Երկուշաբթի, 18 նոյեմբերի

Տաշիրում 42 մոլոկան է բնակվում


Ամալյա Մարգարյան

82-ամյա Իվան Պետրովին հանդիպեցինք տան դարպասներից դուրս` ծառի տակ դրված նստարանին: Իվան Իվանիչը (այսպես են նրան դիմում Տաշիրում) հրավիրեց տուն։ «Եթե մոլոկան լինեիք, տուն մտնելուց առաջ պետք է անպայման աղոթեիք»,- ասաց Իվան Պետրովը: Իվան Պետրովի տունը երկհարկանի է, առաստաղը, պատերն` ամբողջությամբ փայտից, տեղ-տեղ ներկը խունացել է: Անկյունում մորից ժառանգություն մնացած փայտե սնդուկն ու պատից կախված մեծ հայելին է:

Նա ցույց է տալիս Աստվածաշնչի երկու օրինակ` թվագրված 1904թ. «Այս գրքով մի ամբողջ սերունդ է կրթություն ստացել, մեկը Տաշիրում եղած ամենահին Աստվածաշունչն է››:

Տանը, որտեղ այսօր միայնակ ապրում է Իվան Պետրովը, նախկինում ապրել է 50 հոգանոց գերդաստան: Նրանք զբաղվել են գյուղատնտեսությամբ, հիմնականում կարտոֆիլ ու ցորեն են մշակել, անասուն պահել։ Պետրովի տան դիմաց դեռ կանգուն է ռուսական բաղնիքը:

Իվան Պետրովի հիշողություններում դեռ վառ են կրոնական դպրոցի մասին դրվագները, երբ ձեռագրեր էին արտագրում, Աստվածաշունչ ընթերցում: Ասում է՝ Տաշիրից մոլոկաները սկսել են հեռանալ ռուսական դպրոցի փակվելուց հետո:

Իվան Իվանիչը չի հիշում` Տաշիրում վերջին անգամ երբ է մոլոկանի հարսանիք եղել, երբ են վերջին անգամ ինքնաեռ տաքացրել: Պատմում է, որ երբ ինքը երեխա էր, հայերի ու մոլոկանների միջև ամուսնությունն արգելված էր, այն հանցանք է դիտվել։ Իսկ այսօր խառն ամուսնություններ հաճախ են լինում:

Տաշիրում մահացող մոլոկանների համար, որպես ավագ, Իվան Իվանիչն է աղոթում: «Մոլոկանները մահացածի հոգին ճանապարհում են աղ ու հացով, իսկ որպես ազգային սնունդ մոլոկանական բորշչ ու կոմպոտ են հյուրասիրում»,- պատմում է նա:

Իվան Պետրովի տնից մի քանի մետր այն կողմ` հայրական 100-ամյա տանն ապրում է մոլոկան Ֆենյա Գալաշապովան: Նա 6 շուն, 8 կատու, 15 հավ եւ բադ է պահում։

«Այգի եմ մշակում, կենդանիներ եմ պահում: Առավոտն արթնանում եմ, կերակրում կենդանիներին, հետո գնում աշխատանքի: Գոհ եմ մշակածս բերքից: Այս տարի լավ կաղամբ ունեմ, վարունգն էլ է լավ աճել»,- ասում է Ֆենյան:

Թափառող կենդանիներին սիրում և տուն է բերում: Ասում է՝ շատ արարողություններ արդեն հայերի նման են անցկացնում, ավանդական հագուստ ու գլխաշորեր չեն կրում, կարողանում են աշխատել։

«Մենք պաշտամունքով չենք տառապում: Մենք ուղղակի խաչը չենք ընդունում, ես չեմ խաչակնքվում, սրբերի նկարները չեմ ընդունում: Ես ուղղակի հավատում եմ Աստծուն ու վերջ։ Մենք եկեղեցի չենք գնում, մեր կրոնական հավաքներին ենք մասնակցում »,- ասում է Ֆենյա Գալաշապովան:

Ֆենյայի տունը փոքր է, փայտից, ցածր առաստաղով, սենյակի կենտրոնում պատի մեջ կառուցած բուխարին է, որը երկար տարիներ չեն օգտագործել։ Տաշիրի մոլոկանների պահպանած ավանդույթներից մեկն էլ ազգային լապշայի պատրաստումն է: Ֆենյան ասում է, որ դա հատուկ նշանակություն ունի, ուրախ առիթների ժամանակ են պատրաստում. «Ամեն ինչ արվում է ձեռքով, գրտնակում են խմորը, մանր կտրատում, չորացնում, հետո հատուկ սոուս պատրաստում։ Աղջկաս համար եմ հիմա պատրաստում»:

Տաշիր քաղաքի կենտրոնական ճանապարհի երկու կողմերում մոլոկանների տներ են` կղմինդրե տանիքներով, դրսից ներկված սպիտակ ու կապույտ գույներով, փորագրված փայտե պատշգամբներով ու պատուհանափեղկերով: Այս տները կառուցողների մասին սակավ տեղեկություններ են պահպանվել: Ըստ տեղացի մոլոկանների՝ իրենց նախապապերը Տաշիր են եկել 1830-40-ականներին: 

Բնակավայրը հիմնադրել են 1844թ. Ռուսական կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսները և Կովկասի փոխարքա Վորոնցովի անունով կոչել Վորոնցովկա։

Նրանք Ռուս Ուղղափառ եկեղեցուց անջատված կրոնական հոսանքի ներկայացուցիչներ էին, ովքեր մերժում էին ուղղափառ եկեղեցին ու ծիսակատարությունները: 

Ցարիզմի օրոք մոլոկանները հալածվում էին եւ արտաքսվում կամ մեծ խմբերով գաղթում այլ երկրներ, այդ թվում` Հարավային Կովկաս։ 

1935թ. Վորոնցովկան վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո։

1961թ. դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983թ. դասվել է Հայաստանի քաղաքների շարքին։

Տաշիր է վերանվանվել 1991թ.` Տաշիր գավառի անունով։

Ըստ Տաշիրի քաղաքապետարանի` քաղաքում այսօր 42 մոլոկան է բնակվում:

Նրանց մեծ մասը միայնակ է ապրում:

Տների մեծ մասը հայերը գնել են, վերափոխել, մի մասի դռներն էլ կողպված են: 

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։