Երկուշաբթի, 23 սեպտեմբերի

ՄԻՊ. առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված պաշտպանի հատուկ դիրքորոշում



Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ: Այս մասին հայտնում է պաշտպանի աշխատակազմը:

Հաղորդագրության համաձայն՝ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, ներառյալ՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերի կարգապահության ամրապնդման անհրաժեշտության հարցերին: Հաղորդվում է, որ այդ ուղղությամբ պաշտպանի կողմից արվել են կոնկրետ առաջարկություններ:

«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե նման դիրքորոշում ներկայացնելը կարևոր նշանակություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Պաշտպանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի հետ համատեղ աշխատանքն այս ոլորտում»,- գրված է պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

ՄԻՊ գրասենյակը հիշեցնում է, որ սեպտեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ: Պաշտպանը վերահաստատել է, որ ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակ է, և այդ գործում պաշտպանի մասնակցությունը կիրականացվի համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված