Երկուշաբթի, 10 դեկտեմբերի

Ձևական և իրական դեմոկրատիան Առաջին Հանրապետության փորձով



Այսպես կոչված ներկայացուցչական դեմոկրատիան Հայաստանում ներմուծովի, փոխառած և տեղական որևէ փորձից գրեթե չբխող կառավարման ձև է:

Հակառակը՝ ուղիղ ժողովրդավարությունը (գոնե դրա որոշ տարրեր) բխում է հայկական քաղաքական փորձից՝ հիշելով առնվազն Ղարաբաղյան շարժումը, նաև ընդհանրապես` երևանյան քաղաքական ավանդույթը, որի կարևոր մասը, եթե չասենք հիմքը, հանրահավաքային պայքարի մշակույթն է: Անկախ Հայաստանի գրեթե 30-ամյա պատմությունը կառուցված է հանրահավաքային պայքարի փուլերի շուրջ: Գուցե աշխարհի մի այլ վայրում հանրահավաքային պայքարն էկզոտիկա է կամ լուսանցքային դեր ունի քաղաքական գործընթացներում, սակայն Հայաստանում դա, կարելի է ասել, ազգային ավանդույթի կարևորագույն տարրերից է: Երբ ասում ենք ազգային, ապա, պետք է հասկանալ, որ ազգային ավանդույթը քարացած երևույթ չէ, ազգայինը միայն պապենական հացուպանիրը չէ, այլ այն ամենը, որ թեկուզ սկսվելով որպես նորույթ՝ փոխառվելով կամ տեղում ձևավորվելով` վերածվում է տվյալ ազգի կայուն ավանդույթի, իր շուրջ ձևավորում է որոշակի մշակույթ, դառնում է հանրության կյանքի ճանաչելի և անբաժանելի մասը, կերտում է իր շուրջ հանրային կյանքի սյուժեներ:

Բայց քանի որ հայ հանրությունը սովոր չէ կառուցել իր գիտակցությունը սեփական փորձից, այլ մեր գիտակցությունը մնում է իր էությամբ գաղութային, բնիկային, ապա մենք սովոր ենք մտածել, իմաստավորել, տեսաբանել ներմուծովի, չիմաստավորված, չյուրացված, չապրված ֆորմաներով, որով օրգանական խզում է ստեղծվում մեր գործերի և մեր մտքերի, մեր տեսությունների միջև:

Ներկայացուցչական դեմոկրատիա կոչվածի հետ ինքնին խնդիր չկա: Դա, ինչպես և կառավարման ցանկացած այլ ձև, արդյունավետ կարող է լինել որոշակի քաղաքական իրավիճակներում՝ որոշակի տեղում և ժամանակում: Խնդիր կա միայն երկու կետում՝ երբ ներկայացուցչական սկզբունքը ներկայացվում է որպես միակ հնարավոր ձև աշխարհի երեսին՝ բոլոր ժամանակների և տեղերի համար, և երբ բացի այդ այն ներկայացվում է որպես դեմոկրատիայի միակ հնարավոր տարբերակ: Ընդ որում, ի հակադրություն սրա, կառավարման ձևերի ողջ բազմազանությունը ներկայացվում է մեկ գույնով, մեկ կաղապարի մեջ՝ որպես «դեմոկրատիային» հակադիր անորոշ «ավտորիտարիզմ»:

Արիստոտելը` հայկական դեմոկրատիայի մասին

Այս տարի նշում ենք Առաջին Հանրապետության և հատկապես հայկական պառլամենտի 100-ամյակը, այսինքն՝ նաև ներկայացուցչական համակարգի 100-ամյակի մուտքը Հայաստան: Այդ տարիները լավ օրինակ են` հասկանալու համար, թե որքան անփառունակ կարող է լինել մի ներմուծովի, տվյալ երկրի ու տվյալ պայմանների համար միանգամայն արհեստական, իրավիճակին հակասող մի համակարգի պատմությունը: Շեշտենք՝ խնդիրը ոչ թե հենց ինքը համակարգն է, դրա էությունը, այլ դրա անարդյունավետությունը շատ որոշակի քաղաքական պայմաններում, հատկապես այնտեղ, որտեղ պետք է կերտել պետություն, և որտեղ մեծ՝ վճռականություն պահանջող, նպատակներ են դրված:

Սա, ի դեպ հին խնդիր է, որի շուրջ վեճն արևմտյան քաղաքակրթության մեջ սկսվում է դեռ Պլատոնից և Արիստոտելից: Պլատոնի իդեալական պետության մոդելին, Արիստոտելը հակադրում էր իր գիտական, փորձնական մոտեցումը՝ նա իր «Քաղաքականություն» աշխատանքի մեջ ոչ թե կառուցում է կատարյալ հասարակարգի կաղապար, այլ հետազոտում է իրեն հասու հասարակարգերը, կառավարման ձևերը պատմական նյութի վրա, և ցույց տալիս դրանց հարաբերականությունն ու անցումը մեկից մյուսը, դրանց համապատասխանությունը կոնկրետ պայմաններին, այլ ոչ թե վերացական իդեալին:

Ի՞նչն էր խնդիրը 1918-20 թթ.-ի Հայաստանում:

Չարժե երևի մանրամասն ներկայացնել այդ տարիներին Հայաստանի իրավիճակը: Քիչ թե շատ հայտնի է բոլորիս, որ դա մի պետություն էր, որն ուներ աշխարհի բոլոր հնարավոր խնդիրները՝ սկսած տնտեսական կոլապսից մինչև ներքին խռովություններ, ապստամբություններ և արտաքին պատերազմներ՝ հաճախ մեկից ավելի ճակատով:

Ինչպե՞ս էին փորձում կառավարել այդ երկիրը մեր քաղաքական ուժերը: Պառլամենտական հանրապետությամբ և կոալիցիոն կառավարություններով (մինչև 1920 թվի մայիս, երբ ստեղծվեց միակուսակցական կառավարություն): Այս «հին հայկական» դեմոկրատիայով շատ են սիրում հպարտանալ մինչև այսօր: Դժվար է պատկերացնել ավելի անհեթեթ ու դոգմատիկ հպարտություն: Ոչի՛նչ, որ ժողովուրդը սովից ու հիվանդությունից մեռնում էր, ոչի՛նչ, որ երկրի կեսը զբաղեցված էր այդ երկրի իշխանությունն ու երկրի գոյությունն իսկ չճանաչող թուրք (ադրբեջանցի) տարրով, ոչի՛նչ, որ հայաբնակ որոշ երկրամասեր՝ Լեռնային և Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանը և այլն, գրավված էին թշնամիների կողմից, կարևո՜րը, որ Հայաստանում օրինակելի ներկայացուցչական դեմոկրատիա էր, պառլամենտական համակարգ, կոալիցիոն կառավարություն, ազատ մամուլ....: Եվ կուսակցություններ՝ էսեռներ, մենշևիկներ, ժողովրդականներ, որոնք ոչ մեկին չէին ներկայացնում` բացի իրենք իրենցից կամ թիֆլիսաբնակ մտավորականության նեղ շրջանակներից, կամ էլ պարզապես արտաքին ուժերից, (մենշևիկները՝ Վրաստանի շահերը, էսեռները՝ ռուսական, ժողովրդականները՝ Սփյուռքի հայ մեծահարուստների), և որոնց ներկայացուցիչները պառլամենտում կամ ողբում էին ամեն ապստամբ թուրք գյուղի ճակատագիրը, եթե հայկական զորքը բավարար նրբանկատությամբ չէր վարվում դրանց հետ, կամ  կարևոր էլ չէին համարում Արևելյան Հայաստանի ամբողջացումը, հայացումը՝ ավելի էական համարելով Կիլիկիայի կամ Տրապիզոնի հարցերը:

Ժողովորդական շահն ու կուսակցական համակարգը

Պատկերացնենք մի պարզ իրավիճակ Առաջին Հանրապետության պատմությունից: 1919-ի սկիզբ: Թուրքական զորքերը նոր են հեռացել Շիրակից, Արարատյան դաշտից, Նախիջևանից, Ղարաբաղից....: Անտուն, սովահար, մարդկային անկման վերջին աստիճանին հասած, բառացիորեն ամեն օր, բոլորի աչքի առաջ՝ Երևանի փողոցներում կամ քաղաքից դուրս, մահանում են տասնյակ արևմտահայ փախստականներ: Ավելի լավ չէ արևելահայ գյուղացիների վիճակը՝ Շիրակի, Արարատյան դաշտի գյուղացիները, իրենք իսկ փախստական դարձած 1918-ի թուրքական արշավանքից հետո, վերադառնում են իրենց տներ, բայց այնտեղ ամեն բան ավերված է, պաշարները ոչնչացված են, թուրքերը համատարած թալանել և տարել են ամեն ինչ: Միաժամանակ բազմաթիվ թուրքական գյուղեր նույն Արարատյան դաշտում, Նախիջևանում, Ղարսում, այլուր, որոնք ըստ ձևի Հայաստանի Հանրապետության մասն են, բայց չեն ճանաչում ՀՀ իշխանությունը, ապստամբ վիճակում են, որոնք ղեկավարվում է այստեղ մնացած օսմանցի սպաների կողմից: Բնականաբար թուրքի գյուղերն ավերված չեն, համեմատաբար բարեկեցիկ վիճակում են, սովից չեն մեռնում:

Ի՞նչ է պահանջում ժողովրդական շահն այդպիսի վիճակում: Կոշտ, վճռական գործողություններ՝ բոլոր ապստամբ թուրք գյուղերը պետք է ճնշել, բնակչությանը տեղահանել, ավարը բաժանել թուրքական արշավանքից ու կոտորածից տուժած հայ գյուղացիությանը, և ազատված բնակավայրերում տեղավորել հայերին: Բայց ի՞նչ կարող է անել նման պայմաններոմ մի կոալիցիոն կառավարություն կամ պառլամենտարիզմ խաղացող պետություն: Այն թաղված է անվճռականության մեջ, անհրաժեշտ գործողությունները, եթե արվում էլ են տեղ-տեղ, ապա կիսատ-պռատ, հետուառաջ նայելով: Այնպես չէ, որ Հայաստանում այդ ժամանակ չկային մարդիկ, որոնք չէին գիտակցում նման քայլերի անհրաժեշտությունը և չէին կատարում դրանք: Բայց նրանք, նույնիսկ բարձր դիրքեր ունենալով, ստիպված էին գործել զգուշավոր, քողարկված, դանդաղորեն:

Ինչո՞ւ: Որովհետև կուսակցությունների բազմությունը, չնայած խոսում է ժողովրդի անունից, սակայն իրականում ներկայացնում է այլևայլ շահեր: Մեկի համար կարևոր է վրացիների կարծիքը, մյուսի համար՝ ռուսական դեմոկրատիայի, երրորդի՝ արևմտյան գործընկերների: Իսկ իշխող ուժը՝ Դաշնակցությունը, որը պետք է ներկայացներ Հայաստանի մեծամասնության՝ գյուղացիության շահերը, ի դեմս իր կառավարության` զբաղված է ոչ թե այդ շահերի վճռական գործադրումով, այլ դրսի և ներսի ուժերի սիրաշահելով, ու միայն կիսատ քայլեր անելով:

Այս և մյուս հնարավոր օրինակներով, որոնք այստեղ չենք կարող մանրամասնել, բայց որոնք բազմաթիվ են, պարզ երևում է, թե որքան արժե ներկայացուցչական և կուսակցական համակարգի ժողովրդավարությունը: Դա որևէ կապ չունի ժողովորդի՝ մեծամասնության շահերի հետ, այլ իր էությամբ գործ ունի միայն վերնախավային խմբերի, ինչպես նաև դրսի ուժերի, ընդհանրապես՝ ուժեղների, իշխող փոքրամասնությունների շահերի հետ: Դա ինքնին ոչ լավ է, ոչ վատ է: Այլ, հավասար պայմաններում դա հիմնականում օգտակար գործիք է, բայց ոչ այն ժամանակ, երբ ամբողջ սրությամբ դրված է մեծամասնության, իրապես ժողովրդական շահերի վճռականորեն պաշտպանելու խնդիրը, իրական, այլ ոչ թե անվանական դեմոկրատիայի խնդիրը:

Շնորհիվ նրա, որ երկու տարի՝ մինչև 1920-ի մայիս, Հայաստանի կառավարությունը խաղաց այս խաղը, ցայսօր ունենք անդառնալի կորուստներ: Այս համակարգի հետևանքն է մեր օրերի Ղարաբաղյան պատերազմը և հայ-ադրբեջանական հարաբերությունների այսօրվա վիճակը: Ցավոք, «ինտերնացիոնալիստներն» ի զորու չէին հասկանալ, որ իրենց «ինտերնացիոնալիզմի» շնորհիվ երկու ժողովուրդների հարաբերությունները ոչ թե բարելավվեցին, այլ թշնամացան արդեն տասնամյակների համար: Նույնն է Նախիջևանի հարցը և այլն: Բայց ոչ միայն տարածքների խնդիրն է (չնայած Հայաստանի դեպքում տարածքային խնդիրները ոչ թե քմահաճույքի, այլ կենսունակության հարց են): Համարձակվենք ասել, որ Հայաստանը նույնիսկ իր անկախությունը կարող էր պահպանել, եթե «պառլամենտարիզմ» խաղալու փոխարեն, վարեր վճռական, իրապես ժողովրդական, հեղափոխական քաղաքականություն:

Հեղափոխական դեմոկրատիա. վճռական գործողություններ

Բարեբախտաբար, նույն Առաջին Հանրապետության պատմությունը մեզ տալիս է և հակադիր՝ հեղափոխական դեմոկրատիայի օրինակներ: Ցավոք, դրանց հանդիպում ենք միայն Հանրապետության պատմության ամենասկզբում և ամենավերջում: Եթե նույն հեղափոխական դեմոկրատիզմը լիներ մեր քաղաքականությունը նաև Քաջազնունու և Խատիսյանի կառավարությունների օրոք, ապա, կարող էինք ունենալ շատ տարբեր արդյունք:

Հեղափոխական դեմոկրատիայի, իրական ժողովրդավարության լավ օրինակ է Սարդարապատի ճակատամարտը: Այսօր դա թվում է կամ ներկայացվում որպես անսպասելի պոռթկում, չգիտես` որտեղից հայտնված հրաշք, կամ էլ մինչ այդ՝ 1918-ի սկզբին անընդհատ միայն նահանջող ու երկու տարի անց էլ՝ 1920-ին, Կարսը հանձնող ռուսահայ զորավարների հանկարծակի ուշքի գալու արդյունքում ստրատեգիական հանճարեղ լուծում:

Իրականում Սարդարապատի հաղթանակն արդյունք է լայն ժողովրդական շարժման, որը ծավալվել էր Երևանում մոտավորապես մարտ-մայիս ամսիներին: Մինչ կուսակցությունները նստած էին Թիֆլիսում և «քաղաքականություն էին» անում, Երևանի ժողովուրդն ինքնակազմակերպվում էր: Երևանի Անգլիական այգին այն ժամանակվա Ազատության հրապարակն էր, ուր պարբերաբար գումարվող հանրահավաքներում ձևավորվում էր դիմադրության գաղափարը: Սա Երևանի պատմության մեջ առաջին հանրահավաքային շարժումն էր, որի միջոցով Երևանը ոչ թե ըստ ձևի, այլ փաստով դառնում էր Հայաստանի, հայության կենտրոն՝ փոխարինելով գաղութահայ կենտրոններին՝ Թիֆլիսին ու Պոլիսին: Հատկանշական է, Երևանի նոր՝ համահայկական, դերի համար, որ այս շարժման կորիզը Վանի 1915-ի ինքնապաշտպանության փորձն ունեցող վասպուրականցիներն էին: Դաշնակցության Վանի ԿԿ-ի «Աշխատանք» թերթը դիմադրության գաղափարի օրգանն էր: Ծավալվող հանրահավաքային շարժումն է, որ առաջնորդ է ընտրում Արամ Մանուկյանին, նրան դիկտատոր հռչակում:

Եթե չլիներ այս ժողովրդական շարժումը, և բանը մնար միայն Երևանի ազգային խորհրդին, ուր ներկայացված էին «քաղաքական ուժերը», դեռ մեծ հարց է, թե ո՛ր տեսակետը կհաղթեր՝ Երևանը թուրքերին առանց դիմադրության հանձնելու, ժողովորդի հետ դեպի լեռներ գաղթելու, թե՞ կռվելու (այս բոլոր տեսակետներն էլ քննարկվել են, իրական են): Ժողովրդական շարժումն` իր ընտրված դիկտատորով, հիմք, թիկունք, ոգի ու ի վերջո ստիպող ուժ դարձավ, որպեսզի հայ զորքը վերջապես նահանջելու փոխարեն կռվի և հաղթի, որ պատերազմի վերածվի, ժողովրդական պատերազմի, ժողովրդական դիմադրության: Սարդարապատն ուղիղ ժողովրդավարության, ժողովրդական կամքի, ժողովրդական շահի վճռական իրագործման օրինակ է: Ցավոք, պատերազմի ավարտից հետո, նույն հեղափոխական դեմոկրատիզմի փոխարեն, Թիֆլիսից ժամանած հայկական կառավարությունը որդեգրեց միանգամայն այլ քաղաքանություն, որի մասին արդեն գրել ենք:

Նույն 1918-ից մեկ այլ օրինակ է Թալինի բնակեցումը սասունցի փախստականներով: Թալինը մինչ այդ գերազանցապես թրքաբնակ-քրդաբնակ շրջան էր: 1918-ի գարնանը Ռուբեն Տեր-Մինասյանի ծրագրով այս շրջանը զինված ուժի միջոցով մաքրվեց թուրքերից և փոխարենը բնակեցվեց սասունցիներով և մշեցիներով: Չարենցի խմբապետ Շավարշը հենց այդ կռիվներին է մասնակցում համանուն հայտնի պոեմում: Շնորհիվ այս վճռական գործողության` փախստակաների այս խումբը, սովի ու հիվանդությունների ճարակ դառնալու փոխարեն, փողոցներում կամ չոլերում ունեցավ գոնե բնակատեղի, և հետագայում էլ կարևոր դեր կատարեց Հայաստանի անկախության պայքարում:

Նժդեհյան ժողովրդավարությունը

1920-ի մայիսյան ապստամբությունն արթնացրեց վերջապես Հայաստանի ղեկավարներին: Նույն Տեր-Մինասյանի փաստացի ղեկավարությամբ ստեղծվեց բացառապես Դաշնակցության Բյուրոյից կազմված կառավարություն, որը, ժողովրդական ուժերի՝ առաջին հերթին նույն սասունցիների օգնությամբ, ճնշելով մայիսյան ապստամբությունը, որը դավադրության մի մասն էր, ընդամենն անցավ վճռական գործողությունների: Բնականաբար այս Բյուրո կառավարությանը մեղադրել են և ցայսօր մեղադրում են, որ դա «ոչ դեմոկրատ» էր: Նման քննադատների համար դեմոկրատիան մի մեռյալ ձև է, այլ ոչ թե բովանդակություն: Որովհետև դեմոկրատիայի բովանդակությունն, իրական իմաստը ժողովրդի շահերը սպասարկելն է, ժողովրդի շահերին ծառայելը, այլ ոչ թե այս կամ այն թղթային պատկերացմանը համապատասխանելը:

Իրականում այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ Դաշնակցությունը հաստատել էր «դիկտատուրա», այլ այն, որ դա շատ ուշ էր արվել: Ինչպես և իր նախորդող շրջանների գործունեության դեպքում, Դաշնակցության իրական մեղքը ոչ թե հեղափոխականությունն է, այլ իրական հեղափոխականության պակասը: Եթե այն վճռական քաղաքականությունը` հանուն հայ ժողովորդի շահերի, որը վարեց Հայաստանի կառավարությունը 1920-ի մայիսից, վարվեր նախորդ երկու տարվա մեջ, մենք գուցե այսօր լրիվ այլ Հայաստան ունենայինք:

Ճիշտ է, կար մի փոփոխված հանգամանք: Այժմ՝ 1920-ին, Հայաստանն ուներ Անգլիայի աջակցությունը, որը հասկացել էր, որ տարածաշրջանի առավել կազմակերպված ուժը հայերն էին: Այժմ արդեն անգլիացիներն էին շտապում, որ հայկական բանակն ազատի Նախիջևանն էլ, Զանգեզուրն էլ, Ղարաբաղն էլ, ճնշի բոլոր ապստամբ թուրքական շրջանները, որոնք այդ ժամանակ դարձել էին նաև բոլշևիկյան ազդեցության որջեր: Այնպես որ այստեղ արդեն ունենք ոչ այնքան մաքուր հայկական ժողովրդա-հեղափոխական շարժում: Իհարկե դրսից դաշնակից ունենալը խնդիր չէ, բայց տվյալ դեպքում դաշնակիցը նաև թելադրող էր:

Ինչևէ, հանուն ժողովրդական շահերի անցնելով վճռական գործողությունների և հենվելով հատկապես արևմտահայ ջոկատների վրա, որոնք ունեին ժողովրդական պատերազմի և հեղափոխական պայքարի փորձ, 1920 թվի ամռան ընթացքում Հայաստանի կառավարությունը մեկը մյուսի հետևից ճնշեց թուրքական ապստամբության օջախները Հայաստանում: Ցավոք, ժամանակը կորցրած էր, և Նախիջևանն ու Ղարաբաղը նորից մնացին այս ծրագրից դուրս: Զուգահեռ` Նժդեհը սաստկացրեց ժողովրդական պատերազմը Զանգեզուրում ընդդեմ ռուսների և թուրքերի: Ի դեպ, Նժդեհի քաղաքականությունը Զանգեզուրում նույնպես հեղափոխական ժողովրդավարության կարևոր օրինակ է: Ոչ թե կուսակցություններով և պառլամենտով, այլ գյուղացիությունից կազմված բանակով, ժողովրդական առաջնորդը վճռականորեն իրացնում էր ժողովրդի շահերը:

Նախնական ամփոփում

Չենք շտապում այսօրվա համար եզրակացություններ անել այս նկարագրությունից: Ցանկացած բառացի և ուղղակի համեմատություն կաղում է: Բայց դա չի նշանակում, թե չունենք ոչինչ քաղելու այս պատմական նյութից: Հիմնականը, որը պետք է հասկանանք, նախևառաջ այն է, որ ամեն իրավիճակին և ամեն քաղաքական նպատակին համապատասխանում է իր գործիքը: Որ չկան ունիվերսալ, միակ և ճիշտ ձևաչափեր:

Որ ժողովրդի իշխանությունը կամ ժողովրդավարությունն այս կամ այն ձևը չէ ինքնին, այլ բովանդակությունն է՝ ժողովրդի, ազգի, մեծամասնության շահերի պաշտպանությունը և պահանջների իրացումը:

Որ ներկայացուցչական դեմոկրատիան, լինելով հրաշալի գործիք, միջվերնախավային կոմպրոմիսների, ժողովրդական վճռական նպատակների իրացման համար անպետք է: Որ ունենալով անվիճելի առավելություններ` այն միաժամանակ ունի կարևոր թերություններ, օրինակ, հեշտությամբ դառնում է օտար շահերի, օտար գերիշխանության սպասարկման գործիք, եթե չի փոխլրացվում և չի հավասարակշռվում այլ փիլիսոփայություն ունեցող քաղաքական համակարգերի, օրինակ, ուղիղ ժողովրդավարության կամ ավելի պարզ ասենք՝ ժողովրդականության («պոպուլիզմի») տարրերով:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Արթուր Բադալյան18:11 - 25 սեպտեմբերի, 2018
Շատ լավ եք մեկնաբանում, բայց մի կարևոր բան մոռացել եք՝․ Այսօր 2018 թիվն է, և Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը վերականգնել է 27 տարի առաջ․․․ Այդ ընթացքում մենք բավականին մեծ հաջողությունների ենք հասել։ Պետք չէ ամեն ինչ զրոյից սկսել։
2. Հ.Շ.21:25 - 25 սեպտեմբերի, 2018
Հ.Յ. Դաշնակցութիւնը երբեք ու բնաւ պէտք չէ որ մասնակցեր որեւէ ընտրութեան Հայաստանի մէջ, առաջին օրէն սկսեալ: Դաշնակցութիւնը պէտք չէ այդ աստիճան տեղաւորուէր նոյնիսկ, որեւէ քաղաքական ոլորտում, Հայաստանի մէջ: Պարապ տեղը ինքզինք փճացուց, ուղղակի այդ պատճառներով: Նա անշուշտ շատ սխալներ գործած է անցեալում, սակայն այս մէկը եղաւ իր ամենամեծ – ու վերջին, վերջնական – սխալը: --- Շնորհաւորութիւն ձեր բոլորին, կարգին հայաստանցիներ: --- Հսկայական Կայսրութիւնների չկարողացածը՝ հայոց կիսակերտ, ձեւական «պետութիւն» մը յաջողեցաւ: Պրավո:
3. Հ.Շ.21:27 - 25 սեպտեմբերի, 2018
Վերեւ պարզուած հիմնական հաստատումէն ետք - զորս կարծածնէդ շատ աւելի տարածուած է Սփիւռքի մէջ, եւ այդ ալ, նորէն ասեմ՝ Անկախացամն առաջին օրէն իսկ սկսեալ եւ անկէ ի վեր շարունակաբար -, այն ինչ կը վերաբերի, մասնայատուկ կերպով, վերջին ամիսների իրադարձութիւններին՝ բացի դաշնակցական կարգ մը կորիզային շարքայիններէն եւ նրա թունդ համակիրներէն, ժողովուրդին մէջ ոչ ոք կրնար բարեացակամ կերպով հասկնալ թէ ոնց կարող է նոյն կուսակցութեան նոյն խմբակը քսան տարի համագործակցիլ մի վարչակարգի հետ, յետոյ անմիջապէս՝ միանալ այդ վարչակարգը փողոցի հարկադրանքի տակ տապալող ուժին: Հետեւաբար, դաշնակները պէտք է որ ձեռնպահ մնային, ԱԺ-ում այժմու վարչապետի ձեւական - եւ օրինապէս արդէն անվաւեր - «ընտրութեան» քուէարկութեան, եւ ապա լուր ու մունջ քաշուէին քաղաքական լուսանցքի մէջ:
4. Հ.Շ.21:31 - 25 սեպտեմբերի, 2018
Հետաքրքրական է սակայն որ Պարոն Փաշինյանը դեռ այդքան խնայում է այս կուսակցութիւնը: Պատճառը շատ պարզ է՝ այդ համաշխարհային կազմակերպութեան հեղինակութիւնն ու ռեսուրսները, Սփիւռքի մէջ: Այսինքն, Վարչապետի վերաբերմունքը այս կուսակցութեան նկատմամբ, կը դասաւորուի երկրին համար դրամական արտաքին աջակցութիւն եւ ներդրումներ որսալու - մուրալու... - լեղապատառ ջանքերու ծիրին մէջ: Այդ ալ վայել չէ՝ հռետորութեան աստպետական թռիչքներով տեղ հասած «Յեղափոխականութեան»: Եթէ եղունգ ունիս, ապա գլուխդ քերէ, ինչպէս կ'ըսենք մենք, հեզ ախպարներս: ... Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված