ՈՒրբաթ, 19 հուլիսի

ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում սերմացուների փչացման և պակասորդների առթիվ քրեական գործ է հարուցվել



Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, Հայաստանում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում` գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612 779 084 դրամ` 1710 տոննա առաջին վերարտադրության սերմացուներ ձեռք բերելու նպատակով:

Նույն որոշման համաձայն` Հայաստանի մարզերի համար նախատեսված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված սերմացուների հետագա պահպանության և դրանց իրացման աշխատանքների պատասխանատվությունը ևս վերապահվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին՝ 2018 թվականի գարնանը հողօգտագործողներին հատկացնելու նպատակով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել վերը նշված ծրագրով ձեռք բերված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված սերմացուների հետագա պահպանությունը: Մասնավորապես, ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերված, սակայն 2017-2018 թվականներին չիրացված սերմացուների խմբաքանակը՝ ընդհանուր շուրջ 736 տոննա, պահեստավորվել է վարձակալված, ոչ մասնագիտացված պահեստներում, որոնք հարմարեցված չեն եղել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի երկարատև պահպանության համար, չեն ունեցել խոնավության, ջերմության կարգավորման հնարավորություն, ապահովված չեն եղել շրջակա միջավայրի հետ հնարավոր շփումներից: Դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված ընդհանուր շուրջ 66 782 900 դրամի 229 տոննա սերմացուների խմբաքանակները կորցրել են ցանքային որակը, վարակվել են ամբարային վնասատուով և դարձել են հետագա օգտագործման համար ոչ պիտանի:

Բացի այդ, պահեստներում կատարված գույքագրման արդյունքներով արձանագրվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 656 000 դրամի` 30,4 տոննա գարու, ցորենի և առվույտի սերմացուների պակասորդներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե:

Միաժամանակ նմանատիպ խախտումները հետագայում բացառելու, դրանց պատճառների և պայմանների վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով միջնորդագիր է ներկայացվել գյուղատնտեսության նախարարություն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված