Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի

ՊՊԾ գնդում հերթապահող ոստիկանը կարծել է, թե դարպասի մոտ վթար է, ու խնդրել է շտապօգնություն կանչել



Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց գրավման օրը գնդում հերթապահություն իրականացրած ոստիկան Արթուր Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ 7 օր գնդի տարածքում պատանդ է մնացել: Հարությունյանն, ի տարբերություն մինչ այժմ դատարանում ցուցմունք տված այլ տուժող ոստիկանների, ի սկզբանե տեսել է գնդի գրավման գործողությունները:

Ըստ ոստիկանի ցուցմունքի՝ դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 16–ի լույս 17-ի գիշերը, հերթապահություն է իրականացնելիս եղել, երբ գնդի սահմանային անցակետի կողմից բախման ձայն է լսել:

Գալով ձայնի ուղղությամբ՝ Հարությունյանն, ըստ իր ցուցմունքի, տեսել է, որ դարպասի դիմաց մեծ քանակությամբ փոշի է, ինչպես նաև նկատել բեռնատար մի մեքենայի առաջնամասը:

Հարությունյանը ոստիկաններից մեկին ասել է, որ հերթապահ մասին հայտնեն, որպեսզի շտապօգնություն հրավիրվի ՊՊԾ: Ոստիկանն ասում է՝ կարծել է, թե վթար է եղել, ու ենթադրել, որ բեռնատարի վարորդը կարող է վնասված լինել:

Այնինչ, ըստ տուժողի, շուտով նկատել է, որ մեկը ինքնաձիգով մտնում է ներս:

Ըստ ոստիկանի ցուցմունքի՝ ներս մտնողը «Սասնա ծռեր» խմբի ամդամ Պավել Մանուկյանն էր։

Հարությունյանի խոսքով՝ ինքը փորձել է վերցնել ինքնաձիգը, ինքն ու Մանուկյանը միմյանց քաշքշել և երկուսով ընկել են գետնին, խմբի այլ անդամներ են ներս եկել, ու մի քանիսը, որոնց հստակ չի հիշում, ոլորել են իր ձեռքերն ու խլել իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, և իրեն տարել ՊՊԾ-ի շարահրապարակի ուղղությամբ:

Այստեղ արդեն, ըստ տուժողի ցուցմունքի, իրենց են մոտեցել ոստիկաններ Խաչատուր Մուրադյանն ու Տիգրան Դանիելյանը: Վերջինս կրելիս է եղել իր ծառայողական ինքնաձիգը:

Արթուր Հարությունյանի խոսքով՝ Դանիելյանի ինքնաձիգը տեսնելով՝ սկսել են կրակել, ապա զենքի սպառնալիքով Խաչատուր Մուրադյանին ստիպել, որ ցույց տա ՊՊԾ գնդի հերթապահ մասի տեղը:

Ապա ըստ տուժողի ցուցմունքի՝ ՊՊԾ մուտք գործած անձինք պահանջել են բացել զինանոցի դուռը, Խաչատուր Մուրադյանն ասել է, որ բանալի չունի, որից հետո խմբի անդամներն, ըստ ոստիկանի պատմածի, ջարդել են դուռը:

Ոստիկանը նշեց նաև, որ հանգստի սենյակում տեսել է ոստիկան Գագիկ Մկրտչյանին՝ վիրավոր վիճակում, և խնդրել է խմբի անդամներին՝ նրա համար շտապօգնություն հրավիրել։

«Նկատեցի, որ Մկրտչյան Գագիկը մտավ հանգստի սենյակ՝ չոքեց. արնահոսում էր»,- ասաց ոստիկանը և շարունակելով նշեց, որ ինքը Վարուժան Ավետիսյանի և Արայիկ Խանդոյանի ուղեկցությամբ բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ խմբի անդամները զենք են որոնել, իսկ ինքն ասել է, որ անիմաստ է, այդտեղ զենք չկա:

Շուտով տուժող ոստիկանը նկատել է, որ Վարուժան Ավետիսյանը բացել է իր նոթբուքն ու ինչ-որ գրառում կատարել. ենթադրում է, որ հրապարակումը վերաբերել է ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցածին:

Հարությունյանի խոսքով՝ երբ վերադարձել է գնդի անցագրային կետ, այնտեղ տեսել է դեպքի ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ եղած Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

Ըստ տուժողի խոսքի՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ հիմնականում վարել է Պավել Մանուկյանը:

Անդրադառնալով գնդի տարածքում անցկացրած 7 օրվա ընթացքում իրենց նկատմամբ վերաբերմունքին՝ Հարությունյանը նշեց, որ սահմանափակվել է իրենց ազատ տեղաշարժման իրավունքը:

«7 օրվա ընթացքում իմ նկատմամբ առանձնապես խոշտանգումներ չեն եղել, սահմանափակվել է իմ ազատ տեղաշարժման իրավունքը»,- ասաց Հարությունյանն ու նշեց, որ ցերեկն իրենց պահել են հանգստի սենյակում, իսկ գիշերը՝ զորանոցում:

Թե ինչ պայմաններում են մահացել ոստիկաններ Արթուր Վանոյանն ու Յուրի Տեփանոսյանը, Հարությունյանը տեղյակ չէ: Նա հայտարարեց, որ ամբաստանյալներից որևէ պահանջ չունի։

Այսօրվա դատական նիստին Պավել Մանուկյանը հայտարարեց իր պաշտպան Ազատ Շահբազյանից հրաժարվելու մասին:

Դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին, թե ինչն է պաշտպանից հրաժարվելու պատճառը, Մանուկյանը պատասխանեց՝ խարդախ է:

Դատավոր Մակյանը հորդորեց վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, ինչին ի պատասխան Մանուկյանն ասաց, որ դատավորն իրենց հարցրեց հրաժարման պատճառն, ինքն էլ պատասխանեց հարցին:

Նշենք, որ այսօր դատական նիստի կարգը խախտելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար Սմբատ Բարսեղյանը տասը ժամով հեռացվեց նիստերի դահլիճից:

Դատական այսօրվա նիստն ավարտվեց, և հաջորդը նշանակվեց հոկտեմբերի 10-ին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված