Հինգշաբթի, 14 նոյեմբերի

ՀՀԿ-ականներն առաջարկում են իրավակարգավորում՝ պատգամավորների քվեարկությունը խոչընդոտող դեպքերը բացառելու համար



Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի համահեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նախագծում ներկայացված էր կարգավորում, որի համաձայն կառավարության ներկայացուցիչներին խորհրդարանում հարակից զեկուցմամբ հանդես գալու համար նման իմպերատիվ պարտականություն չկար:

«Սրա համար հիմք էր հանդիսացել որոշակի դեպք, ուստի նպատակահարմար համարեցինք նման նախաձեռնությամբ հանդես գալու՝ դեռևս վեց-յոթ ամիս առաջ՝ նախատեսելով, որ դա պարտականություն է կառավարության ներկայացուցիչների համար»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կառավարության անդամները պարտավոր կլինեն ներկա լինեն նաև այն դեպքերում, երբ նախագիծն ունենա կառավարության հավանությունը:

ԱԺ փոխխոսնակը ներկայացրեց նաև այլ փոփոխություններ, որոնք առաջարկում են: Պատգամավորը հիշեցրեց, որ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում հնչել է առաջարկ, որ եթե պաշտոնատար անձինք ազատվում են իրենց պաշտոններից, սակայն մինչ ազատվելը հրավիրվել են, օրինակ, ԱԺ քննիչ հանձնաժողով որևէ տեղեկություն հաղորդելու, ապա պաշտոնից ազատումը չի ենթադրում, որ վերջինս չի գալու քննիչ հանձնաժողովի նիստին:

Հովհաննիսյանը ներկայացրեց նաև մեկ այլ փոփոխություն, որը չէր ստացել կառավարության հավանությունը.

«Մենք չունենք կարգավորում ֆորսմաժորային իրավիճակների, խոչընդոտման դեպքերի հետ կապված, և անհրաժեշտություն է առաջանում կարգավորել այն դեպքերը, երբ այս կամ այն նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվելու եղանակով անհնար է եղել»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ առաջարկելով նման դեպքերում նիստն ընդհատել և շարունակել, երբ խոչընդոտվող հանգամանքները վերանան:

Նախագծի հարակից զեկուցող, Արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, որն, ի դեպ, փոխնախարար էր նաև Արփինե Հովհաննիսյանի նախարար եղած ժամանակ, նախագծի քաղաքական դրդապատճառների մասին ասաց.

«Առաջարկը վերաբերում է բացառապես այն իրադրությանը, երբ ԱԺ-ի կողմից երկրորդ անգամ վարչապետի ընտրություններ լինեն, և, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով խոչընդոտվի պատգամավորների քվեարկությունը, և դրանից հետո որպես հետևանք ԱԺ-ն իրավունքի ուժով ցրվի, առաջարկը վերաբերում է սրան, որ կանխվի այդ իրավիճակը»,- ասաց Հովհաննիսյանը:

Փոխնախարարը ներկայացրեց մի իրավիճակ, երբ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացնում, ունենում է պայմանավորվածություն, որ որևէ քաղաքական ուժ թեկնածու չի առաջադրում, հանկարծ այդ խոստումը դրժվում է, և այդ իրավակարգավորման արդյունքում ժողովուրդը չի կարողանում խոչընդոտել վարչապետի ընտրությանը: Փոխնախարարի խոսքով՝ բացի քաղաքական դրդապատճառներից նաև իրավական խնդիր կա այստեղ, քանի որ հստակ չէ, թե ով է որոշում արտակարգ իրավիճակ առկա է, թե ոչ, խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին, թե ոչ, ըստ Արթուր Հովհաննիսյանի, թողնված է խորհրդարանի նախագահի միանձնյա որոշմանը, և նա հարց հնչեցրեց՝ ինչ է լինելու այն դեպքում, երբ խորհրդարանի նախագահի՝ նիստին մասնակցության իրավունքը խոչընդոտվի: Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ քանի որ իրավակարգավորումները թերի են, կառավարության դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ բացասական է:

Նախագծի վերաբերյալ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ասելով, որ նախագծին դեմ են քվեարկելու: Մարուքյանի խոսքով՝ ՀՀԿ-ականներն իրենց առջև դրված խնդիրը չեն կարող իրականացնել նույնիսկ նման իրավակարգավորման ընդունման դեպքում, քանի որ Սահմանադրությունը հստակ ժամկետներ է սահմանել, եթե երկու շաբաթվա ընթացքում վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն օրենքի ուժով արձակվում է:

«Իսկ Սահմանադրությունը չի ասում, թե ինչ պայմաններով չի ընտրվել վարչապետ, մենք  դեմ ենք քվեարկելու, բայց տեղեկացնում եմ, որ Սահմանադրությունը հստակ է այդ հարցում՝ ժամկետներ կան»,-ասաց Մարուքյանը:

Ելույթով հանդես եկավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ զարմանալով, որ իրավաբանները կարող են նման քննարկում անել: Ըստ Պետրոսյանի՝ առաջարկության նպատակն այն է, որ որևէ պետական մարմնի աշխատանքներն ապահովագրված լինեն ցանկացած ոչ իրավաչափ գործողություններից, ուստի կարգավորումները զուտ իրավաբանական են: Պետրոսյանի համար նաև տարակուսելի էր այն քննարկումը, որ նախագծի փոփոխությունը կարող  է կապ ունենալ վարչապետի հայտարարության հետ:

Նախագծի հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց ամենայն հավանականությամբ ՍԴ նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանի այն խոսքերը, որ յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում Սահմանադրությունը, ինչը սխալ է: Պատգամավորը կոչ արեց իրեն հակադարձողներին կարդալ «Բնակչության պաշտպանության»  և «Արտակարգ իրավիճակների մասին» օրենքները և ծանոթանալ «արտակարգ իրավիճակ» հասկացությանը:

«Պետք է, չէ՞, ԱԺ նախագահը գուշակի՝ ջրհեղեղ կա, թե չէ, դա էնքան ակնհայտ է, պատգամավորին խոչընոդտելն էնքան ակնհայտ է, այստեղ իրավական որևէ խնդիր չկա»,- եզրափակեց նա, որից հետո հարցի քննարկումն ավարտվեց:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Կարեն21:00 - 2 հոկտեմբերի, 2018
Արա, այ փսլնքոտներ, դուք ձեզ նորից կորցրեցիք? Պիտի ռադ լինեք ԱԺ-ից, ՀՀԿ: Մարդկանց իզուր տեղը մի ջղայնացրեք, սրիկայությունը թարգեք: Մեկ է, հանձնվելու եք, գնաք, կստիպենք: Պիտի դեկտեմբերին ԱԺ ընտրություններ անցկացվեն, և վերջ!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված