Կիրակի, 15 սեպտեմբերի

«Հանուն Հայրենիքի» խմբի անդամներ Աղասի Անտոնյան, Սարգիս Թորոսյան, Շիրակ Գյունաշյան եւ Լեւոն Առուշանյան



սկիզբը

Աղասի Անդրուշի Անտոնյանը ծնվել 1931 թ. Սպիտակի շրջանի Կաթնաջուր գյուղում: «Հանուն Հայրենիքի» խմբի անդամների հետ ծանոթացել է Ասատուր Բաբայանի միջոցով: Խմբի ժողովները եւ «Հանուն Հայրենիքի» վերնագրով ամսագրի տպագրման աշխատանքներն իրականացվել են Ավանում գտնվող նրա տանը: Կալանավորվել է 1968 թ. հուլիսի 4-ին: Դատապարտվել է հինգ տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրերում: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Երեւան: Եղել է ոստիկանական հսկողության տակ: Պահպանել է մտերիմ հարաբերություններն ընկերների հետ: Վախճանվել է 2000 թ. նոյեմբերին:

Սարգիս Խաչիկի Թորոսյանը ծնվել է 1930 թ. Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղում: Մասնակցել է «Հանուն Հայրենիքի» խմբի կազմակերպման եւ նույնանուն ամսագրի տպագրման աշխատանքներին: Թորոսյանին է հաջողվել ամսագրի տպագրման համար անհրաժեշտ տպատառեր հայթայթել: Կալանավորվել է 1968-ի հուլիսի 4-ին: Դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական ճամբարներում: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Երեւան: Եղել է ոստիկանական հսկողության տակ: Ոչ միայն չի կտրել կապերն իր ընկերների հետ, այլեւ յուրահատուկ կապող օղակ է հանդիսացել տարբեր տարիների եւ գաղափարների պատկանող քաղբանտարկյալների միջեւ: Վախճանվել է Երեւանում, 2000 թվականի ապրիլին:

Շիրակ Պավելի Գյունաշյանը ծնվել է 1939 թ. Ախուրյանի շրջանի Հայկավան գյուղում: Մինչեւ կալանավորվելը սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, միաժամանակ աշխատել է Երեւանի էլեկտրալամպերի գործարանում, որտեղ էլ մտերմացել է Հովիկ Վասիլյանի հետ: 1965-ից մինչեւ իր կյանքի վերջը Շիրակ Գյունաշյանը չդադարեցրեց իր հայրենասիրական գործունեությունը: «Հանուն Հայրենիքի» խմբի կազմակերպիչներից էր: Կալանավորվել է 1968 թ. օգոստոսի 11-ին: Դատապարտվել է չորս տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավայրերում: Հայաստան վերադառնալուց հետո շարունակել է իր գործունեությունը: 1982-ին ձերբակալվել է երկրորդ անգամ: Այս անգամ 2061 հոդվածով (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը) ներկայացված շինծու մեղադրանքով դատապարտվել է երեք տարի ազատազրկման: 1987թ.- ին իր ընկերների հետ հիմնադրել է «Հայ դատի պաշտպանության ընկերություն» կազմակերպությունը: 1988-ից ներգրավվել է Ղարաբաղյան շարժման մեջ: Նա էր «Էրեբունի» օդանավակայանից Արցախ առաքվող զինամթերքի ու սննդամթերքի համակարգողն ու կազմակերպիչը: Մինչեւ զինադադարի կնքումը` նրա հիմնական աշխատավայրը «Էրեբունի» օդանավակայանն էր: 1996 թվականին նրա նախաձեռնությամբ ստեղծվեց 1960-80-ականների քաղբանտարկյալների հասարակական կազմակերպությունը` «Ակումբ-65»-ը:
Վախճանվել է 1997-ին, Երեւանում:

Լեւոն Ռուբենի Առուշանյանը ծնվել է 1939 թ. Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում: Դեռեւս 1967-ին Շիրակ Գյունաշյանի, Հովիկ Վասիլյանի եւ այլոց հետ նա թռուցիկներ է տարածել Երեւանում ու Աբովյանում: Արդեն տպագրված «Հանուն Հայրենիքի» ամսագիրը վերջնական տեսքի բերելու համար խմբի անդամներն, անվտանգության նկատառումներով, Աղասի Անտոնյանի տնից տեղափոխել են Աբովյան քաղաք` Լեւոն Առուշանյանի բնակարան: Սա էլ եղել է նրա դատապարտման գլխավոր պատճառը: Կալանավորվել է 1968 թ. հուլիսի 4-ին: Դատապարտվել է մեկ տարի վեց ամիս ժամանակով: Ազատ արձակվելուց հետո որեւէ գործունեությամբ չի զբաղվել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված