Կիրակի, 22 սեպտեմբերի

Այգիները չորանում են գյուղացիների չիմացության պատճառով



Նոյեմբերյանի տարածաշրջանի ֆերմերները չեն պահպանում այգիների մշակման տարրական կանոնները, որը հանգեցրել է դեղձենիների հարյուրավոր հեկտարների չորացման: Նման եզրակացություն է ստացվել ՍԱՊԾ «Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի եւ սննդամթերքի անվտանգության լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով:

Հիշեցնենք, որ հարյուրավոր հեկտարներով այգիներում դեղձենիների վարակ է սկսվել։ Այս տարվա օգոստոսին Գյուղատնտեսության նախարարության մասնագետները պարզել էին, որ դեղձենիներին վնաս տվողը կալիֆորնիական վահանակիրն է։ Սակայն մտահոգված լինելով աղետի մասշտաբներով՝ այգիներից նոր փորձանմուշներ էին վերցվել եւ ուղարկվել լաբորատորիա՝ կրկնակի եւ ավելի լայն փորձաքննության նպատակով։

Գյուղատնտեսության նախարարությունից «Հետք»-ին հայտնեցին, որ կրկնակի փորձաքննության արդյունքում, Լճկաձոր եւ Հաղթանակ գյուղերից ներկայացված դեղձենու նմուշներում հայտնաբերվել են մի շարք կարանտին եւ ոչ կարանտին վնասակար օրգանիզմներ:

Պարզվել է նաեւ, որ այգիներում չեն պահպանվել մշակման ագրոտեխնիկայի կանոնները, մասնավորապես՝ ոռոգումն իրականացվում է խորը բաժակների միջոցով, որի արդյունքում բաժակների հատվածում հողը գերխոնավացած է: Գերխոնավեցումը վնասել է ծառերի մազարմատները, իսկ բաժակային հատվածից դուրս ջուրի անհասանելի լինելու պատճառով, ծառերն արմատային համակարգ գրեթե չեն ձեւավորել: Արդյունքում ծառերն ունեն ոչ բավարար արմատային համակարգ, ընկել է բույսերի դիմացկունությունը հիվանդությունների եւ վնասատուների նկատմամբ, ստեղծվել են դրանց զարգացման համար նպաստավոր պայմաններ:

Կարանտին վնասատուներից հայտնաբերվել են կալիֆորնյան վահանակիրը եւ արեւելյան պտղակերը, իսկ ոչ կարանտիններից՝ կնճռոտ կեղեւակերի հասուն բզեզներ, այգու տզեր։ Հիվանդություններից հայտնաբերվել են՝ մոնիլիոզի, ցիտոսպորոզի, պտղափտման, ծակոտկեն բծավորության հարուցիչներ, արմատների վրա՝ արմատային նեկրոզներ:

Լաբորատորիայի կողմից հայտնաբերված բոլոր հիվանդություններն ու վնասատուները կարող են դառնալ բույսերի չորացման պատճառ: Նախարարության մասնագետները գյուղացիներին խորհուրդ են տվել ոռոգումն իրականացնել ակոսային եղանակով, կատարել միջշարային տարածությունների վար, իրականացնել ծառերի խորը էտ:

Նրանք նաեւ խորհուրդ են տվել վնասատուների դեմ պայքարի ճշգրիտ ժամկետները որոշելու համար օգտագործել ֆերոմոնային թակարդներ։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված