Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Քաղաքագետ. «Նոր իշխանությունները տրամադրված են ավելի կոշտ պատժել Ադրբեջանին»



Հարցազրույց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ

-Պարոն Սարգսյան, հատկապես վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է դիտվում, հակառակորդը գնդակոծում է հայկական բնակավայրերը: Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը նման սադրանքներով, եթե հաշվի առնենք, որ դրանք սկսվեցին հարևան երկրում լայնամասշտաբ զորավարժությունների ֆոնին:

-Ձեր հարցը ճիշտ է տրված. որպեսզի այդ զորավարժություններին լրջություն հաղորդեն: Դրանք իրար փոխկապակցված են: Եթե հիշում եք, վերջին զինավարժություններից հետո Ադրբեջանը հայտնվեց խավարի մեջ՝ էլեկտրակայանի հետ կապված, զորքերը հետ քաշեցին և ընդհանրապես շատ զգույշ էին անգամ արտահայտություններում: Միջազգային ինչ-որ շարժ, ակտիվություն եղավ, Ռուսաստան-Թուրքիա համաձայնեցումներ, և Ադրբեջանը, բնականաբար, որոշելով, որ վիճակ է փոխվում, կարելի է անցնել սադրանքներին, նորից կազմակերպեց զինավարժություններ:

-Դա կարո՞ղ է հանգեցնել լայնամասշտաբ գործողությունների:

-Լայնամասշտաբի խնդիր չէ, ուղղակի նորից իրենց մոտեցումն է, ինչպես իրենք են ասում՝ ռազմական դիվանագիտություն, ամեն կերպ ցույց տան իրենց բանակը: Հռետորաբանությունը դեռ այն չէ, ինչ անցյալ ամիսներին էր՝ տարեսկզբին ու գարնանը, մի քիչ ավելի զգուշավոր են, բայց կրկին վերականգնվում են:

-Որպես առաջին հարցի շարունակություն. ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանին լարվածության ստեղծումից հետո այդ կառույցը, ինչպես նախկինում, որևէ հայտարարությամբ հանդես չեկավ, ինչը կրկին քննարկման առարկա դարձավ հայաստանյան մեդիադաշտում և հասարակության լայն շերտերում: Այսօր ԱԳ նախարար Մնացականյանի պատասխանն էլ դրա վերաբերյալ կարելի է խուսափողական անվանել: Ինչո՞ւ սայլը տեղից չի շարժվում, և ՀԱՊԿ-ն շարունակում է շատերի բնորոշմամբ մեռելածին կառույց մնալ:

-Դա մեռելածին եղել է, հանրությունը գնալով ավելի լավ է հասկանում դա, ուղղակի ինչ-որ սպասումներ կային, մարդկանց թվում էր, թե այդ կառույցը կարող է ակտիվ լինել, իր գործառույթները կատարի, հիմա բոլորը փայլուն հասկացել են, որ նման բան չկա, ՀԱՊԿ-ի գործառույթն ուրիշ է: ՀԱՊԿ-ն Ռուսաստանի հարաբերություններն է ստեղծում այդ երկրների հետ, և երբևէ պիտի հույս չունենալ, թե այն կարող է միջամտել, որևէ բան անել: Այսօր էլ իրենց բարձրաստիճան զինվորականներից մեկը՝ գեներալ էր, հայտարարեց, թե Հայաստանը մեզ չի դիմել, և ընդհանրապես դա Հայաստանի և Ադրբեջանի գործն է: Այստեղ որևէ նորություն չկա և չի էլ լինելու:

-Սեպտեմբերի 12-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահն ասել է, թե «Հայաստանի վարչապետն իր հակասական հայտարարություններով անընդհատ փորձում է ձախողել բանակցությունները», ապա հայտարարել, որ այդ դեպքում «ողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»: Ի՞նչ է ստացվում, որ Ադրբեջանն ակնկալիքնե՞ր ուներ Հայաստանի նոր իշխանություններից:

-Մի պահ ոգևորված էր՝ ապրիլից, մտածում էր, թե կարող է վիճակ փոխվել, և որ իրենք կարող են ինչ-որ դերակատարություն ունենալ, որ Ռուսաստանը կարող է օգտագործել Ադրբեջանին Հայաստանի դեմ և այլն, մի քանի ամիս անց տեսան, որ ոչ, տարածաշրջանում վիճակը, միջազգային հարաբերություններն ուրիշ ուղղությամբ են զարգանում: Իրենք էլ շատ մտահոգված են, որովհետև զգացել են, որ Հայաստանի նոր իշխանությունները տրամադրված են ավելի կոշտ պատժել Ադրբեջանին, ու փորձում են միջազգային հարաբերություններից ինչ-որ աջակցություն ստանալ՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Ադրբեջանում, բնական է, շատ են մտահոգված Հայաստանի փոփոխություններով. իրենց ռեժիմն էլ կարող է հայտնվել նույն վիճակում, դրա համար նման հայտարարություններ են անում:

-Դեռ ամռանը Ալիևը հայտարարել էր, թե հուսով է, որ «Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները, կիրականացվի լուրջ աշխատանք՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար» և ապա ավելացրել, որ «կտրվի գործընթացի ոչ թե պատրանքային, այլ իրական մեկնարկը»: Ձեր կարծիքով՝ ի՞նչ «սխալների» մասին է խոսքը:

-Ադրբեջանը 25 տարի նույն դիրքորոշումն է ունեցել՝ ձեր զորքերը տարեք, տարածքները բոլորը մերն են, ու վերջ: Հիմա ինչ խոսվում է, այդ համատեքստում է ասվում: Ըստ իրենց՝ նախկին իշխանությունների սխալներն են եղել, որ Ղարաբաղը չեն տվել: Դեմագոգիա է: Այն պահանջները, որոնք Ադրբեջանն է դնում, ընդհանրապես ոչ ոք չի ընդունում, մի երկիր կա, որ միանշանակ պաշտպանում է իրենց դիրքորոշումը՝ Թուրքիան է, աշխարհում որևէ մեկը չի պաշտպանում իրենց դիրքորոշումը: Այսինքն՝ դեմագոգիայով խոսում են իրենց իրավունքների մասին:

-Այսինքն՝ որևէ բան չի փոխվել այս ընթացքում:

-Ոչ մի բան էլ չի փոխվել, և Ադրբեջանը երբեք էլ չի փոխվել: Անընդհատ ասում էին, չէ՞, մայիսից, հունիսից, թե սպասում են միջազգային համապատասխան իրավիճակին, թե պատրաստ են լայնածավալ պատերազմի, այսինքն՝ աշխարհից օգնություն են խնդրում:

-Իսկ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալը իրավիճակ կփոխի՞:

-Իհարկե, դա նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է կողմը: Փաշինյանը շատ պարզ, բոլորի համար հասկանալի պահանջ է դրել՝ Հայաստանի ժողովրդի անունից բանակցելու է միայն այն խնդիրների շուրջ, որոնք վերաբերում են Հայաստանին, իսկ Արցախի խնդրով բանակցելու են Արցախի իշխանությունները: Դրա համար էլ Ադրբեջանը հայտնվել է բարդ վիճակում: Ի՞նչ անեն. չեն կարող ընդունել այդ պայմանը, իսկ եթե չեն կարող, բանակցություններ չկան:

-Իրատեսական համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը կըդնունի այդ պահանջը:

-Ադրբեջանը երբեք էլ չի ընդունի ոչ մի բան, նա կորցրել է Ղարաբաղը և հիմա միայն ու միայն թմբկահարում է իր իրավունքների մասին: Ինչպես մեր հանրապետականները, երբ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն են կարողացել ունենալ, հիմա թմբկահարում են, թե մենք մանդատներ ունենք, բայց իրականում իրենք ժողովրդի մանդատ չունեն և շատ լավ հասկանում են դա: Նույնն էլ այս պարագայում է՝ աշխարհը ռեալ չի ճանաչում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում դե ֆակտո, դե յուրե: Ադրբեջանը պատերազմ է սկսել և պարտվել, որից հետո դե ֆակտո որևէ մեկը չի ճանաչում Ադրբեջանի նախկին սահմանները: Միջազգային հանրությունը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Դա ֆունդամենտալ հարց է, անցյալ տարի Թուրքիան էլ ստիպված եղավ պաշտպանել Մինսկի խմբի դիրքորոշումը: Այդ դիրքորոշման մեջ էլ պարզ ու հստակ է՝ Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը ճանաչված է:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. - Emptiness -06:50 - 22 սեպտեմբերի, 2018
:-) !!! Դիտմամբ ե՞ք կայքի " ՀԵՏՔ " տառերը նման կերպ պատրաստել , թե՞ ... մեկ դուրս ընկած են երևում , մեկ ներս մտած ... !!! (-:
2. Գևորգ12:58 - 22 սեպտեմբերի, 2018
1. Իսկ մենք դիմե՞լ ենք ՀԱՊԿ, որ իրենք արձագանքեն: 2. Մինսկի խմվում կա ինքնորոշման իրավունքի դրույթը, բայց միջազգային հանրությունը Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչում: Անգամ Հայաստանը (ԼՏՊ-ի ժամանակներից):
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված