Հինգշաբթի, 22 օգոստոսի

«Հանուն Հայրենիքի» խմբի գործով կալանավորված Հայկ Իսկանդարյան



սկիզբ

Առեղծվածային մահ

«Հանուն Հայրենիքի» ամսագրի հրատարակմանն աջակցելու համար` խմբի անդամների հետ ձերբակալվում է նաեւ Հայկ Իսկանդարյանը: Դատավարությունից առաջ նա մահացավ ՊԱԿ-ի մեկուսարանում: Մինչ օրս նրա մահվան հանգամանքները հայտնի չեն եւ անհայտ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը միայն անունով է դարձել ազգային անվտանգություն, իսկ իրականում` ե՛ւ իր մտածողությամբ, ե՛ւ իր առջեւ դրված խնդիրներով, ե՛ւ իր առօրյայով, ե՛ւ իր գործելաոճով, ե՛ւ անցյալի նկատմամբ դրսեւորվող անսքող հավատարմությամբ մնացել է Չեկա - ՊԱԿ – КГБ:

Հայկ Բաղդասարի Իսկանդարյանը ծնվել է 1909 թ. սեպտեմբերի 23-ին, Սիսիանի շրջանում: 1922 թվականին հոր հետ տեղափոխվել է Բաքու, որտեղ սովորել եւ 1928-ին ավարտել է Թումանյանի անվան դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի շինարարական ֆակուլտետը: Ուսումը շարունակել է Մոսկվայի Կույբիշեւի անվան ռազմա-ճարտարագիտական ակադեմիայում: 1942-ին մեկնել է ռազմաճակատ: Կերչում հայտնվել է շրջափակման մեջ եւ գերեվարվել: Ռազմագերիների ճամբարում հայերին առանձնացրել եւ տեղափոխել են Լիխվիցա քաղաք, որտեղ Իսկանդարյանն ընդունվել է հայկական լեգեոն` ստանալով կրտսեր հրամանատարի կոչում: Բեռլինում հրատարակվող «Հայաստան» լրագրի խմբագրությունում թարգմանիչ է աշխատել: 1944-ին ֆաշիստները ձերբակալել ու բանտարկել են նրան` որպես վստահություն չներշնչող տարրի: Կալանավորներին տեղափոխող գնացքը ենթարկվում է ռմբակոծության, եւ Իսկանդարյանն, առիթից օգտվելով, փախչում է: Ֆրանսիայի  Նիմ քաղաքում միանում է պարտիզաններին ու պարտիզանական ջոկատների կազմում կռվում ֆաշիստների դեմ: Հայկական գնդի հետ 1945-ին վերադառնում է Հայաստան: Պատերազմից հետո` մինչեւ իր ձերբակալումը եւ մահը ճարտարագետ է աշխատել հիդրոշինարարության բնագավառում: 1960-68 թթ. «Երեւաննախագիծ» ինստիտուտում եղել է հիդրոտեխնիկական կառույցների խմբի ղեկավար:

1964 թվականին ԽՍՀՄ ղեկավար մարմիններին` ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեին,  ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, Նախարարների խորհրդին հասցեագրված` Ղարաբաղը եւ Նախիջեւանը Հայաստանին վերամիավորելու հարցով  նամակներ է պատրաստում` հավաքելով 5501 ստորագրություն: Հնարավորինս շատ ու ծանրակշիռ ստորագրություններ հավաքելու նպատակով Հայկ Իսկանդարյանը ջանք է թափում, որ առաջին երկու ստորագրությունները լինեն Մարտիրոս Սարյանինը եւ Գոհար Գասպարյանինը եւ հաջողում է:

Եւս մեկ նման բովանդակությամբ նամակ Իսկանդարյանը  պատրաստում է 1967 թվականին, որի տակ պետք է լինեին միայն Ղարաբաղի եւ Նախիջեւանի բնակիչների ստորագրությունները: Հավաքում է 1906 ստորագրություն:

1967 թվականին Հանուն Հայրենիքի խմբի անդամ Սարգիս Թորոսյանը նրան առաջարկում է մասնակցել «Հանուն Հայրենիքի» ամսագրի տպագրության աշխատանքներին, բայց Հայկ Իսկանդարյանը դեմ է արտահայտվում ընդհատակյա ամսագրի լույսընծայման մտադրությանը: Իր դեմ լինելը նա բացատրում է այն հանգամանքով, որ խորհրդային հատուկ ծառայությունները շատ շուտ կկարողանան բացահայտել ու ձերբակալել գաղտնի գործող կազմակերպության անդամներին: Դեմ լինելով հանդերձ, նա ամսագրի հրատարակմանն է տրամադրում իր ձեռքի տակ եղած Գարեգին Նժդեհի «Բաց նամակ հայ մտավորականությանը» գրքույկը եւ Ավետիս Ահարոնյանի «Սովետական Ռուսիո արտաքին գործոց ժողովրդական  կոմիսար պարոն Չիչերինին» նամակը:

1968 թ. հուլիսի 2-ին «Հանուն Հայրենիքի» խումբը ձերբակալվում է: Իսկանդարյանը վաղուց ի վեր ՊԱԿ-ի ուշադրության կենտրոնում էր: Պարզելով, որ նա առնչություն ունի խմբի անդամների հետ` վճռում են ձերբակալել նաեւ նրան:

Խուզարկությամբ` Հայկ Իսկանդարյանի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել են հետեւյալ փաստաթղթերը` Թալերի «Հայաստանը եւ Թուրքիան», Դոկտոր Նազըմի ճառը  1910 թ. (հայերին ոչնչացնելու մասին), Բուլղարիայի կոմկուսի քարտուղար Դիմիտրովի ելույթը հայկական հողերի մասին, Օրջոնիկիձեի ելույթը Նարիմանովի որոշման կապակցությամբ, Գեմբարսկու երկու նամակը` ա. Ու  Տանին, բ. Հնդկաստանի պրեզիդենտին, «Պրավդայի» հոդվածը 1921 թվականին` վերնագրված «Կեցցե Սովետական Հայաստանը», Ստալինի հեռագիրը Լենինին (Արեւմտյան Հայաստանի կապակցությամբ):

Թվարկված նյութերը բազմացված են եղել` 50-ական օրինակ, եւ պետք է ուղարկվեին Սովետական Միության կազմում գտնվող հանրապետությունների ակադեմիաներին, գրողներին, հասարակական ու քաղաքական գործիչներին:

Առգրավվել  էին նաեւ իր  հեղինակած հետեւյալ  նյութերը` Նամակ Շոլոխովին («Գրո՛ղ Շոլոխով» վերնագրով, որտեղ Շոլոխովին մեղադրում է ռուսական շովինիզմի սպասարկու լինելու համար. նամակն ուղարկվել է խորհրդային 15 հանրապետությունների գրողների միություններին), Մտորումներ ինքնուրույն պետականություն ունենալու   մասին, Կոչ սփյուռքի հայերին (5-ական օրինակ` հայկական համայնքներ ուղարկելու համար), շնորհակալական պատասխան նամակներ Բ. Գեմբարսկուն, Ի. Էրենբուրգին եւ Կոչ Եղեռնի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Թանկագին ընկերներ

Մեր սուրբ նահատակների հիշատակին նվիրված օրը` ապրիլի 24-ը, որ անմոռաց սխրագործությամբ անցյալ տարի դարձրինք հայ ժողովրդի պայքարի եւ նրա պատմության անմոռանալի էջերից մեկը, պետք է դառնա ավանդական ու նվիրական մի սրբազան պահ հայի համար:

Այս  տարի այդ  արժանահիշատակ  օրը նշելու համար,  խոնարհ ու որդիական պարտքի սուրբ գիտակցությամբ, փողոց դուրս եկանք, սակայն իշխանավորները` ազգային, մարդկային արժանապատվությունից զուրկ իրենց բութ կամակատարների միջոցով ճնշեցին մեր խաղաղ եւ արդար ցույցը, որն ուղղված էր ցեղասպանության, մեր պատմական հայրենիքի զավթման եւ աշխարհում իր նմանը չունեցող անլուր անարդարության դեմ: Այդ մարդիկ պետք է սարսուռ ապրեն, երբ հիշեն, որ իրենք պաշտպան կանգնեցին թուրքին եւ արդարասպանությանը: Ահա իմաստը նրանց ամոթաբեր եւ խայտառակ արարքի: Բայց մենք, այնուամենայնիվ, վսեմ պարտքի գիտակցությամբ`այդ նվիրական օրը լցրեցինք մայրաքաղաքի փողոցներն ու հրապարակները եւ հարգանք մատուցեցինք միլիոնավոր նահատակների շիրիմներին:

Լինենք վսեմ եւ հպարտ մեր արդարության խոր գիտակցությամբ եւ չխնայենք կյանքը, ուժերը, եռանդը մեր մեջ` ժողովրդի շահերի պաշտպանության ոտնահարված իրավունքների վերահաստատման պայքարի դժվարին ճանապարհին:

Հայկ Իսկանդարյան»։

(Կոչում խոսք է գնում 1965թ․ապրիլի 24-ի խաղաղ ցույցի հաջողության եւ 1966 թ․ ապրիլի 24-ի ցույցը իշխանությունների կողմից ցրելու մասին)։

Բեյրութում Հնչակյան կուսակցությունը 1965թ. հանդես է գալիս հայերին ուղղված կոչով, որում, մասնավորապես, ասվում է. «Կոչ ենք անում մեր հայրենակիցներին` ոտքի կանգնել եւ խաղաղ միջոցներով հետապնդել մեր հողային դատը»: Իսկանդարյանը հանդես է գալիս պատասխան կոչով` ուղղված սփյուռքի քաղաքական-հասարակական կազմակերպություններին, ողջ հայ ժողովրդին: Նա, մասնավորապես, գրում է.

«Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհի բազմաթիվ ժողովուրդներ դարձան պետական կյանքի տերեր, ժողովուրդներ, որոնք անգամ պետական գիտակցության չէին հասնում. մենք ուրախ ենք նրանց առաջընթացի համար, բայց չպետք է մոռանանք, որ մեր պաշտելի հայրենիքը թուրք զավթիչների տիրապետության տակ է, որ հայ ավերված փլատակների տակ դեռեւս չի փտել թուրքի ձեռքով մորթված հայ մանուկի դին…»: Կոչը ստորագրված է այսպես` Հայ Դատի Երեւանյան կոմիտե:

1968 թ. սեպտեմբերի 10-ին, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում հիդրոշինարար Աստվածատրյանին նվիրված կոնֆերանս է ընթանում: Կոնֆերանսին մասնակցում է նաեւ Իսկանդարյանը: Հենց կոնֆերանսի դահլիճում էլ ձերբակալում են նրան:

Ձերբակալությունից երեք ամիս անց`դեկտեմբերի 16-ին ընտանիքի անդամների հետ տեսակցության հնարավորություն են ընձեռում նրան: Սա էլ լինում է հարազատների հետ Իսկանդարյանի  վերջին հանդիպումը: 59 տարեկանում` 1968 թ. դեկտեմբերի 25-ին` տեսակցությունից ինն օր անց, ՊԱԿ-ի մեկուսարանում` անհայտ հանգամանքներում վախճանվում է Հայկ Իսկանդարյանը: Երկու օր անց` դեկտեմբերի 27-ին, ՊԱԿ-ից զանգահարում են Իսկանդարյանի ընտանիքի անդամներին եւ հրավիրելով իրենց մոտ` տեղեկացնում, որ Իսկանդարյանը մահացել է: Արգելում են զանգահարել անգամ ամենամոտ հարազատներին: Ողջ օրն ընտանիքի անդամներին պահում են Պետանվտանգության կոմիտեի շենքում եւ միայն երեկոյան դուրս են բերում ետնամուտքից, նստեցնում ՊԱԿ- ի շենքի բակում սպասող ավտոբուսն ու տանում Սովետաշենի գերեզմանատուն: Այնտեղ էլ` Պետանվտանգության կոմիտեի աշխատակիցների բերած բանվորները թաղում են ժամանակի լավագույն մտավորականներից մեկին` Հայկ Իսկանդարյանին:

Պատմում է Հայկ Իսկանդարյանի դուստրը` Ալբինան

«Այդ օրը մայրս առաջարկեց թաքցնել տանը գտնվող գրամեքենան, սակայն նա ասաց, որ դրա կարիքը չկա. «Նրանց ամեն ինչ հայտնի է, միեւնույն է` կգտնեն»: Ձերբակալությունից  երեք ամիս անց` դեկտեմբերի 16-ին մեզ նրա հետ տեսակցության հնարավորություն տվեցին: Նա շատ էր փոխվել: Մազերն ամբողջությամբ սպիտակել էին: Դա եղավ մեր վերջին հանդիպումը: 9 օր անց` դեկտեմբերի 25-ին, ՊԱԿ-ի մեկուսարանում նա մահանում է»:

Պատմում է Հայկ Իսկանդարյանի դուստրը` Ալլան

«Դեկտեմբերի 27-ին, ժամը ցերեկվա 1-ի կողմերը մեզ բոլորիս կանչեցին ՊԱԿ: Մենք պատկերացում անգամ չունեինք, թե ինչ է մեզ սպասվում: Այնտեղ էին երեք ներկայացուցիչներ ինստիտուտից, տեղային կոմիտեից, պրոֆկոմից եւ դիրեկցիայից: Մեզ ասացին, որ նա մահացել է: Մենք ցանկացանք զանգահարել մոտ հարազատներին եւ տեղեկացնել, սակայն թույլ չտվեցին: Երեկոյան ՊԱԿ-ի շենքի բակի կողմից մեզ դուրս հանեցին, արագ նստեցրին ավտոբուսի մեջ եւ տարան Սովետաշենի գերեզմանոց: Իրենք էլ` իրենց ձեռքով շատ արագ  կատարեցին թաղման արարողությունը»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված