Երկուշաբթի, 23 սեպտեմբերի

Կալանավայրում մահացած ամբաստանյալի ծնողները դեմ են, որ նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվի մահվան հիմքով



Նրանք կարծում  են, որ իրենց որդին պետք է արդարացվի

Քրեակատարողական հիմնարկում մահացած Արարատ Նիողոսյանի ծնողները ցանկանում են, որ իրենց որդու նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով չդադարեցվի:

Նիկողոյանն անցնում է Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի  սպանության գործով, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ Արարատ Նիկողոսյանին, Արտաշես Չիչոյանին, Խաչիկ Կոսյանին, Արթուր Զաքարյանին ու Յուրի Հակոբյանին:

Ըստ  գործի նյութերի` Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ:

Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը մահացել է օգոստոսի 23-ին` Նուբարաշեն քրեկատարողական հիմնարկում:

Այսօր նշանակված էր սպանության գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանն ընթերցեց Նիկողոսյանի ծնողների ուղարկած դիմումը: Դրանում ծնողները նշում էին, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրենք համաձայն չեն Նիկողոսյանին առաջադրված մեղադրանքի հետ, գտնում են, որ նա պետք է արդարացվի, ուստի ցանկանում են, որ նրա նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը չդադարեցվի:

Ծնողները ցանկանում  են նաև, որ Նիկողոսյանի հայրը`Արտակ Նիկողոսյանը, ճանաչվի որպես որդու իրավահաջորդ:

Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ևս դիրքորոշում հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը չպետք է դադարեցվի:

Վերը նշված հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավոր Աննա Դանիբեկյանը տևական ժամանակ խորհրդակցական սենյակում էր: Վերադառնալով` դատարանը հրապարակեց Արարատ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ որոշումը:  Ինչ վերաբերում է Նիկողոսյանի հորը նրա իրավահաջորդ ճանաչելուն, այս մասով դատարանը մերժեց միջնորդությունը:

Դատական նիստն ավարտվեց, մյուս նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին:

Լուսանկարում Արարատ Նիկողոսյանն է


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված