Երկուշաբթի, 10 դեկտեմբերի

Այնքան կարևոր չէ, թե ինչ է ասվում, որքան` թե ով է ասում



Հայկական հեղափոխությունից հետո, շուրջ քսան տարի իշխանության եղած ՀՀԿ-ականներն, իրավամբ, բողոքում են իրենց նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներից։ Իսկապես, հատկապես սոցիալական ցանցերում Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի (նշում եմ ամենաակտիվ ՀՀԿ-ականներին) ցանկացած խոսք, կարծիք ընդունվում է նրանց հասցեին ուղղված վիրավորանքներով և հայհոյանքներով։ Ընդդիմախոսները (եթե նրանց կարելի է այդպես անվանել) բոլորովին չեն խորանում ՀՀԿ-ականների ասածների բովանդակության մեջ։ Բավական է լսեն, կարդան նրանց կարծիքը, սկսվում է․ «․․․էդ հլը դու ես խոսում, այ․․․,․․․ Էս ․․․ի տղեքին, ․․․երին պետք ա նստցնել․․․և այլն»։ ՀՀԿ-ականներին տրվող ամենամեղմ պատասխանները տալիս են հանրությանը ծանոթ գործիչները, այն էլ հետևյալ տրամաբանությամբ․ «․․․էդ դուք ե՞ք օրենքից խոսում, բա ձեր ժամանակ, որ այսպես, այնպես էիք անում լավ է՞ր»` կարծես թե դրանով արդարացնելով օրենքի խախտումները։

Իհարկե, այս տարիների ընթացքում ՀՀԿ-ական վերնախավն իրեն չափազանց մեծամիտ և ամբարտավան է պահել։ Առանց անուններ տալու, հիշենք մի քանի արտահայտություններ․ «Առաջիկա տարիներին վարչապետի թեկնածությունն անցնելու է Մելիք-Ադամյանով,․․․Լավ ենք անում, ․․․դուք եկեք իշխանության, այլ կերպ գործեք, ․․․իրավապահ մարմինները պարզել են, որ տեղի է ունեցել ինքնապաշտպանություն,․․դիմեք պատկան մարմիններին․․․ և այլն»։ Կարծում եմ` այս ամենը բնավ չի արդարացնում, որ այժմ էլ անտեսվեն օրենքները ցանկալի արդյունքի հասնելու համար։ Հակառակ դեպքում, ի՞նչ տարբերություն նախորդ և այժմյան Հայաստանների միջև։

Սակայն․․․ ինքս, երբ կարդում եմ ՀՀԿ-ականների դատողությունները այսօրվա իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, և երբեմն նկատում, իսկապես խելամիտ քննադատություն, մտածում եմ՝ արդյոք դուք բարոյական իրավունք ունե՞ք քննադատելու այն ամենը, ինչ տարիներ շարունակ ինքներդ եք արել։ Եվ անկեղծանամ, հաճախ այդ թերացումների մասին երբ ուզում եմ ինքս ասել, նրանց արտահայտվելուց հետո հավեսս կորչում է։ Չեմ ուզում նույնանալ նրանց հետ։ Իհարկե, այսօր քննադատությունն էլ է բարդացել, նկատի ունեմ ուլտրահեղափոխականների հարձակումները (․․․ահա սրա երեսն էլ պատռվեց, սա էլ ծախվեց ․․․ և այլն)։ Բարդ իրավիճակ է ստեղծվել։ Կարծում եմ, որ եթե ՀՀԿ-ականները լռեին, գուցե այլոք առավել համարձակ քննադատեին իշխանություններին։ Ի՞նչ անել՝ զրկե՞լ ՀՀԿ-ականներին ձայնի իրավունքից։ Իհարկե՝ ոչ։

Իսկ արդյոք հնարավոր չէ՞ Հայաստանում մինչ այժմ գործած քաղաքական մշակույթը վերանայել և ընդունել սեփական սխալները։ Այսպես, ՀՀԿ-ն ազատվում է իր քրեական, գործարար անդամներից և ընդունում հռչակագիր, մոտավորապես հետևյալ բովանդակությամբ․

«Այո, այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ սխալներ և թերացումներ։ Մենք չհասցրինք (պարտադիր չէ ասել՝ չկարողացանք, չուզեցինք) Հայաստանը դարձնել իրավական պետություն, զարգացնել տնտեսությունը և այլն։ Ցավոք, հաճախ մենք հավատացել ենք մեր ղեկավարությանը, կամ չենք հակադրվել՝ մտածելով, որ «դանդաղ շտապելն» ավելի ճիշտ ճանապարհ է․․․և այլն։ Եվ սա է հիմնական պատճառը, որ մենք պատասխանատվություն ենք կրում Հայաստանի ապագայի համար և որպես հինը թոթափած քաղաքական ուժ` մասնակցում ենք երկրի քաղաքական կյանքին, արդեն որպես ընդդիմություն»։

Հիշում եմ, կարծեմ 2000 թվականն էր, ՀՀՇ-ի նախագահ Ալեքսանդր Արզումանյանն ինձ հրավիրեց ՀՀՇ գրասենյակ։ Սուրճ խմելով՝ զրուցում էինք։ Նա ինձ հաղորդեց իր մտածած նախաձեռնության մասին․ հանդես գալ կոչով՝ դիմելով 1988-1991թթ ՀՀՇ-ի բոլոր գործիչներին, առաջարկելով մի կողմ դնել տարիների տարաձայնությունները և նորից համախմբվել 1988թ․ ՀՀՇ-ի հռչակած գաղափարների շուրջ։ Իմ պատասխանը մոտավորապես հետևյալն էր․ «Որպեսզի մտահղացումդ հնարավոր լինի իրականացնել, անհրաժեշտ է, հրապարակային ընդունել անցած տարիներին գործած սխալները.

Այո Հայոց Համազգային շարժումը ուներ հանրային մեծ վստահություն, սակայն գալով իշխանության՝ նախ միանգամից հայտնվեցինք պատերազմական վիճակում, մենք փորձ չունեինք, մեր մեջ հայտնվեցին պատեհապաշտներ, մեզ թվում էր, որ եթե այլ ուժեր գան իշխանության, Հայաստանը սխալ ճանապարհով կգնա։ Եվ այդ էր պատճառը մեր անհանդուրժողականության, կոպիտ սխալների և այլն։ Այս ամենի համար մենք կրում ենք պատասխանատվություն և որպես ընդդիմադիր քաղաքական ուժ պայքարելու ենք դրանք շտկելու համար»։ Եվ ավելացրի․ եթե նման, գուցե ավելի մեղմ հայտարարություն ընդունվի, գուցե ես մտածեմ վերադառնալու մասին։ Ալեքսանդր Արզումանյանը համաձայնվեց, բայց․․․

․․․Բայց ՀՀՇ-ն գնաց այլ ճանապարհով։

Գեբելս. «Մենք մեր հույսը դնում ենք ժողովրդի կարճ հիշողության վրա»

Եվ նրանք 10 տարիների ընթացքում աշխատեցին երիտասարդների հետ, որոնք չէին տեսել կամ լսել 90-ականների մասին լրատվամիջոցներով, և արդեն 2008թ․ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շռնդալից ձևով ներխուժեցին քաղաքականություն։ Այսօր 90-ականների ՀՀՇ-ականները, (այսօրվա ՀՀԿ-ականները) հարգված քաղաքական գործիչներ են և անխնա քննադատում են ինչպես իրենց 1995թ․ կոալիցիոն գործընկերոջ ՀՀԿ-ին, այնպես էլ իրենց կողմից քաղաքական ասպարեզ բերված քրեական տարրերին։

Արդ, ո՞ր ճանապարհով կգնա ՀՀԿ-ն։ Կարծում եմ` երկրորդ, քանի որ մեր քաղաքական մշակույթը սեփական սխալները ընդունելու ավանդույթ չունի։ Այն ընկալվում է որպես թուլության նշան։ Միայն չասեք, թե Լևոն Տեր-Պետրոսյանը 2007թ․ հանրահավաքում ընդունեց իր սխալները։ Նա միայն ներողություն խնդրեց Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բերելու համար։ Բայց ինչու՞, որովհետև նրանք Վազգեն Սարգսյանի հետ իրեն գահընկեց արեցին։ Ընդամենը․․․ Հա, մոռացա, հավանաբար միակ բացառությունը սրտի կսկիծով սույն թվականի ապրիլի 23-ին ասված Սերժ Սարգսյանի խոսքն էր․ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»։

Հիշում եմ՝ ինչպիսի նախանձով էի լսում 2010թ․ Կրակովում Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսային։ Նա իր ելույթում անդրադարձավ իր և իր կողմից գլխավորած «Համերաշխություն» շարժման բազմաթիվ սխալներին։ Վալենսան ազատ, առանց թիկնապահների քայլում էր, ինչպես ֆորումի տարածքում, այնպես էլ Կրակովի փողոցներում։

Ավետիք Իշխանյան


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (4)
1. Ռուբեն Մարգարյան21:04 - 27 սեպտեմբերի, 2018
Սեփական սխալների գիտակցումը պատիվ է բերում ցանկացած անձի, բայց հասարակության հիշողության մեջ հատկապես դրոշմվում են հանրահայտ մարդկանց խոստովանությունները: Մի քանի ամիս առաջ «Արմենպրես» գործակալության կայքում կարդացի «Սահակաշվիլին մտադիր է վերադառնալ և ուղղել սեփական սխալները Վրաստանում» վերնագրով հոդվածը https://armenpress.am/arm/news/933351.html, որտեղ նշված էր Վրաստանի նախկին նախագահի այն հայտարարության մասին, որ իր նախագահության ժամանակ իշխանափոխությունը տեղի Է ունեցել նաեւ իր անձնական սխալների պատճառով: Սահակաշվիլին նշել է, որ հենց իր այդ սխալների պատճառով է ինքը մտադիր վերադառնալ Վրաստան եւ ուղղել դրանք: Հայտնի չէ, թե Սահակաշվիլին կունենա վերադարձի հնարավորությունը, թե՝ ոչ, բայց այդ հայտարարությունը կարծում եմ էականորեն կբարձրացնի նրա վարկանիշը:
2. Անուն Ազգանուն10:47 - 28 սեպտեմբերի, 2018
սերժը չի ասել ես սխալ եմ, ասելա սխալվեցի: դրանք շատ տարբեր բառեր են, գոնե թարգմանեք ռուսերեն կտեսնեք: սա էլ նյութը http://hetq.am/arm/news/87918/
3. Անուն Ազգանուն Հայրանուն17:26 - 28 սեպտեմբերի, 2018
Պարոն Իշխանյան, առաջարկում եմ, որ Դուք էլ ասեք՝ Անուն Ազգանունը ճիշտ էր, ես սխալվեցի:
4. Ռուբեն Մարգարյան17:45 - 28 սեպտեմբերի, 2018
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերով ասած՝ ավազակապետական համակարգի սաղմերը և ընտրակեղծարարությունը սկսել էր ձևավորվել դեռևս իր նախագահության տարիներին և եթե նա 2007թ. հանրահավաքում սկսեր խոստովանել իր բոլոր սխալները, ապա Տեր-Հուսիկը չէր հասցնի փուլային ձևով նրա մեղքերին թողություն տար:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված