Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

«Մենք ծնված ենք բնության գրկում ապրելու և արարելու համար»,-ասում է դաշտադեմցի Արմանուշը


Դիանա ՂազարյանԴավիթ Բանուչյան

Արմանուշ Աբրահամյանը 1994 թվականից ապրում է Ադրբեջանից բռնագաղթած հայերով բնակեցված Դաշտադեմ գյուղում:  

«Շնորհակալ ենք, որ եկաք հեռու ու մոռացված Դաշտադեմ»,-կատակով ասում է Արմանուշը:

Արմանուշ Աբրահամյանը ընտանիքի հետ Դաշտադեմ է տեղափոխվել Լոռու մարզի Մեծավան գյուղից: Ամուսնու հետ տնտեսությունը սկսել են մեկ կովից, այսօր արդեն ունեն 40 կով ու ոչխար, խոզեր, ձիեր, հավեր, հնդկահավեր: Իրենց կարիքների համար մշակում են նաև կարտոֆիլ, լոբի, կաղամբ, բազուկ, կանաչի, համեմունքներ:  

Ընտանիքի հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, ապրուստի միջոցն էլ՝ վաճառված կաթից ստացված եկամուտը:

«Մենք ծնված ենք բնության գրկում ապրելու և արարելու համար»,-ասում է 58-ամյա Արմանուշը:

Սկզբնական շրջանում գյուղն Արմանուշին դուր չի եկել: Ասում է՝ բնակիչները քիչ էին, գյուղն էլ` «ամեն ինչից կտրված»։

«Տեղափոխվեցինք, ձեռք-ձեռքի տված, ամեն ինչ զրոյից սկսեցինք, բազմացրեցինք: Փառք Աստծո, ամեն ինչ հիմա լավ է, գոհ եմ Աստծուց, որ այս հնարավորությունն ինձ տվեց: Կյանքումս ամեն ինչ ունեի, բայց չէի զգում: Հիմա հասկանում եմ, որ խաղաղ ընտանիքիդ, երջանիկ երեխաներիդ տեսնելով` կյանքից բավարարվում ես», -ասում է Արմանուշը:

Սեփական տան դիմաց արհեստական լիճ են ստեղծել, որտեղ ձուկ է որսում Արմանուշի ամուսինը: Ասում է՝ ձկնորսությամբ և մեղվապահությամբ նյարդերն է հանգստացնում:

Արմանուշը հիշում է, թե ինչպես էր տարիներ առաջ գյուղի առուներից դույլերով ջուր բերում տան կարիքները հոգալու և անասուններին խնամելու համար։ «Ձեռքերս հինգ մետր երկարեց, էնքան դույլով ջուր բերեցի»,-կատակում է Արմանուշը: 2012-ին գյուղն ապահովվել է ջրով:

Դաշտադեմում պայմանները նպաստավոր է անասնապահության համար, մշակաբույսեր աճեցնելու համար` անբարենպաստ: Արմանուշն ասում է՝ չարչարանքը եկամտի համեմատ շատ է:

«Կարելի է ասել՝ ոնց զինվորը դիրքում պայքարում է հանուն հայրենիքի խաղաղության, մենք էլ այստեղ պայքարել ենք մեր ընտանիքի բարեկեցիկ կյանքը ստեղծելու համար»,- ասում է Արմանուշը:

Արմանուշ Աբրահամյանի համար դժվար աշխատանք չկա, միայն մտահոգվում է, որ ստացած եկամուտը չեն կարողանում տնտեսել: Չնայած ողնաշարի խնդիր ունի, արյան ճնշման բարձրացում, թրոմբ և այլ հիվանդություններ, սակայն տանը անգործ չի նստում:

Նրան այժմ էլ արգելված է ծանր աշխատանք կատարել՝  ծանրություն վերցնել, սակայն չի հետևում բժշկի հորդորներին և շարունակում է տնտեսության գործերով զբաղվել։

«Չեմ կարող, ես պետք է անընդհատ աշխատեմ, քայլեմ, շարժվեմ: Եթե ես չաշխատեմ, իմ սիրտը կկանգնի», -ասում է Արմանուշը:

Արմանուշ Աբրահամյանը հինգ երեխա ունի՝ չորս դուստր, մեկ որդի, տասը թոռ: Նա Դաշտադեմում բնակվում է որդու ընտանիքի հետ, դուստրերն արդեն ամուսնացել են: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։