Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Մահացել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը



Այսօր` 94 տարեկան հասակում, մահացել է ֆրանսահայ անվանի շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նա մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը` Ֆրանսիայի հարավում` Ալպիլում գտնվող իր տանը: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, նրա վերջին համերգային շրջագայությունը տեղի էր ունեցել այս ամառ` Ճապոնիայում, որտեղից վերադարձել էր ընկնելու հետեւանքով ստացած արմունկի կոտրվածքով: Համերգների մի մասն այդ պատճառով չեղյալ էր հայտարարվել:

Շառլ Ազնավուրը ոչ միայն կատարող էր, այլեւ գրող, կոմպոզիտոր: Իր 70-ամյա կարիերայի ընթացքում նա գրել է 1400 երգ եւ նկարահանվել 60-ից ավել ֆիլմում, երգել 6 լեզուներով, տվել հազարավոր համերգներ 82 երկրներում` աշխարհի լավագույն դահլիճներում, ինչպիսիք են Կառնեգի հոլը Նյու Յորքում եւ Ալբերտ հոլը Լոնդոնում: 1998թ. «Թայմ» ամսագրի եւ CNN հեռուստաընկերության համատեղ հարցման արդյունքներով ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող: 

Նա արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել էր Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Ազնավուրը առանձնահատուկ կարեւորություն ուներ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Նա հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել էր «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն էր ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։

Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»:

Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ 

2017թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց մարդասիրական գործունեությանը և մեկ քայլ էլ առաջ գնալ՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը: «Ազնավուր» հիմնադրամի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը: Հոկտեմբերի 11-ին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով Շառլ Ազնավուրը պետք է ժամաներ Հայաստան եւ ազդարարեր «Ազնավուր» կենտրոնի ծրագրերի մասին: Ավաղ...


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված