Երեքշաբթի, 20 օգոստոսի

Ազատամուտում առավոտից բողոքի ակցիա և դասադուլ է



Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում առավոտից բողոքի ակցիա և դասադուլ է: Ազատամուտցիները պահանջում են համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը:

Բնակիչների բողոքի ակցիան համայնքում հերթականն է: Այն ծագել է նախորդ շաբաթ դպրոցում տեղի ունեցած միջադեպի պատճառով, որում ներգրավված են եղել համայնքապետի թոռները:

Ինչպես  «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ազատամուտի ավագանու անդամ Արթուր Բեգինյանը, ազատամուտցիներն այս պահին հավաքվել են մշակույթի տան դիմաց և իրենց բողոքն են արտահայտում համայնքում ձևավորված վախի մթնոլորտի, համայնքապետի պաշտոնավարման դեմ:

«Ազատամուտցիներն այս պահին որևէ կենսական նշանակության պահանջներ չեն առաջադրում: Ընդամենը պահանջում են, որ իրենց երեխաների անվտանգությունն ապահովվի: Իրենց երեխային ուղարկեն դպրոց, իմանան՝ իրենց երեխան դպրոցում անվտանգ ուսում է ստանում»,- ասաց ավագանու անդամը:

Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին: Տնօրենը պատմեց, որ գյուղապետի թոռն ու համադասարանցին նայելիս են եղել դասամատյանը, երբ համայնքապետի թոռը հրել է համադասարանցուն, ասելով՝ «արա, այն կողմ կանգնի, ես պիտի նայեմ», որին ի պատասխան մյուս աշակերտն ասել է. «Ես կնայեմ, հետո դու նայի»: Այս զրույցը դարձել է վեճի առիթ:

Տղաները դուրս են եկել դպրոցից, որտեղ համայնքապետի թոռ Ժորան, հարվածել է համադասարանցուն:

Ուսուցիչները տղաներին բերել են դպրոց: Երեկոյան՝ ժամը 19:00-ի սահմաններում, «Հին դպրոցներ» կոչվող տարածքում արդեն երկու կողմերը, ընկերների մասնակցությամբ, վեճը շարունակել են:

Վեճի հաջորդ օրը գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը եկել է դպրոց,  փորձել հաշտեցնել համադասարանցիներին, սակայն գյուղապետի թոռներն ասել են, որ որևէ կերպ չեն հաշտվելու: Դեպքին ներկա են եղել ոստիկաններ, ովքեր փորձել են տղաներին տեղափոխել ոստիկանական բաժին, այդ ժամանակ գյուղապետը, դպրոցի տնօրենի փոխանցմամբ, սկսել է իր հասցեին անվայել խոսքեր հնչեցել: Երեկոյան արդեն ծեծին մասնակցած երեխաների ծնողները հավաքվել են մշակույթի տան առջև և վիճաբանել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Տնօրենն ասում է՝ արդեն հաջորդ օրն առավոտյան եկել է դպրոց, տեսել 15-20 ավտոմեքենաներով փակ է դպրոցի ճանապարհը, և ծնողներն արգելում են իրենց երեխաներին մուտք գործել դպրոց. «Սա երկար տարիներ ձգվող պատմություն է: Միջադեպը պարզապես առիթ էր, որպեսզի այս ամենը սկսվի: ՀՀԿ-ականները բերեցին այդ չորրորդ դասարանի կրթությամբ գյուղապետին մեր վզին փաթաթեցին»:

Ուրբաթ օրը համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել: Ավագանու անդամ Արթուր Բեգինյանի փոխանցմամբ՝ ստորագրահավաքին միացել է գյուղում ընտրելու իրավունք ունեցողների մոտ 80 տոկոսը:

Նշենք, որ հուլիսին Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի որոշումներն ու գործունեությունը ուսումնասիրել են Տավուշի մարզպետարանի և տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցները: Կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Այդ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը, չունենալով ավագանու կողմից ընդունված սոցիալական աջակցության գործառույթը կարգավորող իրավական հիմքեր, համայնքի բնակիչներին տրամադրել է դրամական օգնություններ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այդ օգնության տրամադրումը լուծվում է համայնքի ավագանու սահմանած չափորոշիչներով։ Ազատամուտի համայնքապետի ենթադրյալ չարաշահումները կապված են եղել նաև իր ընտանիքի անդամների հետ:

Մեր նախորդ հրապարակումներում հայտնել էինք, որ Ազատամուտում մոտ երկու տարի տարաձայնություն կա համայնքի ղեկավարի և ավագանու որոշ անդամների միջև։ Ավագանու նախորդ անդամներից ոմանք չէին ներկայանում նիստերին, քանի որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանն ավագանու նորընտիր անդամներին կրկին հրաժարվում էր տեղեկություններ տրամադրել 2016 թվականի ծախսերի և 2017-ի բյուջեի վերաբերյալ, ինչպես նաեւ հրապարակել այն անձանց անունները, ովքեր աշխատավարձ և սոցիալական օգնություն են ստացել համայնքային բյուջեից։ Նիստերի ընթացքում էլ համայնքապետի հետ հաճախ վեճեր են եղել։ Նախորդ տարի մեզ հաջողվել էր ստանալ սոցիալական օգնություն ստացած անձանց ցանկը, զրուցել էինք նրանցից մի քանիսի հետ, որի արդյունքում պարզվել էր, որ ցանկում ներառվածներից երկուսը համայնքապետից օգնություն չէին ստացել։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված