Երկուշաբթի, 14 հոկտեմբերի

Խորհրդարանն ընդունեց վիճահարույց նախագիծը. թարմացվող




Խորհրդարանը քիչ առաջ 67 կողմ ձայներով ընդունեց «Հանրապետական» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների նախաձեռնած փոփոխությունը «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որը թույլ կտա ընդհատել նիստը ֆորսմաժորային իրավիճակներում կամ այն դեպքերում, երբ խոչընդոտվում է պատգամավորների քվեարկությունը, և շարունակվել այն ժամանակ, երբ խոչընդոտող հանգամանքները կվերացվեն:

Փոփոխությանը կողմ քվեարկեցին «Հանրապետական», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունների, դեմ՝ «Ելք» խմբակցության պատգամավորները: Մինչ նիստի սկսվելը «Ելք» խմբակցության պատգամավորները հավաքել էին պատգամավորների գրանցման քարտերը, սակայն վերջիններս գրանցվեցին և քվեարկեցին ձեռք բարձրացնելու միջոցով:

Նիստը սկսվեց առանց ուղիղ եթերի, ձայնը լսելի չէր անգամ օթյակում նստած լրագրողների համար, միայն նկատելի էր այն, որ պատգամավորները ձեռք բարձրացնելու միջոցով քվեարկեցին: Երբ լրագրողները հնարավորություն ունեցան մտնելու նիստերի դահլիճ, քվեարկությունն արդեն կատարվել էր, և պատգամավորները փոխադարձ վիրավորանքներ էին հղում միմյանց հասցեին:

«Ժողովուրդը վերջապես այս տարիների ընթացքում իր ձայնի իրավունքն է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում, սա չի կարա, սա տանելու են արյունահեղության»,- նիստերի դահլիճում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությանը:

«Իրանց պաշտոնի համար մի ամբողջ ժողովրդի դեմ են դուրս գալիս՝ առանց մտածելու, իրանք թքած ունեն ժողովրդի վրա դրա համար սա են անում։ Սա բանդա ա, էս բանդան ուզում է մեր ժողովրդին ինչ-որ բաներ անի, բայց չի ստացվելու»,- ասաց նա:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդոն Մարուքյանն էլ հավելեց՝ դեռ առավոտվանից ասում, որ այս փոփոխությունը նախաձեռնել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները տապալելու համար. «ՀՀԿ-ն ասում էր, որ ոչ, դրա համար չէ, այդ ինչ եք ասում։ Ասում էին՝ մի ուժ է արել, իսկ հիմա մենք տեսանք, որ բոլոր ուժերը կապ ունեն, բացի «Ելք» խմբակցությունից։ Հիմա հաշվեցին, որ 67 կողմ եղավ ու օրենք ընդունվեց»,- ասաց Մարուքյանը։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին հրավիրեց առանձնազրույցի:

Հիշեցնենք, որ խնդրահարույց այս նախագծի շուրջ իրադարձությունները զարգացան 1 օրվա ընթացքում: Սկզբում ներկայացվեց փոփոխության նախագիծը: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԱԺ նախագահի և ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ, որից հետո ուղիղ եթերում հայտարարեց, որ եթե ՀՀԿ-ն օրվա ընթացքում հետ չկանչի նախագիծը, անհրաժեշտություն կառաջանա վաղը հավաքվել խորհրդարանի դիմաց:

Սակայն իրադարձություններն ավելի արագ կատարվեցին, և ՀՀԿ-ն, ի պատասխան այս քայլի, արտահերթ նիստ հրավիրեց, որում մյուս երկու խմբակցությունների աջակցությամբ կողմ քվեարկեց նախագծին:

Ցուցարարներին քիչ առաջ Դեմերճյան փողոցում միացավ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նրա ժամանելը ցուցարարները փակել էին փողոցը: Հավաքվածները վարչապետին դիմավորեցին ծափողջյուններով: Ցուցարարները փակել են այս փողոցում գտնվող ԱԺ տանող բոլոր մուտքերը: Նիկոլ Փաշինյանը արտահերթ նիստ հրավիրելու լուրից հետո քաղաքացիներին կոչ էր արել անմիջապես հավաքվել ԱԺ-ի մոտ:

Փաշինյանն այժմ վարչապետի նստավայրում է՝ Բաղրամյան 26-ում: Այստեղ ժամանեցին նաեւ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, տնտեսական զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ոստիկանապես Վալերի Օսիպյանը:

Ուղիղ հեռարձակումը՝ Ազատություն ռադիոկայանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Արտակ Չալգուշյան06:20 - 3 հոկտեմբերի, 2018
Այս ամենը որ կատարվում է այսօր հեղափոխության սկզբնական սխալի հետևանքն է։ Մերժիր Սերժին-ից հետո պարլամենտը ոչ թե վարչապետ պիտի ընտրեր այլ պիտի ինքնալուծարվեր։ Անօրեն պարլամենտի ընտրած վարչապետը ույնպես անօրեն է բայց Նիկոլը իշխանատենչ գտնվեց, անտեսեց պարլամենտի ոչ օրինական լինելու փաստը և կերավ գայթակղիչ խայծը։ Հիմա այս ելման դիրքից ամենաօրինական լուծումը ոչ թե գործադիրի լուծարումն է այսինքն Նիկոլի և կոմպանիայի հրաժարականը, այլ գործադիրի հայցադիմումը Սահմանադրական Դատարան որը սեղմ ժամկետում կքննի և որոշում կկայացնի արտահերթ խոհրդարանական ընտրություններ անց կացնել։ Սահմանադրական Դատարանը իրավասու է այսպիսի որոշումներ կայացնել որը իհարկե անբեկանելի է։ Չեմ կարծում որ դատավորները երկիրը կտանեն կոնֆլիկտի սխալ որոշում կայացնելով։ Եվ վերջապես ինչի համար կա սահմանադրական դատարան։ Չգիտեմ թե Նիկոլին կհասնի այս լուծումը քանի որ հիմնականում նրանից է կախված լուծման եղանակը։ Սա շատ լավ և որ ամենակաևորն է օրինական այսինքն լեգիտիմ ճանապարհ է։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված