Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Երկրաբանը Հայաստանում նավթ ու գազ գտնելու հեռանկար առանձնապես չի տեսնում



Վերջին 10 տարիներին Հայաստանում տարբեր ընկերություններ ակտիվորեն նավթ ու գազ են որոնում, բայց թե ինչ արդյունք են ունենում ուսումնասիրություններն, ու ընդհանրապես որքան հեռանկարային են դրանք, լրիվ այլ հարց է: Նման հետազոտությունների համար կառավարությունը որոշել է երկրի տարածքը պայմանականորեն բաժանել 6 բլոկի:

Ներկայում ոլորտով հետաքրքրված են կանադական արմատներով «ԱԳԱՊԵ» եւ գործարար Սամվել Կարապետյանի «Հայկական գազի եւ նավթի ընկերություն» ՍՊԸ-ները, սակայն մինչեւ սրանց մուտքը Հայաստանում աշխատել են «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» եւ «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ները:

Այդուհանդերձ, մեր երկրում նավթի ու գազի որոնողական աշխատանքները շատ ավելի հին պատմություն ունեն: Եթե շատ հեռու չգնանք՝ մինչեւ խորհրդային տարիներ, ապա բավական է ասել, որ 1998-1999 թթ. «Հայ-ամերիկյան հետախուզական ընկերության» հայկական մասնաճյուղը Գառնի գյուղի տարածքում զբաղվել է նման ուսումնասիրություններով: ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պետրոլոգիայի եւ իզոտոպային երկաբանության լաբորատորիայի ղեկավար Ղազար Գալոյանը ներգրավված է եղել այդ աշխատանքներին: Նա պատմում է, որ իրենցից բացի՝ նմուշարկմամբ զբաղվող խմբում աշխատել են նաեւ բրիտանացի, բուլղարացի, ռումինացի մասնագետներ:   

Գառնու հարեւանությամբ փորվել էր 3,5 կմ խորությամբ հորատանցք, յուրաքանչյուր 3 մետրից գիտնականները նմուշներ էին վերցնում, տեղում մշակում, նկարագրում, հանույթն ուղարկվում էր նաեւ երեւանյան ու բրիտանական լաբորատորիաներ՝ ուսումնասիրելու համար, սակայն, ըստ Գալոյանի, իրենց առանձնապես որեւէ բան հայտնի չէր դառնում լաբորատոր հետազոտությունների մասին: Մեր զրուցակիցը հիշում է նաեւ, որ, ըստ խոսակցությունների, պետք է եւս երկու հորատանցքեր բացվեին, որոնցից մեկը՝ Արարատյան դաշտում, սակայն բանը դրան չհասավ, ըստ էության, ֆինանսական խնդիրների պատճառով: Աշխատանքներն ավարտվեցին, մարդիկ գործից ազատվեցին, հետագայում էլ ընկերությունը լուծարվեց:

«Մեզ այդպես էլ պարզ չեղավ՝ Գառնու ընդերքում որեւէ բան կա՞ր, թե՞ ոչ: Ամեն դեպքում, մեր հորատած հատվածում համակարգչի մոնիտորին գազի արտառոց նշաններ չկային: Ոչ թե պաշարներ չկային, այլ ուղղակի նշաններ չկային: Ասում էին, թե գուցե ճիշտ տեղ չի ընտրվել, այլապես կարելի էր դուրս գալ հենց «գմբեթի» վրա, որտեղ գազ է կուտակվում»,- ասում է Ղազար Գալոյանն ու հավելում, որ նախ պետք էր պարզել, թե ինչ երկրաբանական ստրուկտուրաներ գոյություն ունեն Գառնիում, ապա նոր անդրադառնալ կոնկրետ տեղանքի ընտրությանը:

Միաժամանակ ժպիտով հիշում է, որ օժանդակ անձնակազմում աշխատողների մի մասը, ովքեր տեղացիներ էին, պնդում էին, թե Հայաստանի ընդերքով դեպի Ադրբեջան նավթի գետ է հոսում, ու հորատանցքով ծակելու են այդ հոսքը: Սա նշում է որպես անտեղյակության օրինակ:

Գիտնականը շեշտում է, որ նավթ ու գազ հայտնաբերելու համար մասնագետները միշտ փնտրում են նստվածքներ: Հայաստանում կան նման շերտախմբեր, որոնք ունեն նստվածքային ծագում եւ գոյացել են ծովերի, օվկիանոսանման ավազանների հատակին: Ղ. Գալոյանն առանձնացնում է Վայոց ձորի եւ դրան հարեւան Նախիջեւանի նստվածքային ապարները, որոնք առաջացել են պերմի ժամանակաշրջանում (սկսվել է մեզնից շուրջ 300 մլն տարի եւ ավարտվել 250 մլն տարի առաջ): «Վայոց ձորում մենք ունենք պերմի հասակի կրաքարեր, որոնք սեւ են եւ իրենց մեջ պարունակում են օրգանական մնացորդ, որը կոչվում է բիտում, իսկ կրաքարերը կոչվում են բիտումաբեր կամ բիտումակիր: Եթե լինենք, մասնավորապես, Նորավանքի տարածքում, կտեսնենք, որ այն կառուցված է հենց այդպիսի տեղանքում»,- ասում է երկրաբանը:

Այդուհանդերձ, գիտնականը հիշեցնում է, որ Հայաստանն առավելապես հրաբխային երկիր է. վերջին 2,5 մլն տարում մեր երկրի ներկա տարածքի շուրջ 60 տոկոսը ծածկվել է ակտիվ հրաբխային առաջացումներով: Ակտիվ հրաբխականություն այստեղ եղել է նաեւ յուրայի ժամանակաշրջանում (մեզնից առաջ մոտ 200-150 մլն տարի): «Մագմատիզմի պայմաններում սպասել նավթային խոշոր հեռանկարներ, կարծում եմ, տեղի չէ»,- նշում է մեր զրուցակիցը:

Գլխավորապես Վայոց ձորն ու Սյունիքն ընդգրկող 5-րդ եւ 6-րդ բլոկներով հետաքրքրված «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի բաժնետեր կանադական «Armenian Gas and Power Enterprises Inc.» ԲԲԸ-ն իր կայքում Հայաստանի նավթագազային հավանական պաշարների մասին հայտնում է. «Հայաստանի ածխաջրածնի պաշարներն, ասում, են թե անտեսվել են, չնայած այն փաստին, որ Հայաստանի հարեւան երկրներն են Իրանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Թուքիան, որոնք միասին վերցված արդյունահանում են միլիարդավոր բարել նավթ ու տրիլիոնավոր խորանարդ մետր գազ եւ գտնվում են մի տարածքում, որը համարվում է նավթարդյունաբերության ծննդավայրերից մեկը։ Ներկայումս Հայաստանը գրեթե իր ողջ ածխաջրածնային պաշարները ներմուծում է գազատարի միջոցով Ռուսաստանից ու Իրանից՝ իր շուկայում տեղը պատրաստ թողնելով տեղական պաշարների համար»։    

Խոսելով հարեւանների եւ մեր հնարավորությունների համեմատականի մասին՝ Ղ. Գալոյանն ասում է, որ, իր տեղեկություններով, նույն Ադրբեջանում նավթի առաջացման գործընթացը համեմատաբար երիտասարդ հասակ ունի. ծովային ծագման նստվածքային ապարների շերտախմբերը մինչեւ 5-6 մլն տավա պատմություն ունեն, այլ կերպ ասած՝ երբ Ադրբեջանի ներկա տարածքում տեղի է ունեցել նստվածքակուտակում, եւ օրգանական նյութը ժամանակի ընթացքում վեր է ածվել նավթի ու գազի պաշարների կամ երեւակումների, նույն ընթացքում Հայաստանի տարածքում տեղի է ունեցել ակտիվ հրաբխականություն:

«Եթե նույնիսկ մեր ընդերքում գոյություն են ունեցել նավթի ու գազի փոքր խցեր, գրպաններ, ապա հրաբխային պայթյունի արդյունքում դրանք կարող էին ցնդել, նաեւ նպաստել ակտիվ պայթյուններին: Սա տեսակետ է, որի մասին կարելի է մտածել,- ասում է երկրաբանը,- Հայաստանի տարածքն իր ակտիվ հրաբխականությամբ այնքան էլ հույս չի ներշնչում այստեղ նավթի ու գազի հեռանկարներ տեսնելու եւ գնահատելու հարցում»:

Միաժամանակ, սակայն, գիտնականը ցանկանում է, որ այս ոլորտը մեր գիտության մեջ նույնպես զարգանա: Ասում է, որ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում 1980-ականներից գործել է նավթի լաբորատորիա, որը 1990-ականներին փակվել է: Ոլորտով զբաղվող գիտնականներ էլ այսօր գրեթե չկան: «Ժամանակին ունեինք ստրատիգրաֆներ, որոնք շերտագրական ուսումնասիրություններ էին անում, հիմա չունենք նման պրոֆիլի մասնագետներ: Ճիշտ է, ունենք ապարագետներ, որոնք նստվածքային ապարների մասնագետներ են, ունենք նաեւ հնէաբաններ, որոնք եւս այդ ապարների մեջ են ուսումնասիրություններ կատարում, բայց 1930-40-ականներից մինչեւ 1980-ականների վերջերը կատարվող աշխատանքների որակով ու քանակով ներկայում չի արվում»,- նկատում է երկրաբանը՝ նշելով, որ ներկա աշխատանքների շեշտադրումն այլ ուղղությունների վրա է: Այլ կերպ ասած՝ եթե խորհրդային տարիներին Հայաստանի նավթագազային ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարվել են թեկուզ ուղեկցող աշխատանքների տեսքով, ապա հիմա այդ դաշտը, կարծես, խոպան է:

«Ինձ՝ որպես երկրաբանի, հետաքրքիր է, թե արդյոք ունենք հեռանկարային տեղամաս, որը կարող էր պայման հանդիսանալ նավթի կուտակման համար, եւ որը մենք կկարողանայինք ներառել մեր երկրաբանական պատկերացումներում»,- ասում է Ղազար Գալոյանը:

Լուսանկարը՝ Ղ. Գալոյանի ֆեյսբուքյան էջից 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված