Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

ԱԱԾ-ն դադարեցրել է 16-ամյա թուրք տղայի նկատմամբ քրեական հետապնդումը. պաշտպանը մանրամասներ է պատմում



Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի՝ Ումութ Ալի Օզմենի վերաբերյալ քրեական գործը կարճվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ վերացվել: Այս մասին «Հետք»-ին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Մեզ հետ զրույցում տղայի հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը հայտնեց, որ Ումութ Ալի Օզմենն արդեն ազատության մեջ է, նրան Թուրքիա տանելու համար Հայաստան է ժամանել հայրը:

«ԱԱԾ-ն թե՛ մարդասիրական, թե՛ երեխայի շահերից բխող որոշում կայացրեց, նա շատ արագ իր հայրիկի հետ կվերադառնա տուն»,- ասաց Կարինե Խաչատրյանն ու նշեց, որ տղան Հայաստանի սահմանում է հայտվել պատանեկան հետաքրքրասիրությունից դրդրված:

«Ինքը գիտակցել է, որ գալիս է Հայաստան, ցանկացել է տեսնել Հայաստանի շենքներն ու շինությունները, սակայն չի պատկերացրել, որ Հայաստան գալը մեծ բարդություն է, որ սահմանը հատելը օրենքով արգելված է ու կարող է նման խնդիրներ առաջացնել: Նպատակը եղել է հնարավորինս մոտ տարածքից Հայաստանը տեսնելն ու շուտ ետ վերադառնալը,  չի պատկերացրել, որ բարդություն է սահմանը հատելն ու հետ չգնալը»,- ասում է Կարինե Խաչատրյանը:

Փաստաբանի խոսքով՝ 16-ամյա տղան բնակվել է Կարսի մարզի գյուղերից մեկում, ընտանիքի անդամներին ասել է, որ գնում է թեյի համար խոտ հավաքելու: Երբ հայ-թուրքական սահմանն անցել է, այնտեղ նկատել է ռուս սահմանապահներին ու անձամբ մոտեցել նրանց:

Ըստ Խաչատրյանի՝ տղան ի սկզբանե սահմանապահներին ասել է, թե կորել է, ապաստան չի խնդրել, նման մտադրություն չի էլ ունեցել: Հետագայում արդեն նա ասել է սահմանը հատելու իրական նպատակն ու պատճառաբանել, որ ընտանիքը օրինական կարգով Հայաստան գալու հնարավորություն չի ունեցել, այս իսկ պատճառով նման քայլի է դիմել:

Պաշտպանն ասում  է՝ Ումութ Ալի Օզմենի հետ շփումների արդյունքում նրա մասին լավ կարծիք է կազմել:

«Բավականին զուսպ, կոռեկտ տղա, է, չէր դժգոհում: Կարելի է ասել՝ արկածներ սիրող երեխա է, և ինքն ինչ-որ տեղ գոհ է իր արկածներից»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանն ու հույս հայտնեց, որ 16 -ամյա տղան այսօր հնարավորություն կունենա որոշ չափով ծանոթանալու Հայատսանին, այսինքն՝ իրականացնելու այն նպատակը, որի համար որոշել էր հատել հայ-թուրքական սահմանը:

Կալանավայրում, որտեղ երկու ամիս պահվել է տղան, թուրքերենի մասնագետ չկա. պաշտպանը ենթադրում է, որ նա հաղորդակցման հետ կապված խնդիրներ կունենար: Այս առնչությամբ, սակայն, նա պաշտպանին դժգոհություններ չի ներկայացրել: Խաչատյանն ասում է՝ տղան այս ընթացքում մի քանի հայերեն բառ է սովորել, մշտապես եղել է քրեակատարողական հիմնարկի ղեկավարության ուշադրության կենտրոնում, նրան այցելել են նաև Արդարադատության նախարարությունից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված