Երեքշաբթի, 17 սեպտեմբերի

Պաշտպանների խոսքով՝ Դոն Պիպոն անօրինական ազդեցություն ունի մեղադրող դատախազի վրա



Քրեական հեղինակություններ համարվող Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան), Զապի ( Անդրանիկ Սողոյան) և Օշականցի Գևորիկի (Գևորգ Մելիքյան) դեմ նախապատրաստվող սպանության մեջ մեղադրվող Զոհրաբ Ղումաշյանի պաշտպանները կասկածի տակ են դնում գործով դատախազ Արամ Արամյանի անաչառությունը:

Ասօր նշանակված էր նախապատրաստվող սպանությունների գործով դատական նիստ, որի ընթացքում Զոհրաբ Ղումաշյանի պաշտպաններ Վահան Հովհաննիսյանն ու Ժորա Պետրոսյանը բացարկ հայտնեցին մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Արամյանին: Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ գործի քննության ընթացքում մեղադրող դատախազի կողմից հովանավորչություն է ցուցաբերվել գործով տուժող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի նկատմամբ:

«Սա լոկ ենթադրություն չէ, եթե երկրում քաղաքական իրավիճակը չփոխվեր, Արթուր Ասատրյանի տանն այդպես էլ խուզարկություն չէր կատարվի, և չէր հայտնաբերվի ողջ այն ռազմամթերքն ու հրազենը, որն այժմ հայտնաբերվել է»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ պաշտպանական կողմի՝ գործով տուժող Արթուր Ասատրյանն անօրինական ազդեցություն ունի մեղադրող դատախազի վրա, և Արամյանը կաշկանդված է այս գործով տուժողի նկատմամբ հատուկ վերաբերմունքով: «Արամյանը, կաշկանդված լինելով տուժողների անձով, կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել և ցուցաբերելու գործով ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի նկատմամբ՝ նպատակ ունենալով դրսևորել այնպիսի դիրքորոշում, որը հաճո կլինի տուժողներին»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Պաշտպանը նշեց նաև, որ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերի ամբողջ ծավալին ծանոթանալու հնարավորությունից, քանի որ իրենց նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամանակ չի տրամադրվել: Արդյունքում պաշտպանական կողմն, ըստ Հովհաննիսյանի խոսքի, նախաքննության ավարտին չի ներկայացրել գործի համար էական նշանակություն ունեցող միջնորդություններ:

Դատախազ Արամյանը, սակայն, հերյուրանք որակեց տուժող կողմի նկատմամբ օրենքից չբխող մոտեցում ունենալու վերաբերյալ պաշտպանի հայտարարությունն ու կարծիք հայտնեց, որ նման հայտարարություններ անելու նպատակը գործի քննության վրա ստվեր գցելն է: Դատախազը նշեց նաև, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է, թե նախաքննության ընթացքում մերժվել է անհետաձգելի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ իրենց միջնորդությունը, որը, սակայն, իրականությանը չի համապատասխանում: Խորհրդակցական սենյակ հեռանալով՝ դատարանը որոշեց մերժել դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը: Նշենք, որ Արթուր Ասատրյանը, Անդրանիկ Սողոյանը և Գևորգ Մելիքյանը, ովքեր տուժողի կարգավիճակ ունեն, դատական նիստին չեն ներկայացել:

Դատավարության կողմերն այսօրվա նիստն առանց տուժողների անցկացնելու վերաբերյալ առարկություններ չներկայացրին:

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 24-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկից ձերբակալվել են 3 անձինք, որոնք, ըստ ոստիկանության ունեցած օպերատիվ հետախուզական տեղեկությունների՝ նախապատրաստելիս են եղել սպանություն, և այդ նպատակով Էջմիածնում վարձել այն բնակարանը, որտեղից, ըստ ոստիկանության, իրենք հայտնաբերվել են: Երեք անձինք, ովքեր այս գործով ձերբակալվեցին, Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանն ու Վազգեն Ղազախեցյանն էին:

Օրեր անց ձերբակալվեց նաև Զոհրաբ Ղումաշյանը: Վերջիններս հետագայում կալանավորվել են ու առ այսօր գտնվում են կալանքի տակ: Գործի նախաքննության սկզբնական փուլում նրանք մեղադրվում էին Արթուր Ասատրյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, սակայն նախաքննության ավարտին նրանց մեղադրանքը լրացվեց ու այժմ մեղադրվում են ոչ միայն Ասատրյանի, այլ նաև Գևորգ Մելիքյանի և Անդրանիկ Սողոյանի դեմ սպանություն նախապատրաստելու մեջ:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ գործը դատարանում է, իսկ նրանցից երեքին առևանգելու վերաբերյալ գործի քննությունը դեռևս շարունակվում է Այս գործի շրջանակներում Արթուր Ասատրյանը մեղասրյալի կարգավիճակ ունի, տևական ժամանակ գռնվում էր կալանքի տակ, սակայն այժմ 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված