Երկուշաբթի, 23 սեպտեմբերի

Տաշիր քաղաքի գրեթե կեսը կոյուղաջրերի ստորգետնյա համակարգ չունի


Դիանա Ղազարյան, Դավիթ Բանուչյան

Տաշիրի համայնքապետարանի տվյալներով` քաղաքի մոտ 44 տոկոսը ապահովված չէ կոյուղու ցանցով, իսկ առկա կոյուղագծերի 50 տոկոսը մաշված է: 

Կոյուղագծեր ունեցող թաղամասերի կոյուղաջրերը, խողովակներով իրար միանալով, թափվում են Տաշիր գետը, որտեղից էլ` Ձորագետ, այնուհետ՝ Դեբեդ: 

Տաշիր գետը հոսում է քաղաքի երկայնքով: Այն հատվածում, որտեղ փողոցների կոյուղաջրերը թափվում են գետը, տեղակայված են բնակելի տներ: 

«Խոլերիայի բուն, հոտից մեռնում ենք: Չենք կարողանում նստել դրսում: Պատուհանը բացում ենք, հոտը լցվում է ներս»,- ասում է Աստղիկ Ղազարյանը: 

Աստղիկ Ղազարյան

Նա բնակվում է Տաշիր քաղաքի Իսահակյան փողոցում: Այս փողոցում երբևէ կոյուղաջրերի ստորգետնյա համակարգ չի եղել: Բնակիչների սեփական տների կողքով առու է հոսում, որտեղ էլ թափվում են մի շարք փողոցների կոյուղաջրեր: Որոշ տների դեպքում առուն հոսում է բակերի միջով: Աստղիկ Ղազարյանի տան կողքի առվով հոսում են ոչ միայն բնակելի տների կոյուղաջրերը, այլև` անասնագոմերի կեղտը: 

Տիկին Ղազարյանը այստեղ է բնակվում 1950 թվականից: Ասում է՝ փողոցը երբևէ կոյուղի չի ունեցել, կոյուղագծեր անցկացնելու համար բազմիցս դիմել են համայնքապետերին, սակայն ապարդյուն: Բնակիչներին հայտնել են, որ ֆինանսական միջոցներ չկան, եւ նրանք իրենց միջոցներով պետք է կոյուղագծեր անցկացնեն:

Իսահակյան փողոցում ապրող բնակիչների համար իրավիճակն առավելապես սրվում է տապ ամիսներին. պարտադրված են լինում փակել տան դռներն ու պատուհանները, որպեսզի կարողանան գարշահոտությանը դիմանալ: «Տանս մեջ չեմ կարողանում դուրսը նստեմ… սենց բան կլինի՞»,- ասում է տիկին Աստղիկը: 

Նա սանհանգույց չունի, օգտվում են փայտե զուգարանից, որը տեղադրված է այգու մի անկյունում և կապ չունի այն կոյողու հետ, որը հոսում է իր բակի տարածքով: 

Աստղիկ Ղազարյանի տան դիմաց Լենիկ Սարգսյանի սեփական տունն է: Վերևում ապրող բնակիչների կոյուղին հոսում է հենց տիկին Լենիկենց բակով: Հորդառատ անձրևի ժամանակ առուն վարարում է, և կեղտաջրերը լցվում են նրանց տան առաջին հարկ: 

Լենիկ Սարգսյան

Լենիկ Սարգսյանը Իսահակյան փողոցում է բնակվում արդեն 43 տարի: Տաշիր են տեղափոխվել Կաթնաղբյուր համայնքից, զբաղվում են գյուղատնտեսությամբ: Այս փողոցի բնակիչների համար տասնամյակներ շարունակ կոյուղագծերի անցկացումը առաջնահերթ խնդիր է: «Չենք կարողանում դրսում անգամ մեկ րոպե նստել»,- ասում է տիկին Լենիկը: 

Գետ թափվող կոյուղաջրերից մի քանի մետր այն կողմ գրեթե ամեն շաբաթ-կիրակի ձկնորսության է գալիս Տաշիրի բնակիչ Ռազմիկ Ստեփանյանը: Նա տեղյակ է, որ գետի այդ հատվածում են թափվում քաղաքի մի շարք փողոցների կոյուղաջրերը, սակայն ասում է՝ ձուկը որսում է կատուների համար: Ձկնորսը թեև չի բնակվում Տաշիր գետի հարևանությամբ՝ թափվող կոյուղաջրերի հոտն իրեն չի հասնում, սակայն բողոքում է գետի սանիտարական վիճակից: «Հուլիս, հունիս...էդ ամիսներն է տենց կեղտոտ: Շոգի ժամանակ վռազ հոտը տալիս է»,- ասում է նա: 

Ռազմիկ Ստեփանյան

Տաշիրում կոյուղագիծ կառուցելու նախահաշիվ համայնքապետարանը չունի: Սակայն քաղաքապետարանի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի մոտավոր հաշվարկներով՝ 21,6 կմ կոյուղագիծ կառուցելու համար անհրաժեշտ կլինի մոտ  850 մլն դրամ կամ 1,7 մլն դոլարից ավելի:

Քաղաքի կոյուղագծերը և ջրագծերը 2017 թվականին հանձնվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին: «Վեոլիա ջուր» ընկերությունը մեր գրավոր հարցմանը ի պատասխան` հայտնել է, որ 2017-2018թթ. վերանորոգման աշխատանքներ կատարելիս Տաշիրում փոխարինվել է մոտ 170 գծամետր կոյուղու խողովակ։

Ընկերության փոխանցմամբ՝ ջրատար և կոյուղատար ցանցի ընդլայնման պարտավորություն իրենց ընկերությունը չունի: Իսկ վթարված կոյուղագծերի դեպքում կատարվում են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, սակայն նոր կոյուղագծերի կառուցման ծրագրեր չունեն:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։