Երեքշաբթի, 17 սեպտեմբերի

Դատավոր Լիզա Գրիգորյանն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը ևս դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու վերաբերյալ քաղաքացիական մասնագիտացման մասով:

Դրանից առաջ ԲԴԽ-ի դեմ հայցադիմում են ներկայացրել նաև երկու այլ դատավորներ: Տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի և հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, դիմել էին վարչական դատարան:

Դատավորները պահանջում են վերացնել (անվավեր ճանաչել) Բարձրագույն դատական խորհուրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018թ. օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018թ. որոշումը, որպես հետևանք «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» հանրապետության նախագահի 2018թ. օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագիրը:

Օգոստոսի 6-ին կայացել էր Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը: Խորհրդում տեղի է ունեցել հանդիպում ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանի, Էդգար Սեդրակյանի և վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Արծրուն Միրզոյանի հետ: Գաղտնի քվեարկության արդյունքում Խորհրդի կողմից բավարար ձայներ են ստացել Արգիշտի Ղազարյանը, Արծրուն Միրզոյանը և Էդգար Սեդրակյանը: Դատավոր Լիզա Գրիգորյանը դուրս է մնացել ցուցակից:

Դատավոր Լիզա Գրիգորյանին չի գոհացրել դատավոր նշանակելու գործընթացը: Նա պահանջում է ԲԴԽ 06.07.2018թ. թիվ ԲԴԽ-22-Ո-44 որոշումը վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու վերաբերյալ քաղաքացիական մասնագիտացման մասով, ինչպես նաև ԲԴԽ 19.07.2018թ. թիվ ԲԴԽ-28-Ո-64 որոշումը վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը քաղաքացիական մասնագիտացման մասով հաստատելու մասին վերացնել: Վերացման պահանջ է ներկայացրել նաև ԲԴԽ 06.07.2018թ. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա ցուցակում ընդգրկվելու համար դիմումներ ներկայացրած անձանցից ոչ ոքի չընդգրկելու, ԲԴԽ 06.08.2018թ. թիվ ԲԴԽ-31-Ո-77 որոշումը Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու, հաստատելու և առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ որոշումների մասով:

Այս գործով առաջին նիստը նշանակվել է նոյեմբերի 13-ին: Նիստը նախագահելու է վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված