Շաբաթ, 21 սեպտեմբերի

Սասուն Միքայելյան. «Որ իմ տղան է, պետք է ոչ մի բանի չմասնակցի՞»



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տարօրինակ չի համարում այն փաստը, որ հարազատ կուսակցությունը չի սատարելու որդու թեկնածությունը: Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանն, ինքնառաջադրվել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, սակայն ՔՊ-ն հայտարարել է, որ Սևակ Միքայելյանին չի սատարելու և չի առաջադրելու այլ թեկնածուի: Սասուն Միքայելյանի համոզմամբ՝ կուսակցությունը նման հայտարարություն է տարածել, որպեսզի որևէ մեկը չկաշկանդվի, և լինեն արդար ընտրություններ:

«Իմ որդին 25 տարեկան տղա է, չափահաս, իրավունք ունի մասնակցելու երկրում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին, մարդը կարծիք է հայտնել, թեկնածություն դրել, և էսօր առավել շահեկան վիճակ է, որ մեր կուսակցությունը չի պաշտպանում, այսինքն՝ հնարավորություն է տվել, որ մարդիկ նման շահարկումներ չանեն, պարզ արդար ընտրություններ լինեն, կհաղթի իմ տղան՝ կհաղթի: Որ իմ տղան է, պետք է ոչ մի բանի չմասնակցի: Էդ էրեխեն դեռ բարուրի մեջ՝ պատերազմով, չգիտեմ բերդեր և այլն ընտանիքս ապրել է իմ  հետ, էդ ո՞վ բարոյական իրավունք ունի իր իրավունքները սահմանափակի»,- ասաց նա:

Սասուն Միքայելյանը վստահեցրեց, որ կուսակցությունում խնդիր չկա, և անձամբ ինքն էլ կողմ է եղել, որ ՔՊ-ն չպաշտպանի որդու թեկնածությունը:

Միքայելյանի համոզմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հարկավոր են, քանի որ այժմ «օրենսդիր դաշտում անհասկանալի վիճակ է»:

«Չգիտես` մի ժամ հետո ինչ կարող է լինել, կներեք, ոնց որ ռումբ դրված լինի էս շենքի տակ, ՀՀԿ-ն պետք է հասկանա, որ թավշա հեղափոխությունն իրենց գործունեության արդյունքում եղավ, պետք է թողնեն, որ մարդիկ ձևավորեն ԱԺ-ն, իսկ էս ԱԺ-ն ձևավորվել է ընտրակաշառք բաժանելու և շատ ռեսուրսներ կիրառելու արդյունքում»,- ասաց նա:

Սասուն Միքայելյանը դեռ որոշում չունի ԵԿՄ վարչության նախագահի առաջադրման հարցում, սակայն վստահեցնում է՝ իր հիմնական նպատակն այն է, որ երկրապահի դերը բարձրացվի, ինչն էլ անելու է, եթե անդամակցի այդ կառույցի՝ անկախ նրանից կլինի նախագահ, թե ուղղակի անդամ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված