Երկուշաբթի, 10 դեկտեմբերի

Արմեն Ամիրյանի ամերիկյան տները. նախկին պաշտոնյան միլիոնանոց գործարքներ է արել


Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն այս տարվա փետրվարին 2 մլն դոլարով վաճառել է ԱՄՆ Գլենդել քաղաքում գտնվող իր անշարժ գույքը, որը ժամանակին ձեռք էր բերել 1,2 մլն դոլարով: Սակայն սա նախկին պաշտոնյայի միակ ունեցվածքը չէ Միացյալ Նահանգներում: Հիշեցնենք, որ Ամիրյանը 1997-2015 թթ. Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր, իսկ 2016-2018 թթ.՝ մշակույթի նախարարը: Ամիրյանը նաեւ «Արմենակոբ» հեռուստաընկերության հիմնադիրն էր, որը հետագայում վաճառել է:

Առանձնատուն՝ հայկական միջավայրում

2008 թ. օգոստոսի 13-ին Ա. Ամիրյանը, լինելով Հանրային ռադիոյի ղեկավար, 820.000 դոլարով առանձնատուն է ձեռք բերել Գլենդելի Քեմփթոն Ռոուդ 300 հասցեում (300 Kempton Road): Սա նրա միանձնյա սեփականությունն է: Վաճառողները եղել են Էդվին Տաբոադան եւ Մագալի Լայադենսը (Edwin Taboada, Magaly Layadenz):

Ինչպես կարելի է տեսնել ստորեւ ներկայացված պատկերում, առանձնատունը գտնվում է զառիթափի վրա:

Տան մակերեսը 193 քմ է, իսկ ընդհանուր հողամասինը՝ 743 քմ: Երբ 2017-ին Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ի կազմում մասնակցում էր ԱԺ ընտրություններին, այս գույքը հայտարարագրել էր որպես անհատական բնակելի տուն եւ դրա մակերեսը նշել էր հենց 193 քմ, բայց թերեւս ճիշտ կլիներ, որ նա նշեր ամբողջ անշարժ գույքի չափը:

Տունը կառուցվել է 1960-ին, ունի 3 ննջասենյակ եւ նույնքան լոգասենյակ: 2017-ին, ըստ հարկային փաստաթղթերի, անշարժ գույքը (հողը եւ շենքը) գնահատվել է 909.850 դոլար, որի հարկը հաշվարկվել է 10.109 դոլար:

Առանձնատունը գնելուց օրեր անց՝ 2008-ի օգոստոսի 27-ին, Ամիրյանն անշարժ գույքը ձեւակերպել է «Amiryan Living Trust»-ի անունով, որի կառավարիչն ինքն է: 2018-ի հունվարի 5-ին էլ Ա. Ամիրյանը, որն այդ ժամանակ ՀՀ մշակույթի նախարարն էր, այս տան գրավադրմամբ «The Rrediger Family Foundation»-ից շինարարական նպատակներով 260.000 դոլար վարկ է վերցրել, որի մարման մասին տեղեկություն անշարժ գույքի փաստաթղթերում չկա: Ստացած վարկի մասին որեւէ տվյալ չկա Ամիրյանի վերջին հայտարարագրում, որը ներկայացվել է այս տարվա մայիսին:

Ինչպես տեղեկանում ենք գույքի վերաբերյալ փաստաթղթերից, Ամիրյանի տան հարեւանությամբ բազմաթիվ հայեր են ապրում, չնայած հայտնի է, որ Գլենդելն ընդհանրապես հայաշատ քաղաք է:  

Ամիրյանի երկրորդ առանձնատունն ու վարկերը

Եվս մի առանձնատուն Գլենդելի Հիլքրոֆթ Ռոուդ 943 հասցեում (943 Hillcroft Road) Արմեն Ամիրյանը գնել է 2013-ի օգոստոսի 21-ին: Այդ ժամանակ նա դեռեւս Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր: Տունը ձեռք է բերվել Կարո Բանջարջյանից (Karo Banjarjian), գործարքի գինը հանրայնացված չէ, բայց հայտնի է, որ Բանջարջյանն իր հերթին առանձնատունը գնել է սրանից ընդամենը 2 ամիս առաջ՝ հունիսի 14-ին՝ վաճառող Անահիտ Ստեփանյանին (Anahit Stepanyan) վճարելով 560.000 դոլար: Ստեփանյանն էլ տան սեփականատեր է դարձել 2005-ին. նա տունը գնել է Վարդգես Բոստանյանից (Vardkes Bostanian) 732.000 դոլարով: Բոստանյանն իր հերթին 2003-ին տան համար վճարել էր 455.000 դոլար:

Այսինքն՝ Ա. Ամիրյանն այս տան անընդմեջ չորրորդ հայ սեփականատերն է: Սա եւս նրա միանձնյա սեփականությունն է:

Առանձնատունը կառուցվել է դեռ 1925-ին, ունի 3 ննջասենյակ, 2 լոգասենյակ, մակերեսը 134 քմ է (2017-ին իր հայտարարագրում հենց այս թիվն է նշել Ամիրյանը), իսկ ընդհանուր տարածքինը՝ 1597 քմ: Ստորեւ կարելի է տեսնել, որ տունն ունի հետնաբակ:

2017-ին այս գույքը (տունը, հողամասը) գնահատվել է 612.620 դոլար, ինչի հիման վրա հաշվարկվել է 6.861 դոլար հարկ:

Առանձնատան նախորդ սեփականատեր Կարո Բանջարջյանը այն գնելիս՝ 2013-ի հունիսին, մեկ տարի մարման ժամկետով 365.000 դոլար փոխառություն է վերցրած եղել Ֆրիդա Նաջարյանից (Frida Najarian), որը մարելու պարտավորությունը տան օտարումից հետո անցել է Արմեն Ամիրյանին: Վերջինս իր հերթին 2014-ի օգոստոսին 30 տարի մարման ժամկետով 380.000 դոլար վարկ է վերցրել «ECOM Mortgage Inc.»-ից: Ավելի ուշ՝ 2017-ի փետրվարին, վարկատուն իր իրավունքները փոխանցել է մեկ այլ ընկերության՝ «CitiMortgage Inc.»-ին:  

Վարկ վերցնելուց հետո՝ 2014-ի սեպտեմբերի 8-ին, Ամիրյանն առանձնատունը, ինչպես Քեմփթոն Ռոուդ 300 հասցեի տունը, կառավարման է փոխանցել «Amiryan Living Trust»-ին: 2017-ի հունիսին արդեն նախարար աշխատող Ամիրյանը եւ նրա «Amiryan Living Trust»-ը 6 ամսով (մինչեւ 2018-ի հունվարի 1-ը մարման ժամկետով) 207.000 դոլար վարկ են վերցրել «LDI Ventures» ՍՊԸ-ից: Չի բացառվում, որ այս դեպքում նպատակը եղել է վերոնշյալ 30-ամյա վարկի մասնակի մարումը:  

Սակայն նախարար Ամիրյանի 2017 թ. տարեկան հայտարարագրում բացակայում է 207.000 դոլար վարկ վերցնելու փաստը:

Խանութ, սննդի կետ, բնակելի շենք

2013-ի հոկտեմբերի 18-ին Ա. Ամիրյանը հողակտոր է ձեռք բերել Գլենդելի Սաութ Վերդուգո Ռոուդ (South Verdugo Road) եւ Իսթ Հարվարդ Սթրիթ (East Harvard Street) փողոցների խաչմերուկում: Հողամասի ընդհանուր մակերեսը 631 քմ է, շենք-շինություններինը՝ 381 քմ: Այն ժամանակ Հանրային ռադիոյի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ամիրյանը տարածքը գնել է 1.162.000 դոլարով: Վաճառողը նույնպես հայ էր՝ Ալբերտ Լանչյանը (Albert Lanchian):

Սակայն նրանից առաջ էլ տարածքի տերերը հայեր են եղել: Այսպես՝ 2002-ին Արմիկ Ասատուրյանը (Armik Assatourian) հողամասը գնել է 535.000 դոլարով, ապա 2005-ին շուրջ 1 մլն դոլարով վաճառել է Օդետ Շահնազարյանցին (Odet Shahnazarians), որն էլ իր հերթին 2006-ին 1,1 դոլարով գույքն օտարել է Ալբերտ Լանչյանին:

Անշարժ գույքը ձեռք բերելիս՝ 2013-ի հոկտեմբերին, Արմեն Ամիրյանը 560.000 դոլար վարկ է վերցրել «Rediger Investment Mortgage Fund»-ից: 2014-ի փետրվարին եւս մի վարկ (575.000 դոլար) նա վերցրել է «Velocity Commercial Capital» ՍՊԸ-ից, եւ այդ տարվա ապրիլին մարել է առաջին վարկը, այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ երկրորդ վարկը վերցվել է առաջինը մարելու նպատակով: 2014-ի սեպտեմբերին Արմեն Ամիրյանն իր գույքը կառավարման է փոխանցել «Amiryan Living Trust»-ին: 2015-ի մարտին «Velocity Commercial Capital»-ն իր վարկային իրավունքները փոխանցել է «U.S. Bank National Association»-ին:     

Հիմա՝ այն մասին, թե ինչ գույք է ձեռք բերել Հանրային ռադիոյի նախկին ղեկավարը: 631 քմ մակերեսով հողամասի վրա 3 շինություն կա ընդհանուր 381 քմ տարածքով (այս տվյալը նա նշել է իր հայտարարագրում): Ամբողջ գույքն Ա. Ամիրյանի միանձնյա սեփականությունն էր: Այստեղ եւս նախկին պաշտոնյան հայ հարեւաններ է ունեցել: Գրում ենք անցյալով, քանի որ ներկայում տարածքը Ամիրյանինը չէ:

Շինություններից մեկը, որը, ըստ փաստաթղթերի, կառուցվել է 1948-ին եւ զբաղեցնում է 39 քմ, խանութ է (հասցեն՝ 145 South Verdugo Road): Ներքեւի եռաչափ պատկերում կարելի է տեսնել նաեւ դրա անունը՝ «Թորիկ», որտեղ վաճառվում է թոնրի հաց եւ այլ տեսականի: Ընդ որում՝ ըստ պատկերային ժամանակագրության, դեռ 2007-ին խանութը կրում էր նույն անունը (վերեւում նշել ենք, որ 2002-ից տարածքի տերերը հայեր են եղել):  

Այս խանութի հարեւանությամբ 28 քմ տարածքով մյուս շինությունն է՝ «Taco Azteca Original» մեքսիկական սննդի կետը (հասցեն՝ 143 South Verdugo Road): Համաձայն փաստաթղթերի՝ շինությունը կառուցվել է 1970-ին: Խանութի եւ սննդի կետի թիկունքում՝ 1365 East Harvard Street հասցեում, երկհարկանի բնակելի շենք է՝ կառուցված 1953-ին եւ 314 քմ մակերեսով: Շենքը բաղկացած է 6 բնակարանից, որտեղ, ինչպես կարելի է տեսնել ներքեւի պատկերում, մարդիկ են ապրում:

2017-ին Ա. Ամիրյանին պատկանող անշարժ գույքը (հողն ու շինությունները) գնահատվել է 1,2 մլն դոլար, որի հիման վրա հաշվարկվել է 13,7 հազար դոլար հարկ: 

2018-ի փետրվարի 23-ին Արմեն Ամիրյանը 2.040.000 դոլարով ամբողջ գույքը վաճառել է Լեւոն, Լիլիանա եւ Արմեն Մովսես Ֆիլյաններին (Levon, Liliana, Armen Movses Filians): Արդեն մարտին Ամիրյանը մարել է 2014-ին վերցրած 575.000 դոլար վարկը:

2018-ի մայիսին Ամիրյանը հրաժարական տվեց նախարարի պաշտոնից՝ դրանից հետո ներկայացնելով հայտարարագիր: Վերջինս, սակայն, անշարժ գույքի մասով կրկնում է 2017-ին նախարար վերանշանակված Ամիրյանի հայտարարագրի տվյալները (երկուսում էլ նշված է 10 միավոր անշարժ գույք), այսինքն՝ ամերիկյան գույքի վաճառքը նախկին պաշտոնյայի վերջին հայտարարագրում չի երեւում:

Այս տարվա ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ մշակույթի նախարարն ԱՄՆ-ում վաճառել է իր գույքը եւ գործարքից ստացած գումարով Երեւանի ռադիոտան հետնամասում հյուրանոցային համալիր է կառուցում: Թերթին Ա. Ամիրյանը հայտնել է. «Մի քանիսը չեմ վաճառել, մեկն է, հյուրանոցային համալիր չէ, փոքրիկ հյուրանոց է, որի նպատակն է ներդրում կատարել Հայաստանում»: 

Մի փոքր հետ գնալով՝ նշենք, որ 2016-ի սեպտեմբերին նախարար նշանակվելուց հետո Արմեն Ամիրյանը լրագրողների հետ հոկտեմբերյան մի հանդիպման ժամանակ խոսել էր ԱՄՆ-ից ստացած «գրին քարտի» եւ այդ երկրում իր ներդրումների մասին: ««Գրին քարտի» համար ոչ թե դիմել եւ ստացել եմ, այլ «գրին քարտը» շնորհվել է ինձ Ամերիկայի պետության կողմից՝ որպես պետության համար պահանջված մարդու՝ որոշակի ոլորտներում ծառայություններ կատարելու համար ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ ընդհանրապես համաշխարհային դաշտում, նկատի ունեմ՝ հենց ռադիոշուկայում, ռադիոդաշտում: Դեռեւս 1995 թվականից ես ներդրումներ եմ կատարում այդ երկրում, բայց ես դրան նայում եմ որպես բիզնես հետաքրքրություններ: Իմ տղան եւ աղջիկն այս պահին (2016 թ.) ԱՄՆ-ում են, ուսանում են, աշխատում են, բայց դա չի նշանակում, որ նրանք այնտեղ հիմնավոր են: Ես կարծում եմ, որ այն կրթական մակարդակը, որ այնտեղ գոյություն ունի, նրանք, հավաքելով այդ բազան, շատ լավ կարող են օգուտ տալ մեր երկրին,- ասել էր նախարարը, իսկ Հայաստանում ներդրումների մասին նշել,- Հայաստանում էլ եմ ներդրումներ կատարել բավականին շատ: Ստեղծվել են մի քանի ռադիոկայաններ («Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ, 1996 թ.), հեռուստաընկերություն («Արմենակոբ-ԹիՎի» ՍՊԸ, 1999 թ.), ստեղծվել է մշակութային կենտրոն («Արմենակոբ» ՍՊԸ, 1996 թ.): Ներկայումս մի քիչ ավելի պասիվ եմ, որովհետեւ իմ գործառույթները պետության մեջ շատ ավելի շատ են, եւ ժամանակ չկա, եւ բնական է, որ ես ինչ-որ տեղ թերեւս իրավունք էլ չունեմ այլ բիզնես հետաքրքրություններ ունենալ»:   

Արմեն Ամիրյանի հետ զրուցել չհաջողվեց, հեռախոսահամարն անջատված է կամ ռադիոծածկույթից դուրս է: Մեր տեղեկություններով՝ նա երկրում չէ: Այդուհանդերձ, պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրա դիրքորոշումը: Մեզ, մասնավորապես, հետաքրքրում է վերցրած վարկերի եւ գույքի վաճառքի՝ հայտարարագրերում չերեւալու փաստը: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (6)
1. Զարուհի 05:03 - 27 սեպտեմբերի, 2018
Հարգելիներ այն որ մանրակրկիտ ներկայացնում եք Ամեն ի ունեցվածք լավ կլիներ որ պարզեք թե այդ ինչպես ստացվեց որ հանրային ռադիոյի տնօրենին այդքան ունեցվածք Նորք Մարաշում չորս հարկանի ; Սեվանի ափին շինություն ; հանքավանում 7000 ք/մ մակերեսով ամառանոց որոնք վաճառում է ահա https://www.list.am/ru/item/9812929 ստուգեք ինքներդ կհամոզվեք այդ ինչպես է ստացվել որ այս ծաղրածուի այսքան ունեցվածք կալվածքներ երբ հանրային հեռուստատեսության տնորենը խղճուկ ա Արմենի համեմատ տեսնես ռադիոյի որ խասափողնա փող բերել ինչպես ինչպես ասացեք երբ հանրային հեռուստատեսության ու ռադիոյի աշխատող ները ստանում են գռոշներ ինչու չեք հետաքնում այդ ինչպես է ստացվել որ ԱՄՆ ում էլ է հարստություն ունեցվածք ձեռքբերել հայաստանի պայմաներում ։ Ամոթ Հազար ամոթ նման մարդկանց որ հեռուստաէկրանից ու ռադիոյի եվ այլ առիթների ժամանակ կեղծ հայրենասիրությամբ էր զբաղվում հանրապետական թալանչիներիչ ոնչն ով չի տարբերվում գյոռը տանի անամոթ ծաղրածու ա մ ի րյան ։
2. ԱՆՆԱ07:15 - 28 սեպտեմբերի, 2018
Ւսկ Անահիտ Ստեփանյանը՝ Ամիրյանի աներորդու կինն է։
3. HAGOP02:07 - 29 սեպտեմբերի, 2018
IT'S NICE TO SEE ARMENIAN MONEY DONATED TO CHARITIES USED BY CORRUPT ARMENIAN POLITICANS TO GET RICH AND RICHER!!!!!!! KEEP DONATING ARMENIANS!!!!! ALL YOUR DONATED MONEY IS HELPING ARMENIA!!!!!! YEAH RIGHT!!! LOLOL THEY ARE STEALING YOUR MONEY!!!!!!!!!!!!
4. ani20:34 - 29 սեպտեմբերի, 2018
GOD JHWH sees everything and will make the BILL ! Noone will escape, justice will be done truely ! These armenians , who claim to be christians are the real proof of being cheeters and thieves = NO christians = pagans = idolaters ... The fear of God is the beginning of whisdom .. but they don't fear nor respect HIM
5. Gabe Korajian23:16 - 29 սեպտեմբերի, 2018
Former Armenian Minister of Culture, Armen Amiryan saved all his salary. He did not eat well, he did not buy a car and did not dring just to save money and buy all these properties in the United States. Even, a second-grade student will not believe that.
6. Arman01:59 - 30 սեպտեմբերի, 2018
thats only in california how about in new york
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։