Երկուշաբթի, 10 դեկտեմբերի

«Հետքի» հոդվածի հիման վրա քրգործ է հարուցվել ՊՆ-ի գործարքի վերաբերյալ



Երեւանում գտնվող նախկին զորամասի տարածքը պաշտպանության նախարարության կողմից 2015 թ. վաճառելու մասին «Հետքի» հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացել ենք ՀՀ քննչական կոմիտեից:

Այս տարվա օգոստոսին գրել էինք, որ 2015 թ. ՊՆ-ն Երեւանի Մոլդովական փողոցի վրա գտնվող նախկին զորամասի ավտոպարկը (կես հեկտար տարածքով) 38 մլն դրամով վաճառել է Երեւանի բնակիչ Սայադ Սահակյանին: ՊՆ-ն աճուրդ չի հայտարարել, ինչը տրամաբանորեն պիտի աներ, փոխարենը պետական սեփականություն հանդիսացող հողն օտարել է ուղղակի վաճառքի եղանակով: Չնայած Հողային օրենսգիրքը նշում է, թե կոնկրետ ում կարելի է ուղղակի վաճառքով պետական կամ համայնքային հող օտարել, ՊՆ-ի ու Ս. Սահակյանի գործարքը, ըստ էության, դուրս է եղել օրենսգրքի պահանջներից:

Տրամաբանորեն ստացվում է, որ ՊՆ-ն հողն օտարել է իր նախընտրած անձին: Ավելին՝ Ս. Սահակյանը խառը կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող հողի մեկ քմ-ի համար վճարել է ընդամենը 8144 դրամ, ինչը Երեւանի եւ կոնկրետ այդ տարածքի պարագայում չնչին գին է: Հիշեցնենք, որ այն ժամանակ գերատեսչությունը գլխավորում էր Սեյրան Օհանյանը: 

Գրել էինք նաեւ, որ Մոլդովական 47/7 հասցեում գտնվող հողամասի կադաստրային գործում առկա չէ շինարարության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ, սակայն այն արդեն կառուցապատված է. այստեղ  գործունեություն է ծավալում Սայադ Սահակյանի «ԷսԴիԷմ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հիգիենիկ եւ տնտեսական պարագաների ներմուծմամբ եւ մեծածախ առեւտրով:

Հոդվածի հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ զինդատախազությունում ուսումնասիրում են մեր հրապարակումը պետական շահերի պաշտպանության շրջանակներում: Աբրահամյանը նաեւ տեղեկացրել էր, որ անհրաժեշտ տեղեկատվությունը եւ փաստաթղթերը ստանալու համար զինդատախազությունը հարցում է արել ՊՆ: Գլխավոր դատախազի խորհրդականը խոստացել էր ուսումնասիրությունների արդյունքների մասին հայտնել լրացուցիչ:   

Եվ ահա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Գրիգորյանը մեզ գրավոր հայտնել է, որ «ՊՆ-ն առանց աճուրդի՝ ուղղակի վաճառքով օտարել է պետական հողը» հոդվածի կապակցությամբ իրենց բաժնում հարուցվել է քրգործ, եւ կատարվում է նախաքննություն:  

ՔԿ-ից տեղեկացանք, որ քրգործը հարուցվել է ՔՕ 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») 1-ին մասով: Այս դրույթը սահմանում է. «Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված