Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Բալկոնում Լիլիթ Մակունցն է


Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն է։

Լիլիթ Մակունցը՝ ինքն իր մասին (երրորդ տարածությունում)

Պիտի ինքդ քեզնից հեռանաս, որ կարողանաս խոսել քո մասին․․․Դժվար է։

Նա նույն մարդն է, ինչ եղել է մինչ նախարար դառնալը, այսինքն՝ ազնվությունը, որն ուներ մարդկանց հետ փոխհարաբերություններում, նույնն է մնացել, որովհետեւ անչափ կարեւորում է միջանձնային հարաբերությունը․․․ Շահը, վերապահումները չեն կարող այս հարաբերություններում դեր ունենալ։

Չի պատկերացնում կյանքն առանց աշխատանքի․ նույնիսկ հանգստանալու ընթացքում գտնում է մի բան, որն իրեն զբաղեցնելու է։ Կարող է կուտակվել, կուտակվել եւ մի օր բուռն կերպով արձագանքել կատարվածին, եւ այդպես զարմանք հարուցել, որովհետեւ մարդիկ իրեն հանգիստ գիտեն․․․ Եվ ինքն իսկապես հանգիստ է։

Բոլորովին ուրիշ կերպար է դառնում, երբ մայրն է դիմում իրեն․ հնարավոր է՝ մայրը զանգի, եւ ինքն արդեն մոռանա՝ որտեղ է, ինչով է զբաղված․․․

Երազանքներն իր համար անհասանելի չեն․ նա նվաճելու է մղված, չնայած որ շատերը գուցե սրան թերահավատորեն մոտենան, բայց ինքն իսկապես հավատացած է։ Չի ուզում կորցնել երազելու այդ ունակությունը։ Առանց հավատալու չի կարող․ հավատն իր համար շարժիչ ուժ է։

Երբ հեռանում է իրենից, սկսում է շատ հարցերի շուրջ մտածել, բայց երբեմն չի հասնում այն կետին, որ դրանք պատմվեն։

Ասացիք՝ կան բաներ, որոնք մտածում եք երրորդ տարածության այդ տիրույթում, բայց չեք պատմի։ Քաղաքակության մեջ լինելը, պաշտոն զբաղեցնելը ինքներդ ձեզնից հեռանալու պատճա՞ռ է։

Իհարկե ինչ-որ չափով հեռանում ես․ ինչ-որ իմաստով ավելի զգոն ես դառնում եւ չափում ես խոսքդ, ու ոչ թե այն պատճառով, որ այլ կերպ ես մտածում, այլ մտածում ես, որ ամեն բառդ կարող է մեկնաբանվել լրիվ ուրիշ կերպ։

Տեքստը, որ Դուք արտաբերում եք որպես նախարար, եւ տեքստը, որը կարտաբերեիք որպես քաղաքացի, ոչ պաշտոնական դիրքերից, ի՞նչ տարբերակում ունի։

Պիտի ասեմ, որ հիմնականում ինձ հաջողվել է շեշտադրումներն անել այնտեղ, որտեղ ես եմ ուզում։ Երբեմն, իհարկե, վրիպումներ լինում են, բայց դրանք հետո վերլուծում եմ, ուշադրությանս կենտրոնում եմ պահում։

Ամեն դեպքում, ցանկացած միտք կարելի է ձեւակերպել այնպես, որ մտածումդ եւ արտաբերածդ համատեղվեն․այսինքն ես հիմա պաշտոնական դիրքից էլ ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Պարզապես խոսքս այժմ քաղաքական շեշտադրումներ ունի։

Տեքստը կարեւորում եք փաստորեն․․․

Շատ, որովհետեւ այն գործիք է, ազդեցության միջոց, ցանկության արտահայտում, բանակցելու հմտություն։ Կոնկրետ քաղաքական տեքստին, եթե անդրադառնանք, այն գործչի համար հաճախ հաջողության գրավականն է դառնում կամ տապալման պատճառը։

Կարծում եմ՝ տեքստը կարող է «դավաճանել», քանի դեռ չես աշխատել իր վրա եւ չես հղկել։

Անդրադառնանք Ձեր եւ Հայաստանի հարաբերություններին։

Հայաստանն ինձ համար մարդիկ են․․․ Մի դեպք հիշեցի մանկությունիցս, որը, կարծում եմ, անմիջական կապ ունի այս հարցի հետ։

Չորրորդ դասարանում էի, երբ ծնողներս Հայաստանից տեղափոխվելու որոշում կայացրին․ պատրաստվում էինք մեկնել Ռուսաստան՝ անժամկետ։ Ինձ համար մեծ ողբերգություն էր այդ մեկնումը, եւ ինչ-որ իմաստով հավատացած էի, որ խոսակցությունները կավարտվեն, չնայած որ արդեն տոմսերը գնված էին, ճամպրուկները կապված էին։

Ամառ էր, տաք եղանակ․ մեկնելուն երկու օր էր մնացել, երբ առավոտ վաղ արթնացրի եղբորս ու ասացի՝ գործ ունենք անելու։ Երբ արդեն բակում էինք, բացեցի ձեռքիս տոպրակը ու ասացի, որ հող պիտի լցնենք։ Երբեւէ նման դրսեւորում չեմ ունեցել, եւ դժվար էլ այդ տարիքում հստակ գիտակցեի, թե հող տանելու պատճառը որն է, թե ինչի հետ է կոնկրետ ասոցացվում այդ ցանկությունը։ Եղբորս ասացի, որ կտանենք, ծաղիկ կտնկենք, հարցրեց՝ բա որ չաճի, ասացի՝ ուղղակի «կշնչենք» հողը․․․Այդպես տոպրակի մեջ խնամքով փաթեթավորած հողը պահեցի ճամպրուկում։

․․․ Մենք չմեկնեցինք, որովհետեւ թռիչքի նախորդ օրը Ռուսատանի դպրոցներից մեկում ահաբեկչություն եղավ։ Ցավում եմ, որ պատճառն այդքան ողբերգական էր, բայց ինձ համար այդ պահին միայն չմեկնելու բերկրանքն էր կարեւոր, որովհետեւ երեխա էի։

Ու հարցադրումները, որոնք դեռ երեխա ժամանակ ինձ անհանգստացնում էին, պտտվում էին հենց մարդկանց շուրջ, իմ ընկերների, հարազատների, որոնց ես չէի կարող տանել հետս։ Մինչեւ հիմա եղբորս հարցն է՝ բա որ ծաղիկ չաճի, ու իմ պատասխանը՝ ոչինչ, կշնչենք։

Ձեր նշանակումը շատերի համար անակնկալ էրայս պաշտոնին հավակնողների անուններ էին շրջանառվում, թեժ քննարկումներ կային։ Եվ հանկարծ մի անուն, որի մասին տեղեկություն չկա, ով ոլորտում մինչ այդ գործունեություն չի ծավալել եւ լայն իմաստով չի էլ երեւացել։ Եվ որպես նորանշանակ նախարար Ձեր պատասխանն այս հարցին «մշակույթը ես եմ» արտահայտությունն էր։

Երբ ստացա Մշակույթի նախարար լինելու առաջարկը, նույն հարցը ծագեց ինձ մոտ․ ինչու՞ ես: Շատ կարեւոր մի զրույց տեղի ունեցավ վարչապետի եւ իմ միջեւ, որից հետո նախարարություն մտա մեծ պատասխանատվությամբ՝ շատ լավ գիտակցելով, թե ինչ եմ ստանձնում... Ես, իհարկե, պատկերացնում էի կասկածները, վերապահումները, անհանգստությունները, որոնք ունեին մարդիկ, որովհետեւ իսկապես անսպասելի էր։ Հավատացե՛ք՝ առաջին օրերին իմ անհանգստությունն ավելի մեծ էր, քան այն մարդկանց, ովքեր չգիտեին՝ ով եմ ես, ինչու եմ նշանակվել այդ պաշտոնին։

Նորից եմ անում հարցադրումը, ինչ առաջին օրը․ ի՞նչ կապ ունեմ ես մշակույթի հետ․ շատ անմիջական, ինչպես մեզնից յուրաքանչյուրը։ Մեր դրսեւորած վարքագիծը, մտածելակերպը, խոսքը հենց մեր մշակույթն է, որի անմիջական կրողն ու տարածողն ենք եւ երկրի ներսում, եւ դրսում։ Թերեւս հենց սա էր արտահայտությանս հիմքում, եւ այդ առումով ոչինչ չի փոխվել։

Որպես մշակույթի կրող՝ յուրաքանչյուրս այն ներկայացնելու պատասխանատվություն ունենք՝ անձնական օրինակով։ Ունենք նաեւ այն պահելու եւ պահպանելու պատասխանատավություն, որովհետեւ տեխնոլոգիապես ամեն օր փոխվող մեր ժամանակը կարող է մեզ տրված այդ յուրահատկությունից զրկել։

Դադար

Այս կոնտեքստում ինձ համար եւս մի կարեւոր հարց կա, որին կուզեի անդրադառնալ․ կարծում եմ՝ մշակույթը միայն որոշ մարդկանց հետ ասոցացնելը մեզ սխալ տեղ է տանում։ Այո, մեզ առաջ են մղում գերազանցապես այն մարդիկ, ովքեր այսօր իսկապես մշակույթի առաջամարտիկներն են, բայց միայն իրենք չեն, որ կրում են «մշակութային» պատասխանատվությունը։

2012 թվականի Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի համամասնական ցուցակում Ձեր անունն էլ կար։ Այսինքն այնպես է, որ մեծ հաշվով քաղաքականությամբ ավելի վաղ եք հետաքրքրված եղել։

Երբ ձեւավորվեց նոր կառավարությունը, պաշտոններ ստանձնած նախարարների մեծ մասն առնվազն ծանոթ էր հանրությանը հենց բեմահարթակից, շարժման ընթացքից։ Հեղափոխության օրերին  Ձեր կողմից իրականացվող գործողությունները որո՞նք էին, Դուք ընդգրկվա՞ծ էիք «Իմ քայլը» նախաձեռնությունում։

Ես այդ ընթացքում աշխատում էի Խաղաղության կորպուսում (մարզերում)․աշխատանքս այնպիսին էր, որ մինչեւ կեսօր խիստ ռեժիմով էր, որից հետո կարող էի շարունակել աշխատել (թեկուզ քնի հաշվին), բայց ֆիզիկապես լինել այլ վայրում։ Այդպես, այո, ես մասնակիցն էի պրոցեսին, որին անմասն մնալ չէի կարող։

Դուք նշեցիք ՀԱԿ-ի ցուցակի մասին, բայց դեռ 2003 թվականից սկսած համարյա թե չի եղել այնպիսի շարժում, որի մասնակիցը չլինեմ (խոսքն, իհարկե, այն շարժումների ու ակցիաների մասին է, որոնք նույն արժեհամակարգի տիրույթում էին)։

Հեղափոխության սկզբնական փուլում ներկա էի որպես քաղաքացի, ով փողոց էր փակում, գործողություն էր կատարում, ինչպես մնացած բոլորը, բայց մի պահից սկսած ինձ վրա վերցրեցի պատասխանատվությունը աշխատելու միջազգային մեդիայի եւ կառույցների հետ։ Տարիների կուտակած փորձը եւ համագործակցային ցանցն ամբողջությամբ գործի դրեցի ինֆորմացիայի տարածման համար, քանի որ համոզում ունեի, որ դա կարեւոր է։

Սկսեցի աշխատել եւ եվրոպացի, եւ ամերիկացի գործընկերներիս հետ։ Ասածս թող չընկալվի այն կոնտեքստով, թե «մեծ եղբայրների» ուշադրությունը գրավելու խնդիր կար․․․ Ամենեւին։ Խնդիրն այն էր, որ Հայաստանում տեղի ունեցող նման կարեւոր գործընթացների մասին աշխարհը պիտի տեղեկացված լիներ, պիտի խոսեր։ Սա էր նպատակս, որի իրականացման համար հանձնարարականներ չեմ ստացել, որոշումս ինքնուրույն եմ կայացրել։

Իսկ հիմա՞, երբ Դուք եք հանձնարարում։

Ի՞նչ ի նկատի ունեք։

Ուզում եմ հասկանալ՝ երբ ոլորտն այդքան բազմաշերտ է, եւ ամեն շերտն ունի էլ ավելի բազմաշերտ, տարակարծիք ներկայացուցչական կառուցվածք, ի՞նչ տրամաբանությամբ  է տրվում հանձնարարականը, ի՞նչն է դառնում առաջնահերթ, ինչպե՞ս է ղեկավարվում պրոցեսը։

Նախարարությունում այս պահին ամեն բան խելահեղ տեմպի մեջ է։ Փորձում եմ գործընթացներին ամենայն մանրակրկիտ ձեւով մոտենալ, հարցադրումներս անընդհատ են՝ թե ինչու այս կամ այն հարցը առաջ չի գնում, ինչ փուլում ենք հիմա, ինչն է խանգարում եւ այլն, եւ այլն․․․ Այս առումով հանձնարարությունն ու հետեւողականությունը նույն գծի վրա են, որովհետեւ այդ տրամաբանությունը չպահպանելու դեպքում ժամանակի կորուստ կարող է լինել։

«Մշակութային հեղափոխություն» եղա՞վ, թե՞ ոչայս հարցադրումը տարբեր հարթակներում, տարբեր ձեւաչափերով քննարկվում է։  Ձեզ համար այս հարցը կոնկրե՞տ է, եւ, եթե այո, ի՞նչն է խնդրականացվում, ի՞նչ հիմքերով կարող ենք ասել, որ եղավ կամ չեղավ։

Հենց մշակույթն է հեղափոխության հիմքում․ մարդիկ, ովքեր ունեին խորը արժեքային հենքով մշակույթ, կարողացան իրականացնել այն, ինչ շատերին չի հաջողվում աշխարհում՝ «թավշյա» հեղափոխություն։ Հարցադրումն ընկալում եմ այս կոնտեքստով, եւ այդ առումով մի քիչ այլ ձեւակերպում կտայի հարցին․ կա՞ր այն մշակույթը, որի շնորհիվ հեղափոխությունը տեղի ունեցավ․․․ Այո, կար։

Մարդկանց փոխհարաբերությունները, համատեղ իրականացրած գործողությունները, նույն տեղում, տարբեր տեղերում նույն ձեւ մտածելու եւ արագ կողմնորոշվելու կարողությունը, համերաշխության, սիրո, միմյանց օգնելու դրսեւորումները մշակու՞յթ չէր․․․Իհարկե, մշակույթ էր։

Բալկոնում այս հարցը շատ է քննարկվել, եւ հիմնական մտահոգությունը այն է, որ այդ օրերին իսկապես տարբեր մշակութային արժեքներ կրող, տարբեր կարծիքներ եւ արժեհամակարգեր ներկայացնող քաղաքացիները միասնական գործողություն իրականացրին, հաղթանակ գրանցեցին, բայց հետո առնչությունները որակական փոփոխություն չկրեցին։  Այդ առումով ինչ-որ բան կիսատ չմնա՞ց։

Գիտեք՝ այդ օրերին քաղաքական մասնակցային պրոցես կար։ Ի՞նչ էր տեղի ունենում․ մարդիկ ստանձնում էին գործառույթ, հաջորդ օրը գործողություններ կատարում, հաղթանակ գրանցում եւ անցնում առաջ։

Յուրաքանչյուրիս մասնակցությունը որոշիչ էր՝ բառիս լայն եւ նեղ իմաստով, յուրաքանչյուրիս խոսքը, գործը իրավիճակ, մթնոլորտ փոխող էր։ Այն փոխհարաբերությունները, որոնք դրսեւորվեցին միասնական կերպով, կարելի է ասել՝ հենց մշակույթն էր․․․ Դրա շարունակությունն ապահովելու խնդիր, այո, հիմա ունենք։

Եվ Ձեր խոսքից եւ պաշտոնավարման ընթացքից երեւում է, որ Դուք մասնակցային քաղաքականության կողմնակիցն եք։ Բաց ձեւաչափով հանդիպումները գրողների, լուսանկարիչների, նկարիչների եւ ոլորտը ներկայացնող այլ արվեստագետների հետ Ձեր վարած քաղաքականության հիմնական մաս կարելի է համարել։

Չնայած որ նման գործելաոճը ինչ-որ առումով ապահովում է նախարարության աշխատանքային թափանցիկությունը եւ արտաքին էֆֆեկտիվություն հաղորդում աշխատանքի ծավալին, մյուս կողմից չի՞ բարդացնում խնդիրների լուծման գործընթացը։

Մասնակցությունը, իմ համոզմամբ, ենթադրում է նաեւ պատասխանատվություն։ Այս պահին նախարարության յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, խնդրի մոտեցում եւ լուծում հենց Ձեր նշած մասնակցայինի արդյունքն է նաեւ։ Այսինքն կոնկրետ ոլորտում կոնկրետ գործունեություն ծավալող մարդը դառնում է այդ ոլորտի խնդիրների քննարկման մասնակիցը եւ միաժամանակ խնդիրների լուծման գործընթացի մասնակիցը։

Երբ դիմացինից ես լուծում պահանջում, պատասխանատվության շեմը ընկնում է, երբ դու ինքդ լուծում ես առաջարկում, որովհետեւ այդ ոլորտը շատ լավ պատկերացնում ես, մոտեցումը լրիվ այլ է դառնում։

Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, հասկանում եմ, որ նման մասնակցային պրոցեսը բարդ է, որովհետեւ յուրաքանչյուրն ուզում է իր մտահոգությունը հայտնել, իր ներդրումն ունենալ, իր մոտեցումն ու տեսակետը առաջ մղել․․․Բայց պատկերացրեք, որ ավելի հեշտ է ունենալ այդ բոլոր շերտերի, կարծիքների ու բախումների մեծ արկղը, որը հետո բացվում է քո առաջ, թույլ է տալիս եզրակացնել, հասկանալ եւ լուծումներ առաջարկել։

Ձեր գիտական աշխատության մեջ այսպիսի մի հատված կա«Քաղաքական դիսկուրսում հաճախ պետությունը համարվում է գերագույն ճշմարտություն։ Այն, ինչ բխում է պետության շահերից, ճշմարիտ է եւ անքննելի»։ Հետո, շարունակելով եւ անդրադառնալով մեր իրականությանը, նշում եք, որ այս դիսկուրսը Հայաստանում տարածված չէ«մեզ մոտ ավելի կիրառական է այն դիտարկել հայրենիքի համատեքստում»։

Երբ Դուք դեռ պետական պաշտոն չէիք զբաղեցնում եւ հիմա, երբ ստանձնել եք նախարարի պարտավորությունները, ինչպե՞ս է առանձնանում «հայրենիք- ճշմարտություն» եւ «պետություն-ճշմարտություն» հասկացույթները։ Այսօր պետության շահերից բխող գործողություններն անքննելի եւ ճշմարիտ լինելու հավակնություն ունե՞ն։

Ցավոք, տարիներ շարունակ մենք, պետություն ասելով, հասկանում էինք իշխանություն․ պետություն բառն ասոցացվում էր իշխանության կամ իշխանության ներկայացուցչի հետ։ Սրան զուգահեռ ՀՀ քաղաքացին, սփյուռքում բնակվող մեր հայրենակիցը իր կապը Հայաստանի հետ չէր տեսնում պետություն-ճշմարտություն, պետություն-քաղաքացի պրիզմայով․․․ Հիմնական ընկալումը հայրենիքն էր։

Հասկանու՞մ եք՝ հայրենիքը մեր պատկերացումն է, որը մեզնից ոչ ոք խլել չի կարող, իսկ պետությունը կորցնել տեսականորեն հնարավոր է։ Հուսամ, երբ արդեն դոկտորականս գրելիս կլինեմ, ճշմարտության եւ կեղծիքի մասին դրույթները լրիվ այլ տիրույթում կլինեն, եւ ճշմարտություն-պետություն հասկացույթը հստակ ամրապնդված կլինի։

Համենայնդեպս, պաշտոնն ստանձնելուց հետո «պետություն-ճշմարտություն» կոնտեքստո՞վ եք ներկայանում։

Այո։

Դադար           

Տեսեք՝ կարող է լինել այնպիսի համագործակցություն, որը տնտեսական ներդրումների առումով շատ շահեկան է, բայց մշակութային ժառանգության պահպանման առումով՝ անընդունելի։ Հիմա ինչպե՞ս առաջնորդվել այս դեպքում, երբ համագործակցության լինելու եւ չլինելու հավանական պատճառները նույն կշիռն ունեն։ Հասկանում ես, որ ներդրումն անհրաժեշտ է, որովհետեւ, օրինակ, աշխատատեղեր կբացվեն, մյուս կողմից դու ունենալու ես աղճատված հուշարձան։

Մենք թիմով առաջնորդվում ենք հետեւյալ սկզբունքով․ ցանկացած ներդնող հարգանք պիտի դրսեւորի իմ մշակույթի նկատմամբ, որովհետեւ պետական շահը նախ արժեքային է եւ ոչ նյութական։ Այս տիրույթից ես դուրս գալ չեմ կարող։

Մշակութային գործչի հետ շփումն ինչպե՞ս է տեղի ունենում, առնչությունն ի՞նչ կոնկրետ առաջնահերթություններով է սահմանվում։ Խոսքը վերաբերում է այն գործչին, ում այդպիսի «անուն» եւ կշիռ է տվել հասարակությունը, պետությունը եւ/կամ սփյուռքը․․․

Չեմ կարող վստահաբար ասել, թե ինչպես եմ ընկալվում արվեստագետների, մշակութային գործիչների կողմից, բայց համոզված եմ՝ իրենք զգում են, որ ես անկեղծ եմ։ Այն, ինչ արձանագրվում է, անձնական շահ, վերապահում չի պարունակում․ասելիքս եւ անելիքս որոշակի տրամաբանական շղթայի մեջ է։ Ինձ համար սա չափազանց կարեւոր հանգամանք է։

Հասկանում եմ, որ այս ոլորտում հուզականը, էմոցիան ավելի շատ է, եւ դա բնական է, բայց իմ կողմից դրսեւորված պրագմատիզմը միայն ի նպաստ կարող է ծառայել։ Ես լսում եմ մարդկանց, վերլուծում եմ, հասկանում եմ պրոցեսը․ արդյունքում խնդիրների լուծման եմ հանգում, նախագծեր են առաջ գալիս եւ ի վերջո որոշում կայացնելու կամ չկայացնելու առիթ է ընձեռվում։

Ձեր գիտական աշխատանքի վերնագրում քաղաքական դիսկուրսի տեքստի ճշմարտացի կամ կեղծ լինելու հանգամանքը չակերտավորված է։ Հեղափոխությունից հետո այդ «ճշմարտությունն» ու «կեղծիքը» չակերտի կարիք ունի՞։ Առհասարակ հնարավո՞ր է՝ քաղաքական տեքստում չակերտը դուրս մղվի։

Աշխատությունս գրելու ողջ ընթացքում, համադրելով միջազգային փորձագետների վերլուծությունները, կարծիքներն ու տեսությունները, մի գծով առաջ էր գնում այն միտքը, որ քաղաքական գործչի խոսքը չակերտի կարիք ունի․․․

Չափազանց ուրախ եմ, որ նոր կառավարությունը կոտրում է այս կարծրատիպը, և անկեղծությունը մեր դիսկուրսի հիմնաքարերից մեկն է․․․ Իհարկե, կան բաներ, որոնք, պետական շահից ելնելով, քաղաքական նպատակահարմարությունից դրդված, չեն բարձրաձայնվում․․․ Էականն այն է, որ այսօր հնչում է ճշմարտությունը եւ այնքան պարզ ու բաց կերպով, որ շատ հաճախ շոկային կարող է դիտարկվել։

Մշակույթի նախարարությունում այդպիսի «շոկային» բացահայտումներ եղա՞ն, երբ սկսեցիք ծանոթանալ ներսին։

Երբ սկսեցի տիրապետել իրավիճակին, հասկացա, որ որեւէ կտրուկ քայլ անելու համար շտապել պետք չի, որովհետեւ ոլորտը նուրբ է, իսկ դու քայլում ես շեղբի վրայով․․․ Մի փոքր սխալ քայլ, եւ ավերածություններ կարող են լինել։ Հավասարակշիռ գործելը առաջին խնդիրն էր, որ դրեցի իմ առջև։

Շոկային շատ բաներ ի հայտ եկան, շատ իրողություններ ինձ ապշեցրին ու ցավեցրին, բայց դրանց մասին հիմա չեմ բարձրաձայնի։

Այդ դեպքում ճշմարտությունը նորից չակերտավոր է դառնում։ Մոտավորապես դառնում է այսպես «ես գիտեմ մի բան, որը դուք չգիտեք, բայց ես հենց իմ իմացածի վրա հիմնվելով է, որ կասեմ՝ ինչը փոփոխության կարիք ունի»։

Համաձայն չեմ, որովհետեւ ստեղծվում են այնպիսի հարթակներ, որոնք համատեղ աշխատելու, կառուցելու եւ խնդիրներ բարձրաձայնելու հնարավորություն են տալիս։ Դաշտը բոլորի համար է բաց։ Այսպիսի մարտավարությունը շատ բան հեշտացնում է։ Իհարկե, դժվար է բոլորին այդ դաշտ բերելու պրոցեսը, բայց կան գործիքներ (որոնք, ի դեպ, նախկինում էլ են եղել, բայց հաճախ չեն գործել), որոնց շնորհիվ հնարավոր է այս ամենն իրականացնել։

Մնում է չդավաճանել սկզբունքները եւ նվիրումով աշխատել․․․

Համակարգ եւ իշխանություն։

Իշխանություն բառն ինձ համար բացասական երանգ ունի, որովհետև այն ասոցացվում է իշխելու հետ, մինչդեռ իշխանությունը ժողովրդի կողմից ձեւավորված եւ ժողովրդին ծառայող ինստիտուտ է: Երբ խոսում եմ ներկայիս իշխանության ներկայացուցչի մասին, կոնկրետ պաշտոնի անվանումն եմ տալիս կամ օգտագործում եմ «կառավարություն» բառը։

Դիտարկում եմ ինձ որպես պետական կառավարման համակարգի մաս։

Եթե մի օր սկզբունքային խնդիր առաջանա, կարո՞ղ եք հրաժարվել պաշտոնից, կառավարության մաս այլեւս չլինել։

Այն արժեքները, որոնք կրում է ներկայիս  կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, կիսում եմ ամբողջովին։ Գուցե լինի մի փուլ, որ ես ինքս որոշեմ այլեւս չաշխատել, կամ գուցե իրավիճակ փոխվի․․․ Ամեն դեպքում պատասխանս կարճ է՝ կառչած չեմ պաշտոնից։

Այն, ինչ տեղ ունեցավ Հայաստանում, «հեղափոխությու՞ն» եք անվանում։

Այո, անվանում եմ, բայց նաեւ նշում, որ տեղի ունեցածը հեղափոխության առաջին փուլն էր։ Էլ ավելի եմ կարեւորում հեղափոխության հաջորդ փուլերը․․․ Այն պահին, երբ մտածեցինք՝ հեղափոխությունն ավարտված է, կիսատ գործերն այդպես էլ անավարտ կմնան։ Պիտի ամրագրենք հեղափոխությունը։

Նախկինում, որպես ընդդիմադիր եւ ակտիվ քաղաքացի, ունեի՞ք մտայնությունը, որ քանի դեռ չի սկսվել հեղափոխական գործընթաց, պիտի հետ չկանգնել։

Այո՛, իսկապես այո։ Շատ է հնչել կարծիքը, որ ոչինչ չի փոխվի, որ, մեկ է, ձեր արածը օգուտ չի տալու, անիմաստ է․․․Ապրիլին, երբ «Իմ քայլը» հասավ Երեւան, ներսս տակնուվրա եղավ, մտածեցի՝ ծերացանք, բայց նույն պահին էլ հասկացա, որ չեմ կարող ձեռքերս ծալած նստել եւ պիտի դուրս գամ, պայքարեմ, իմ քայլն անեմ։

Մտածում էի՝ գուցե այս անգամ էլ չհաջողենք, բայց, մեկ է, այս շարժումը եւս մեկ քայլով մոտեցնելու է հաղթանակին։ Միշտ եմ ունեցել վստահությունը, որ դանդաղ, բայց հասատատուն քալերով կարելի է հաջողություն գրանցել․․․Եվ այս վստահությունը վերաբերում է ինչպես քաղաքականությանը, այնպես էլ ցանկացած այլ ոլորտի․․․ Կաթիլի ուժին հավատում եմ։

Վերադառնալով խնդիրներին եւ առաջնահերթություններին` այսօր, երբ պաշտոնավարման հարյուր օրն ամփոփվել է, երբ խնդիրներն ինչ-որ իմաստով շոշափելի են դարձել, կոնկրետ որ ոլորտ(ներ)ն են առանձնանում խոցելիությամբ եւ բացթողումներով։

Իմ գնահատմամբ ամենախոցելին կինոոլորտն է․․․ Թե կառուցվածքային, թե բովանդակային, թե օրենսդրական կարգավորումների իմաստով այն բացթողումներ շատ ունի։ Այս պահին աշխատում ենք օրենքի նախագծի շուրջ․ կարծում եմ՝ խնդիրների մի մասը հենց այս օրենքի չլինելու պատճառով են առկախված մնացել։

Թատրոնին էլ նույնը չի՞ վերաբերում։

Վերաբերում է։ Թատրոնի մասին օրենք չի եղել․ մի անգամ եղել է նախագիծ, որն այդպես էլ չի ընդունվել։

Ճի՞շտ եմ հասկանում, որ խնդիրների առաջնահերթություն նախարարությունն այս պահին չի սահմանում, այլ փորձում է ցանկացած ոլորտում մասնակցային քաղաքականության ձեւաչափով ընդհանուր պատկեր կազմել խնդիրների, առաջարկությունների եւ լուծումների վերաբերյալ։

Խնդիրների առաջնահերթություններ սահմանել ենք, որոնք ներկայացվել են առաջին 100 օրվա գործունեության հաշվետվության մեջ: Մի քանի համաժամանկյա խնդիր նույնպես առաջադրել ենք։ Օրենսդրական դաշտի կարգավորումը շատ հարցեր է լուծելու, ապահովելու է ճիշտ իրավահարաբերությունները, սրան զուգահեռ՝ նույն գծի վրա, այլ կարեւոր խնդիրներ կան, որոնք արագ լուծումներ են պահանջում։ Այս առումով կատակով ասում եմ, որ Արտակարգ իրավիճակների նախարարություն ենք հիշեցնում, քանի որ օրվա ընթացքում առնվազն մեկ-երկու հրատապ խնդիր է առաջ գալիս։

Հաջորդ շեշտադրումը դնում ենք, այսպես ասած, նախագծային եւ գաղափարային սկզբունքի վրա․ եթե նախկինում առաջնային պլանում անձն էր՝ իր կերպարով եւ վաստակով (որը նույնպես խիստ արժեւորում ենք), հիմա առաջին պլանում գաղափարն ու կոնցեպուտալ մոտեցումն է։

Կարեւորում ենք նաեւ մշակույթ-կրթություն անջրպետի վերացումը, որը մեր քաղաքականության առանցքում է։ Արդեն իսկ մեր եւ Կրթության եւ գիտության նախարարության կողմից տրվել է համատեղ իրականացվելիք «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։ Ծրագրի նպատակը «մշակութային կրթություն» բաղադրիչի բացի լրացումն է։

Իշխանություն բառից խուսափեցիք, ասացիք, որ բացասական երանգ ունի եւ չեք կիրառում, բայց ի վերջո ոլորտի կարեւորագույն որոշումներ կայացնելու կամ չկայացնելու պատասխանատվությունը եւ ստորագրված փաստաթուղթը Ձեր կողմից է։ Որոշում կայացնելու այդ պրոցեսը ինչ-որ առումով հենց իշխանության դրսեւորում չէ՞։

Պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է:

Առհասարակ կարծում եմ՝ պատասխանատվությունը մեծ է, երբ դու դառնում ես պետության բոլոր մշակութային օջախների, բոլոր միավորների պատասխանատուն․․․ Երբ քո մի անզգույշ քայլը կարող է շատ տխուր հետեւանքներ ունենալ։ Երբ գրաֆիկը չափազանց խիտ է, երբ խնդիրները շատ են, հանրային ճնշում կա, ինքդ քո նկատմամբ ճնշում կա, քաղաքական թիմիդ առաջ պատասխանատվության զգացում կա ի վերջո․․․

Լավագույն հաճոյախոսությունը, որ լսել եմ վերջերս, այս էր՝ դու չես փոխվել։ Պաշտոնը չի կարող հեռացնել ինձ իմ ինքնությունից, համոզված եմ։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (7)
1. Tigran Martirosyan21:58 - 22 սեպտեմբերի, 2018
1. Մամա… 2. Հող… 3. Կաթիլ… Հ.Գ. Բա Կատուն ուր է…
2. Սամվել Հովասափյան18:43 - 24 սեպտեմբերի, 2018
Հարգելի Տիկին Մակունց, Հարգելի Տիկին Քոչարյան, Վերջին շաբաթներին հաճախակի լսելով, լրատվության միջոցներով հեռարձակված լուրերը և զրույցները, կամ կարդալով հայկական կայքէջերը, ինձ միշտ էլ խանգարել է օտար բառերի չափից ավելի անհարգի գործածումը: Երեկ լսեցի նույնիսկ քաղաքական Landschaft ( այստեղ՝ դաշտ) բառը: Դա արդեն շատ էր: Գաղտնիք չէ և ասեմ, որ մեզ՝ մշտապես ձուլման սպառնալիքի պայմաններում ապրող՝ սփյուռքահայերիս, շատ է խանգարում վերջին տարիներին նման անփույթ (թող ինձ թույլ տրվի դա ասել) վերաբերմունքը հայոց լեզվի նկատմամբ և այո, պատրաստվում էի, իմ բողոք-նամակը ուղարկել որտեղ որ հարկն է: Սակայն ի՞նչ, Հետքի կայքէջ եմ մտնում և կարդում եմ Ձեր այս զրույցը ու ապշում օտար բառերի այդքան առատության պատճառով, որոնք խորթ են հայոց լեզվի հնչյունաբանությանը և անհասկանալի են հայ հասարակ ընթերցողի, նույնիսկ սփյուռքահայերի համար, ովքեր բնակվում են Իրանում, կամ արաբական երկրներում և ծանոթ չեն անգլերենին, կամ գերմաներենին: Հենց Ձեր այս զրույցում ես հաշվեցի մոտ 15 նման բառեր: Եվ ես վրդովվում եմ (կներեք իմ նման արտահայտության համար), որովհետև այստեղ գրավոր զրուցում են հայ լրագրողը և մշակույթի նախարարը: Ովքեր ի-պաշտոնե կոչված են անարատ պահել, նույնիսկ սրբագրել հայոց լեզուն, նման շեղումներից, սայթակումներից:
3. Անուշ Քոչարյան00:11 - 26 սեպտեմբերի, 2018
Հարգելի Սամվել Հովասափյան, շնորհակալություն դիտարկման համար, բայց, կարծում եմ, 2904 բառ պարունակող նյութում 15 օտարաբանությունը կամ եզրույթը այնքան մեծ քանակ չէ, որ նման կերպ խնդրականացվի: Հակառակն էլ փորձեք ի նկատի ունենալ․ հայերենում կան նորաբանություններ, որոնք այնքան արհեստական բառակազմության են ենթարկվել, որ դժվարամարս են դառնում ընթերցողի համար, երբեմն անհասկանալի, խորթ, ցավոք։ հ․գ․ ես 15 օտարաբանություն, ի դեպ, չեմ ֆիքսել
4. Հ.Շ.00:10 - 27 սեպտեմբերի, 2018
"ֆիքսել"! lol...
5. Սամվել Հովասափյան15:10 - 28 սեպտեմբերի, 2018
Հարգելի Անուշ Քոչարյան, Ձեր փաստարկը ավելի քան ապշեցուցիչ է, իմ կարծիքով այդ զրույցում, չմոռանանք՝ լրագրողի և նախարարի միջև, մի օտար բառն էլ ավելորդ է և չի արդարացնում, մանավանդ որ այն սահուն կարդալ չի լինում: Բացի այդ, օտար մեծամաս բառերի հայերենը կա և ավելի լավը: Ինչո՞ւ էմոցիա, եթէ ունենք հայերեն բառը՝ հուզական, որը ավելի լավ է բացատրում պահը, նույնը՝ էֆֆեկտիվ, որը մի քանի բացատրություն ունի, նույնը ակցիա, մեդիա, ինֆորմացիա, կոնկրետ, թիմ և այլն: Ի միջիայլոց դա սովորություն է, որ գալիս է Սովետական ժամանակաշրջանից, երբ առօրյաում գործածվող շատ բառեր ռուսերեն էին, թվեմ՝ պրիվետ, սարոչկա, նասկի, սամալյոտ, վերտալյոդ, պոեզդ և այլն: Սա նշանակում է անխնամ և անտարբեր վերաբերմունք հայոց լեզվի նկատմամբ, որը արդարացուցիչ չէ: Ասեմ, որ ես լեզվաբան չեմ, այլ միայն ընթերցող, բայց հույսով եմ, որ դուք ինձ կհասկանաք և կբաժանեք իմ մտահոգությունը:
6. Անուշ Քոչարյան01:27 - 30 սեպտեմբերի, 2018
Հարգելի Սամվել Հովասափյան, չեմ բաժանում, բայց կիսում եմ Ձեր մտահոգությունը։ Ամեն դեպքում այն ինչ գրել էի մեկնաբանության տեսքով, այնպես չէ, որ արդանալու միտում էր հետապնդում․․․ Բայցեւայնպես, եթե կան բառեր, որոնք բնորոշ են հարցազրույց տվողին, զրուցակցին, երբեմն փոխելը, գրական դարձնելը եւ հաճախ էլ թարգմանելը հեռացնում են միջավայրից, զրուցակցից, տրամադրությունից եւ մթնոլորտից։ Փորձում եմ պահպանել այն լեզուն, որը բնորոշ է տվյալ մարդու հետ ունեցած զրույցի ընթացքին՝ պահպանելով նաեւ գրական ենթաշերտը։ Հ․Գ․ ոչ մի ապշեցնող բան չկար իմ մենկաբանությունում, ի դեպ։ Շնորհակալ եմ նաեւ Ձեր մեկնբանաությունների, մտահոգությունը կիսելու համար։
7. Սամվել Հովասափյան21:06 - 1 հոկտեմբերի, 2018
Հարգելի Անուշ Քոչարյան, Ես չեմ կարողանում հասկանալ Ձեր պատճառաբանությունը: Ինձ համար նման օտար խորթ բառերի գործածումը հիշեցնում է ասֆալտապատ ճանապարհի, որտեղ բազմաթիվ փոսեր կան, որոնց պատճառով մեքենան սահուն վարել չի լինում, անընդհատ պետք է արգելակել, կամ ղեկի միջոցով այն մի այլ կողմ թեքել: Ինչ որ է, ես ուշի-ուշով հետևելու եմ Ձեր գրվածքներին և հարկ եղած դեպքում կարձագանքեմ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։