Երկուշաբթի, 23 սեպտեմբերի

«Որոնում-2018». մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը



«Որոնում-2018» համատեղ մարտավարա-մասնագիտական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զորավարժության հրամանատարությանն են ներկայացվել պայմանական հակառակորդի գնահատման վերաբերյալ զեկույցներ: Գործողությունների պլանավորումից հետո ղեկավար կազմը հրահանգել է սկսել հետախուզական գործողությունները: Տվյալների փոխանցման «Իրբիս» ավտոմատացված համակարգի շնորհիվ զորավարժության ղեկավարման շտաբն իրականացրել է զորավարժարաններում զորքերի համաժամանակյա վերահսկողություն:

Զորավարժության առանձնահատկություններից մեկն այն է, որ ներգրավված անձնակազմի բոլոր գործնական քայլերն իրականացվում են սահմանափակ տեսանելիության պայմաններում: Երեկոյան ժամերին չորս տարբեր զորավարժարաններում միաժամանակ աշխատանքներ կիրականացնեն գիշերային տեսանելիության սարքերով համալրված միացյալ հետախուզական խմբերը:

Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի խառը հետախուզական խմբերը ռազմատրանսպորտային ավիացիայի ուժերով կտեղափոխվեն զորավարժարաններ: Կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողություններ, դեսանտավորման և մարտական կրակով մարտավարական դրվագներ լեռնային տեղանքում և գիշերային տեսանելիության պայմաններում:

«Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում: Զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ երեք հազար զինվորականներ, ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում' ավիացիոն և հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժություններն անցկացվում են հոկտեմբերի 1-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված