Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն անդրադարձել է «Լիդիան Արմենիա»-ի շուրջ ստեղծված իրավիճակին



Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ/AmCham) հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է «Լիդիան Արմենիա»-ի գործունեությանը: Ստորեւ` հաղորդագրության տեքստն` առանց խմբագրման: 

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը առաջատար բիզնես միավորում է, որի անդամ են հանդիսանում տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 120 կազմակերպություն: Լոբբիստական գործունեության միջոցով պալատը խրախուսում է առողջ բիզնես և ներդրումային միջավայր Հայաստանի տնտեսության բոլոր այն ոլորտներում, որ ներկայացնում են անդամ կազմակերպությունները: 

ՀԱԱՊ-ը վստահ է, որ կայուն զարգացող, առողջ տնտեսական, սոցիալական և բնապահպանական համակարգերին համահունչ բիզնեսը կարող է ստեղծել կայուն տնտեսական արժեք և լուրջ ներդրում ունենալ առողջ էկոհամակարգերի և ամուր համայնքների ստեղծման մեջ:

Այս սկզբունքին հավատարիմ լինելով՝ ՀԱԱՊ-ը ողջունել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում պատասխանատու գործելաոճ և միջազգային չափանիշներ ներդնելու Կառավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը: ՀԱԱՊ-ը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը՝ հիմնված ICMM, IFC, ՎԶԵԲ և այլ ընդունված միջազգային
չափանիշների և կանոնակարգերի վրա, կարող է դառնալ Հայաստանի տնտեսության կայուն ճյուղ: Ինչպես արդեն նշել էինք, մենք հավատացած ենք, որ ՀԱԱՊ անդամ որոշ կազմակերպություններ, ինչպես օրինակ «Լիդիան Արմենիա»-ն, որի բաժնետերերի շարքում է ՎԶԵԲ-ը, արդեն իսկ գործում է այս չափանիշներով: Ավելին, պալատը ողջունում է կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված բոլոր ջանքերը և ակնկալում է, որ իր անդամ բոլոր կազմակերպությունները կիրառեն օրենքի բոլոր պահանջները:

ՀԱԱՊ-ը ողջունում է պրոֆեսիոնալ և անկողմնակալ ստուգումները հանքարդյունաբերության ոլորտում՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով վերջին ամիսների որոշ զարգացումների կապակցությամբ: Մինչ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հայտարարել է, որ առաջ են եկել «նոր բնապահպանական գործոններ» և հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել ծրագրի աշխատանքները, Բնապահպանության նախարարը հերքել է նման գործոնների հայտնաբերման փաստը: Կարծում ենք, որ խիստ կարևոր է զերծ մնալ անհերքելի գիտական հիմք չունեցող այնպիսի հապշտապ հայտարարություններից, որոնք կարող ենք հակասական ազդակներ ուղարկել շուկա:

ՀԱԱՊ-ը նաև մտահոգություն է հայտնում, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ են արդեն ավելի քան երեք ամիս և «Լիդիան Արմենիա»-ն զրկված է գործելու օրինական իրավունքից: Հանքարդյունաբերության ոլորտի շուրջ անհանգստությունը լիովին հասկանալի է, սակայն ՀԱԱՊ-ն ակնկալում է, որ այդ մտահոգություններին լուծումներ
կտրվեն օրինական ճանապարհով և արդար ու պրոֆեսիոնալ միջոցներով: Մենք նաև ակնկալում ենք, որ նույն չափանիշներն արդար և հավասար կերպով կկիրառվեն ոլորտի բոլոր կազմակերպությունների հանդեպ:

Որպես բիզնես միավորում, ՀԱԱՊ-ը ցանկանում է Հայաստանում տեսնել պատասխանատու և կայունության սկզբունքներին հավատարիմ հանքարդյունաբերության ոլորտ: Այս առումով հավասար դաշտը և օրենքի թափանցիկ,
կանխատեսելի և անկողմնակալ կիրարկումը կարևորագույն նշանակություն ունի:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. ՀԲՃ13:59 - 28 սեպտեմբերի, 2018
Իրենց կարծիքը ու՞մ է հետաքրքիր, թե՞ ուզում են մեր կառավարության վրա ճնշում գործադրել
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված