դրամ: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ֆերմերը կաթ վերամշակող ձեռնարկություններին հանձնել է 13 տոննա կաթ. գյուղատնտեսական տարին բարենպաստ էր, խոտը` առատ, համեմատած նախորդ տարվա հետ: Լեւոնն ասում է, որ այս տարի 50 հա-ից քաղել է ձմեռվա կերի ամբողջ պաշարը: Անցած տարի, երբ եղանակները չորային էին, հարկ է եղել վարձակալել 100 հա՝ անհրաժեշտ քանակությունն ապահովելու համար:

Տաշիրում գործունեություն ծավալող շիրակցի ֆերմերը ընդլայնվելու մասին է մտածում: Ցանկություն ունի գոմային պայմանները բարելավել եւ ոչխար պահել: Տարածքն ու շինությունները, որ ներկայում օգտագործվում են որպես անասնաֆերմա, նախկինում ծառայել են Միխայլովկայի սովխոզի գյուղտեխնիկայի պարկին: Լեւոն Պճուկյանը 1 հա տարածքն ու այդտեղ գտնվող շինությունները 16 տարի առաջ գնել է աճուրդով: Գոմը հարմարեցված է ու կահավորված խորհրդային տարիներին ընդունված տարբերակով: Կիթը ֆերմայում կազմակերպվում է ձեռքով եւ ավտոմատացված եղանակով: Նոր գոմ կառուցելու համար ֆերմերին, ըստ նախնական հաշվարկների, առնվազն 30 մլն դրամ է պետք:

«Չկա մի ֆերմեր, որ վարկ չունենա՝ փոքր կամ մեծ: Տոկոսադրույքները բարձր են, չենք կարող շատ վերցնել: Ես էս տարի կով առնելու համար մայիս ամսին 3 մլն դրամ վարկ եմ վերցրել 5 տոկոս տոկոսադրույքով, բայց եթե ուզում եմ ընդլայնվել, պիտի տասն անգամ շատ վերցնեմ ու շատ ցածր տոկոսադրույքով, որ կարողանամ փակել: Հիմա ոչխարի գինը բարձրացել է, գառը 40-45 հազարով են առնում, որ արտահանեն Էմիրություններ,-ասում է զրուցակիցս,-մի քանի տարի առաջ 100 գլուխ ոչխար ունեի, սաղ ծախեցի, որովհետեւ գինը շատ ցածր էր՝ մերացուն գառի հետ 35 հազարով եմ ծախել, բայց հիմա ձեռնտու է դարձել ոչխար պահելը»:

Զարգացող ֆերմերական տնտեսությունների ու մշտական մրցակցության պայմաններում հարկ է մշտապես մտածել թե´ ունեցած ցեղատեսակների բարելավման, թե´ առկա շինությունների ու տեխնոլոգիաների նորացման մասին: Ծնունդով տաշիրցի, ֆերմեր Վահրամ Բեզոյանն ունի գրեթե նույն մտահոգություններն, ինչ շիրակցի գործընկերը: Անասնապահությամբ սկսել է զբաղվել 15 տարի առաջ: Ասում է, որ մինչ այդ գումար վաստակելու նպատակով մեկնել է ՌԴ: 37-ամյա ֆերմերի անասնապահական ֆերման Տաշիր քաղաքին բավական մոտ է: 4000 քմ տարածքն ու առկա շինությունները նախկինում եւս անասուն պահելուն են ծառայել:

Վահրամ Բեզոյանը

«Սկզբում մի 4-5 կով ունեի, որ ուղղակի տնտեսություն վարելու համար էր պետք: Հետո որոշեցի, որ լրջորեն պիտի զբաղվեմ անասնապահությամբ: Եղածին սկզբում ավելացրի 10 կով, հիմա արդեն կովն ու հորթն իրար հետ 100 հատ է,- ասում է Սամվել Բեզոյանը,-իմ ֆերմայում անցել ենք լիովին ավտոմատացված կթի, ձեռքով կիթ չենք իրականացնում, բայց դե դա չի նշանակում, որ ունեցածս շինությունները համապատասխանում են ժամանակակից ստանդարտներին: Ես շատ էի ուզում ժամանակակից կթի սրահ կառուցել: Հետո, որ գները հարցրեցի, էլ պահի տակ մոռացա, թե ինչ էի ուզում սարքել, էնքան որ թանկ էր: 45 հազար դոլար է պետք նման սրահ ունենալու համար` իր բոլոր սարքավորումներով»:

Վահրամ Բեզոյանը եւս դժգոհում է վերամշակող ձեռնարկությունների գնային քաղաքականությունից: Պատմում է, որ անցած տարի լիտրը 110 դրամով է հանձնել, այս տարի արդեն 150 դրամ է, որը շատ թե քիչ հնարավորություն է ընձեռում փակել ընթացիկ ծախսերը: Կաթի գնի սեզոնայնության հետ համակերպված ֆերմերները ցանկանում են, որպեսզի տարվա կտրվածքով դրանք լինեն կայուն: «Մեզ պետք է, որ գինը կայուն լինի՝ մեծ տատանումների չենթարկվի,-ասում է Վահրամ Բեզոյանը,-մենք ֆերմաներում սառնարան չունենք, որ չգնելու դեպքում գոնե մի քանի օր պահենք: Կիթն եղավ՝ պիտի հանձնենք, դե վերցնող կազմակերպություններն էլ առիթից օգտվում են: Երբ փորձում ենք չհամաձայնվել ցածր գնի հետ, ասում են՝ ուզում ես` էս է, չես ուզում` էս է, չէ՞, կարող ես թափել»:

Ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ մատչելի վարկերի մասին Վահրամը եւս երազում է: Շեշտում է, որ առանց վարկային գումարների ներկայում հնարավոր չէ հավելյալ որեւէ գործ ձեռնարկել: «Էլ ի՞նչ ֆերմեր առանց վարկ»,-կատակում է զրուցակիցս: Նշում է, որ բանկերին սովորաբար դիմում են կովերի գլխաքանակն ավելացնելու կամ պակասող կերային բազան լրացնելու համար: «Վարկային կազմակերպությունների հետ ուրիշ խնդիր կա՝ շատ ժամանակ մինչեւ դիմում ենք, մինչեւ հաստատում են, մինչեւ տալիս են, էն, ինչի համար գումարը վերցնում ենք, իրեն էլ չի արդարացնում: 5 տոկոս տոկոսադրույքով վարկ էին տալիս, դիմեցի որ ստանամ, պիտի գարի առնեի, մինչեւ տվեցին գումարը, գարին 2 անգամ թանկացավ ու ստացվավ, որ վարկս 21 տոկոս եղավ, որովհետեւ ժամանակին գումարը ձեռքս չհասավ»,-դժգոհում է զրուցակիցս:

Վահրամ Բեզոյանն, ինչպես եւ Լեւոն Պճուկյանը, մտածում են ֆերմերական տնտեսությունն ընդլայնելու մասին: Եթե Լեւոնը մտածում է զուգահեռ զբաղվել ոչխարաբուծությամբ, ապա Վահրամի ծրագրերը վիետնամական կախփոր խոզերի շուրջ են պտտվում:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։