Շաբաթ, 17 օգոստոսի

«Երկիր Ծիրանի». «Հայաստանի Հանրապետությունում կրկին հաղթել է իշխող կոալիցիան»



«Երկիր Ծիրանի» կուսակցությունը տարածել իր գնահատականը 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Ստորեւ` կուսակցության տարածած հաղորդագրությունը:

2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում պահանջվող շեմը փաստացի հաղթահարել են Հայաստանի Հանրապետության գործող գործադիր իշխանության մեջ ընդգրկված երեք քաղաքական ուժեր:  

Մինչև վերոնշյալ ընտրությունները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական կառուցվածքի ապամենաշնորհման, հակակշիռների ու զսպումների մեխանիզմի և անկախ դատական համակարգի ներդրման ուղղությամբ օրինագծեր չեն պատրաստվել, չնայած որ դրա համար բավականին ժամանակ կար։

Չեն ընդունվել այնպիսի սահմանադիր նոր օրենքներ, ինչպիսիք են.

  • Կուսակցությունների մասին օրենքը (վերագրանցել բոլոր կուսակցությունները, արգելել ավտորիտարիզմը սպասարկած և քառորդ դարի ընթացքում ապօրինությունների մեջ ներգրավված կուսակցությունների գործունեությունը, ապահովել կուսակցությունների նվազագույն անկախ  ֆինանսավորումը):

  • Ընտրական օրենսգիրքը՝ ընտրական իրավունքի իրացումից դարձյալ զրկված են եղել արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ըստ էության, չի գործում տեղական ինքնակառավարման ինստիտուտը (մարզպետներին կառավարությունն է նշանակում)։

  • Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին օրենքը, որը կտարածվի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր նորանկախ Հայաստանի Հանրապետության 27 տարիների ընթացքում ոտնահարել են մարդու իրավունքները, ապօրինի եղանակներով հարստացել են մեր քաղաքացիների հաշվին և սպասարկել են օտար երկրների հատուկ ծառայություններին։

Չի ընդունվել տնտեսական դաշտը բարելավող հարկային և մաքսային օրենսդրություն:

Քաղաքական գնահատականի չեն արժանացել.

  • Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում կատարված ապօրինությունները (ապօրինի սեփականաշնորհում, բոլոր համապետական ընտրությունների և հանրաքվեների կեղծում, քաղաքական սպանություններ, ապօրինի բանտարկություններ, խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգություններ և այլն):

  • 2016  թվականի պայմանավորված պատերազմի հիմնական մեղավոր Սերժ Սարգսյանի գործողությունները (անգործությունը):

Քաղաքական հալածյալները չեն արդարացվել: Համաներում չի հայտարարվել:

Այս ամենը ոչ միայն չի արվել, այլև դրանք իրականացնելու մասին ո՛չ ժամանակավոր կառավարության և ո՛չ էլ նախորդ ապօրինի իշխանությունների՝ ապօրինի ձևավորած խորհրդարանի կողմից հայեցակարգեր հանրությանը չեն ներկայացվել։

Գրեթե նման պայմաններում և նման հռետորաբանությամբ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը 83% քվեով, միայն մեկ տարբերությամբ՝ քաղաքացիների մասնակցությունն այն ժամանակ եղել է 74%, ի տարբերություն այսօրվա 43,65%-ի:

Մեկ քաղաքական միավորի 80%-ից ավելի քվե ստանալը վկայում է պոտենցիալ վտանգի և հետընթացի մասին: Երկրում կուսակցական մենիշխանություն հաստատելու համար կառավարությունն ընտրողներին ապակողմնորոշելով սարսափեցրել է «հակահեղափոխության» մասին թեզով։ Նման պայմաններում առողջ և ստեղծագործ քաղաքական դաշտ չի կարող ձևավորվել։

Ահա այս ըմբռնումով մենք շարունակելու ենք պայքարը հանուն ժողովրդավար, ինքնավար Հայաստանի, որտեղ իշխանությունից տարբերվող քաղաքական տեսակետները չեն խեղդվում իշխանական լծակների գործադրման միջոցով։

Հանուն ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ Հայաստանի պայքարը շարունակվում է: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված