Երեքշաբթի, 23 հուլիսի

Շառլ Ազնավուր. «Ես պարզապես տարիներս եմ ավելացրել, բայց դեռ չեմ ծերանում»


Նաիրա Հայրապետյան 

Թվում էր, թե նա միշտ է լինելու… Երբեք և ոչ մի դեպքում չի գալու երեկվա հոկտեմբերի 1-ը: Նա միշտ ապրելու է մեզ հետ, երգելու է, շարունակելու է քննադատել մեր սխալներն ու անհանգստանալ դրանց հետևանքների համար: Նա մեր հենարանն էր, մեր հպարտությունը, աշխարհին նայող մեր պատմության մի մեծ մասնիկը՝ իր բեմական անհաղթահարելի հմայքով: Նա մեր էությունն էր՝ իր անսահման տխուր աչքերով և մեզ սթափեցնող ձայնը՝ անգամ իր իմաստուն ու ներողամիտ լռությամբ:

«Մենք՝ հայերս, երկար ենք ապրում,- ասել է 68-ամյա երգիչը 1992 թվականին «Նյու Յորք Թայմսի» թղթակցի հետ զրույցում:- Ես մտադիր եմ հարյուրի հասնել և աշխատելու եմ մինչև 90 տարեկանս»:

Շառլ Ազնավուր. Երևի ոչ մի քաղաքական իրադարձություն, ոչ մի պատերազմ, ոչ մի դիվանագիտական ջանք այդքան չի կարողացել հնչեցնել աշխարհում հայերի ու Հայաստանի անունը, որքան ինքը՝ այդ լուսավոր, բարի ու անսահման մեծ սիրտ ունեցող մարդը: Աշխարհը գրում է, խոսում ու սգում՝ մահացել է Շառլ Ազնավուրը, ով ֆրանսիացի երգիչ էր, բայց հայ էր ու կապված Հայաստանին, հայ ժողովրդին:

«Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, բայց ընտանեկանս միշտ հայերենն է»,- ասել է աշխարհահռչակ երգիչը:

 

Նրան սիրում են համեմատել 20-րդ դարի մեկ այլ լեգենդի հետ` հավանաբար նկատի ունենալով նրանց ընդհանրությունն իբրև սիրո երգիչների: «Ֆրանսիական Ֆրենկ Սինատրան». այս օրերին հատկապես, արևմտյան մամուլը ողողված է այս արտահայտությամբ: Ճիշտ է` համեմատելու որոշակի եզրեր կան. օրինակ` այն, որ Ֆրենկ Սինատրան ևս երգում էր սիրո մասին, իր երաժշտական ուղին անցել էր «0-ից սկսելով», ներգաղթյալի որդի էր, աշխարհը նվաճեց շատ ու համառ աշխատելով, երգեց մինչև կյանքի վերջ և շրջապատված մնաց միլիոնավոր երկրպագուներով: Նա ևս տարբեր սերունդների երգիչ էր ու իր երգերով՝ վաղուց դարձած նրանց կյանքի ուղեկիցը: Այդպես է: Բայց համեմատողները հավանաբար մոռանում են մի կարևոր բան. Շառլ Ազնավուրը ոչ միայն երգիչ էր, դերասան, լեգենդ ու դարի խորհրդանիշ, այլև՝ բանաստեղծ: Նա դարի լավագույն երգահաններից մեկն էր, ում ստեղծած երգերով, կատարման խորությամբ, ձայնի թրթիռներով անգամ և մարդկային կերպարով այսուհետև կապված է մի ողջ դարաշրջանի՝ իր մի քանի սերունդներով:

Շառլ Ազնավուրը 1000-ից ավելի երգերի հեղինակ էր, 200 միլիոնի հասնող ձայնագրություններով ու ամենասպասված արտիստներից մեկն աշխարհում: Նա կատարում էր իր երգերը ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ լեզուներով:

Իր կյանքում մեծ ազդեցություն ունեցած երգիչների մասին խոսելիս Ազնավուրը ֆրանսիացիներից առանձնացրել է Շառլ Տրենեին, Էդիթ Պիաֆին և Մորիս Շեվալիեին: Տրենեն, նրա բնորոշմամբ, առաջինն էր և ուղղորդողը ողջ ճանապարհի ընթացքում: Ինչու՞ այս երեքը. «Տրենեն՝ իր գրելու համար, Պիաֆը՝ իր պաթոսի համար և Շեվալիեն՝ իր պրոֆեսիոնալիզմի համար»:

Երաժշտության մեջ նրա հերոսները հետագայում ավելացան, և նրանք երաժշտական տարբեր աշխարհագրական տարածքներից էին: Ու չնայած նրանցից յուրաքանչյուրի մեծությանը՝ Ազնավուրի կյանքում ամենամեծ ազդեցությունը դեպի արվեստի այս աշխարհ, իմ համոզմամբ, ընտանիքն էր: Ծնողների՝ Միշա Ազնավուրյանի և Քնար Բաղդասարյանի շնորհիվ է ձևավորվել նրա սերը երաժշտության և թատրոնի հանդեպ: Ինը տարեկանից նա արդեն խաղում էր դպրոցի ներկայացումներում, իսկ երկու տարի անց հանդես եկավ ֆրանսիացի ճանաչված դերասանուհի Իվոն Փրետանի հետ՝ մարմնավորելով Հենրի 4-րդ արքայազնին:

Հետագայում նրա դերասանական կարիերան երգին զուգահեռ շարունակվեց՝ 60-ի հասնող ֆիլմերով: Ամենաճանաչվածներից է Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմը (1960թ.): Նա այստեղ խաղում է դաշնակահար Էդուարդ Սարոյանի դերը:

Ազնավուրի ստեղծագործական կյանքին անդրադարձողները հաճախ են նշում, որ նա կինոյում ավելի ջերմ ու առանց դժվարության ընդունվեց, քան երգարվեստում: Վերջինս երկար ու համառ պայքարով պիտի նվաճվեր: Մինչդեռ կինոն… իրար էին հաջորդում նկարահանվելու առաջարկները, նրան գնահատեցին ու ընկերներ դարձան կինոյի և թատրոնի այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին Ժան Կոկտոն, Ժան Գաբենը, հետագայում՝ Ժան Պոլ Բելմոնդոն և ուրիշներ:

Ազնավուրը նաև հայտնի ֆիլմերի սաունդթրեքների հեղինակ էր, դրանցից մի քանիսը դարձել են համաշխարհային մեծ ճանաչում և սեր վայելող երգեր:

Բազմաթիվ անհաջող ու քննադատություններով լի ելույթներից հետո՝ 1956 թվականից նա վերջապես արդեն հաջողության ճանապարհին էր:

«Après l'Amour», «She», «Yesterday, When I Was Young (Hier Encore) », «La Boheme», «You've Let Yourself Go (Tu T'Laisses Aller) », «Isabelle». սրանք Ազնավուրի միջազգային այցեքարտերն են՝ երկարատև ու չափազանց դժվարին արգելքների միջով ձեռք բերված: Քննադատներն անողոք էին նրա հանդեպ, իսկ հետո հասկացան, որ նրանց  աչքին այդ «տարօրինակ տեսքով ու անտարբեր ձայնով» երևացող երիտասարդը իրենց իսկ պարծանքն էր դառնալու:

Ազնավուրը «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմում

1963թ. Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում նրա համերգը ոչ մի ազատ աթոռ չէր թողել: Այս համերգին ներկա լինելով է Բոբ Դիլընը հետագայում ասել, որ դա իր տեսած ամենաազդեցիկ ներկայացումներից մեկն է եղել: Անմիջապես հետո հաջորդեցին համաշխարհային շրջագայություններն ու փառքի՝ այլևս չհեռացող լույսը:

«Ես առաջինն էի, ով գրում էր սոցիալական խնդիրների մասին, օրինակ՝ հոմոսեքսուալիզմի,- ասում է Ազնավուրը հարցազրույցներից մեկում՝ անդրադառնալով 1972թ. գրված «What Makes a Man» երգին,- Ես գտնում եմ կյանքի իրական կողմերն ու թարգմանում դրանք երգի լեզվով»:

Ազնավուրը երգեր է գրել նաև Պիաֆի, Իվ Մոնտանի, Ժիլբեր Բեկոյի համար:

Նրա երգերը կատարել են Բոբ Դիլընը, Ռեյ Չարլզը, Ֆրենկ Սինատրան, Նաթ Քինգ Քոլը, Լայզա Մինելին, Խոսե Կարերասը, Էլվիս Կոստելոն, Հուլիո Իգլեսիասը, Նանա Մուսկուրին, Էլթըն Ջոնը և այլ լեգենդներ: Ազնավուրին սիրում և մեծարում են նաև երիտասարդ աստղերը, ովքեր, որքան էլ տարբեր են իրենց մատուցած գործով, այնուամենայնիվ, այս արտիստի երգերի հանդեպ ունեցած հարգանքով խոստովանում են իրենց խոնարհման մասին:

Ավելորդ է ներկայացնել Ազնավուրին տրված կոչումների, գնահատականների ու պարգևների շարքը, որոնք մեկը մեկից գերազանց են ու սպասված բոլորի կողմից: Նա վաստակել է դարի մեծագույն լեգենդի անունն ու անփոխարինելի սերը, հարգանք է վայելում համաշխարհային առումով: Ավելորդ է հիշեցնել նաև նրա համամարդկային արժանիքների մասին, իր ժողովրդին նեցուկ լինելու, բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացնելու ու մեզ միայն բարձունքում տեսնելու նրա երազանքի մասին: Ազնավուրը ոչ միայն դարի մեծագույն արտիստն է, այլև ՄԱՐԴԸ:

94-ամյա Ազնավուրը շարունակում էր երգել ու համերգային մեծ ծրագրեր ունենալ աշխարհի տարբեր մայրցամաքներում՝ ծագող արևի երկրից մինչև եվրոպական ու ամերիկյան ամենաազդեցիկ երաժշտական քաղաքները: Նա նաև շարունակում էր գրել, համագործակցել երիտասարդ երգիչների հետ, հարցազրույցներ տալ ու այս ամենի միջոցով մարդկանց ուղարկել իր հոգու, մտքի անսահման լուսավոր էներգիան: Այդ էներգիան չփոխվեց անգամ վերջին տարիներին առողջական ու տարիքային որոշ խնդիրների մեջ:

«Մենք չենք շտապում,- ասել է նա 2006թ. հարցազրույցներից մեկում:- Դեռ երիտասարդ ենք: Կան մարդիկ, ովքեր ծերանում են, և կան մարդիկ, ովքեր պարզապես ավելացնում են տարիները: Ես տարիներս եմ ավելացրել, բայց դեռ չեմ ծերանում»:

Լուսանկարները՝ CNN-ի, The Guardian-ի, The New York Times-ի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Սօսի Թորոսեան Նագգաշեան03:42 - 7 հոկտեմբերի, 2018
"Ասում են, որ դերասան Սեմ Յունիորը, ով ձայնով եւ կատարման արտիստիզմով նմանակում էր այնպիսի մեծութիւնների, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Մորիս Շեւալյեն, Ռեյ Չարլզը եւ ուրիշներ, հրաժարվել է Ազնավուրի կատարումը նմանակելուց": Ես կ'աւելցնեմ.- Շարլ Ազնավուրի նման Մեծութիւնը կարենալ ներկայացնելու համար այսպէս ամբողջական, հեզասահ եւ մաքրամաքուր Հայերէնով, պէտք է ունենալ բարձր ճաշակ, հմտութիւն եւ պատրաստուածութիւն: Այդպիսին է Նաիրա Հայրապետյանը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։